կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 14:58
Իրավական

Վախենամ՝ իրական մեղավորներին բացահայտելու ցանկություն չկա. փաստաբանը՝ Մատաղիսի գործի մասին

Վախենամ՝ իրական մեղավորներին բացահայտելու ցանկություն չկա. փաստաբանը՝ Մատաղիսի գործի մասին

Եվրոպական դատարանի կողմից Մատաղիսի գործով կայացված վճռով տրամադրվելիք հատուցումները չեն վերաբերում այն տարիներին, որոնց ընթացքում երեք երիտասարդներն անազատության մեջ են գտնվել: Այդ հարցին անգամ դեռևս անդրադարձ էլ չի եղել, այն դեռևս ներպետական ատյաններում պետք է քննարկման առարկա դառնա. այսօր լրագրողներին հայտնեց Մատաղիսի գործով արդարացված երեք երիտասարդների փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է նրանց գանգատի քննության արդյունքում կայացված վճիռը, որով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 20 հազար եվրո փոխհատուցել Արայիկ Զալյանին, 15 հազարական եվրո՝ Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:

Փաստաբանի խոսքով՝ Եվրոպական դատարանը պետությանը պարտավորեցրել է 50 հազար եվրոյի չափով փոխհատուցում տրամադրել նախ այն բանի համար, որ երիտասարդների և նրանց պաշտպանների կողմից հաղորդում է եղել նրանց նկատմամբ խոշտանգումների կիրառման վերաբերյալ, սակայն պետությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել այդ հաղորդումները քննելու համար: Նա նաև նշեց, որ բռնությունների վերաբերյալ էլ ապացույցներ չեն եղել, քանի որ այդ ուղղությամբ քննություն չի տարվել:

Ալումյանի խոսքով՝ Մատաղիսի գործի օրինակը քաղաքացիներին պետք է հուշի, որ խախտված իրավունքի համար պայքարելը, շուտ, թե ուշ, հաջողության է հասցնելու, եթե հետևողականորեն պայքար տարվի:

Փաստաբանը ցավով արձանագրեց, որ մինչ այժմ պարզ չէ, թե ով կամ ովքեր են հանցագործությունը կատարած անձինք: Նրա խոսքով՝ նախորդ տարի գործի վարույթը կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ դեռևս հնարավոր չի եղել գտնել հանցագործություն կատարած անձանց: «Այն, որ գործն այսպիսի ընթացք է ստացել, ինձ մոտ որոշակի մտավախություններ է առաջացնում: Ես վախենում եմ, որ պարզապես իրական մեղավորներին բացահայտելու ցանկություն չկա»,- ասաց Ալումյանը: Նրա խոսքով՝ գործով այնպիսի ապացույցներ կան, այդ թվում` իրեղեն, որոնք կարող են օգնել գործի բացահայտմանը:

«12 տարի առաջ, երբ Մատաղիսի գործով ձեռնարկվում էին ներպետական ատյանները սպառելու, Եվրոպական դատարան դիմելու քայլերը, ոչ ոք չէր հավատում, որ ցմահ ազատազրկվածի կարգավիճակ ունեցող երիտասարդները կարող են ձեռք բերել արդարացվածի կարգավիճակ, առավել ևս՝ գործը շահեն ՄԻԵԴ-ում: Հիմա էլ, հավանաբար, արդեն շատ քչերն են հավատում, որ հնարավոր է՝ Բուդաղյանների գործով մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ Բուդաղյանների գործով էլ մենք կունենանք այնպիսի ելք, որը կգոհացնի բոլորին, ովքեր այս ընթացքում հետևել են և ցանկացել, որ արդարությունը վերականգնվի»,- ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղում իրենց ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նրանք արդարացվել են: