կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-28 10:14
Հասարակություն

Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցը վերածվում է աղբանոցի. «Ժողովուրդ»

Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցը վերածվում է աղբանոցի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավի շրջանակում հայտարարել էր, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը:

Վարչապետի այս հայտարարությունից անցել է ավելի քան կես տարի, սակայն այս ընթացքում ներդրողների եւ գնորդների կողմից հետաքրքրություն չկա այդ հյուրանոցի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղում ծանոթացավ իրավիճակին եւ պարզեց, որ Հայաստանի ամենաշքեղ եւ բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի կամ կթալանվի, եթե շարունակվի պատշաճ վերահսկողություն չիրականացվել:

Նշենք, որ դեպի հյուրանոց տանող ճանապարհը երկաթե ձողով փակված էր, վրան գրված՝ STOP. հուշում էր, որ արգելված տարածք է, բայց ցանկացած անձ կարող է ազատորեն «հաղթահարել» STOP-ը ու հասնել հյուրանոց:

Թերեւս պատկերացրիք, որ այս իրավիճակում չի բացառվում, որ հյուրանոցը թալանվի, ու այդպես թալանված էլ պետությունը կոպեկներով աճուրդի հանի այն: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները արձանագրեցին, որ հյուրանոցի մի քանի ապակի արդեն կոտրված են, հետնամասի դռները բռնակներ չունեն, պոկված էին, այսինքն՝ հյուրանոցը ապահովագրված չէ գողերից ու չարագործներից:

Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու պատշաճ պահպանություն չի իրականացվում հյուրանոցի տարածքում:

Հարցին ի պատասխան՝ Բաբայանն արձագանքեց՝ նշելով. «Այնտեղ սեփականատերերը ոստիկանության հետ պայմանագիր ունեն կնքած, եւ հսկողություն է իրականացվում: Ես նորից կճշտեմ, բայց գիտեմ, որ հսկողություն կա»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: