կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 10:19
Հասարակություն

Խախտվել է հավասարակշռությունը, և օր առաջ Հայաստանը պետք է համախմբող քաղաքականություն իրականացնի. Արթուր Եղիազարյան. «Իրատես»

Խախտվել է հավասարակշռությունը, և օր առաջ Հայաստանը պետք է համախմբող քաղաքականություն իրականացնի. Արթուր Եղիազարյան. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. Հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն։ Փաստորեն, այս անգամ բանակցություններում, այսպես ասած, «մոդերատորի» դերը ստանձնել է ԱՄՆ-ը։ Մինչ այդ արդեն մի քանի շաբաթ է արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնալով լարվում է, ունենք զոհեր, առաջնագծում կուտակվում է մեծ քանակի զինուժ։ Օրերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ դիպուկահարները հատուկ սարքավորումներով ու միջոցառումների կիրառմամբ ակտիվ գործելու են սահմանին։ Հնարավո՞ր է, որ այս լարվածությունը պայմանավորված է առաջիկա հանդիպմամբ, հարցրի ՀՅԴ ԳՄ նախկին անդամ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ։

-Սահմանային լարվածությունը նոր չէ, զինադադարի այս ողջ ընթացքում միշտ էլ խախտումներ եղել են, որոնք երբեմն ուղեկցվել են սրացումներով, երբեմն էլ լարվածությունը թուլացել է,-պատասխանեց պարոն Եղիազարյանը։-Հաշվի առնելով իշխանափոխության հանգամանքը, սկզբում փոխվել էր հռետորաբանությունը, հավանաբար ձեռագրի փոփոխման ակնկալիքներ ունեին, բայց տեսնելով, որ դա չի իրականանում, նորից վերադառնում են այն կետին, որտեղ եղել է խնդիրը։ Ինչ վերաբերում է զորավարժություններին, ադրբեջանցիները միշտ էլ դրանք իրականացրել են։ Պարզապես նման դեպքերում պետք է մեր զգոնությունը բարձրացնել, քանի որ 2016-ը ցույց տվեց, որ զորավարժություններից հետո զորքերի խաղարկային դիրքերը մոտեցնել-հեռացնելը ռազմական գործողության, հիբրիդային պատերազմի հիմք կարող են դառնալ։ Սա նշանակում է, որ մեր զգոնությունը չպետք է թուլացնել։ Վերջերս ոչ միայն Թուրքիա-Ադրբեջանի, այլև Վրաստանի հետ է ռազմական համագործակցությունն ակտիվացել։ Խնդիրը չպետք է միակողմանի դիտարկել։ Գերտերությունների քաղաքական շահերով պայմանավորված, մենք բարդ տարածաշրջանում ենք՝ Իրան, սիրիական խնդիր, Թուրքիայի գործոնի ուժեղացման ու թուլացման հանգամանք, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազդեցություններ։ Այս բոլորն իրենց դերակատարումն ունեն տարածաշրջանում։ Պետք է աչալրջորեն հետևել հակառակորդի ցանկացած գործողության, տեղաշարժին, պատրաստ լինել ամեն վայրկյան։ Հակառակորդին պետք է հասկացնել, որ ռազմական գործողության դեպքում հետևանքներն իր համար կլինեն ցավալի։ Այսօրվա սահմանային լարվածությունը չեմ կապում սպասվող հանդիպման հետ, ակնհայտ է, որ Ադրբեջանը գնալով ավելի սպառնալի, ռազմատենչ կոչերով է հանդես գալիս։ Սրա մասին է խոսում նաև օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրապարակային հանձնարարականը դիպուկահարներին՝ ցույց տալով, որ զինադադարի այս փուլում մեզ հետ դիպուկահարների լեզվով խոսելուց չեն խորշում։ Սա կոնկրետ գործողություն է, որին հայկական կողմը պետք է արձագանքի։ Չնայած մեր կողմից էլ քայլեր եղան, պաշտպանության նախարարը հրապարակավ պարգևատրեց ռազմական գործողություն իրականացրած և հակառակորդի կենդանի ուժ ոչնչացրած զինվորներին։ Սովորաբար նման պարգևատրումները հրապարակային չեն լինում, սա պատասխան քայլ էր Ադրբեջանին, որի հրահրած սահմանային լարվածության պատճառով մենք զոհեր ունեցանք։


-Նախիջևանյան ուղղությամբ ևս հանգիստ չէ վիճակը, վերջերս թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին, որոնք կրում էին հարձակողական բնույթ։ Այս ուղղությամբ ևս վտանգներ, սպառնալիքներ չկա՞ն։ 


-Իհարկե կան։ Պետք է հաշվի առնենք, որ 1994-ի զինադադարից հետո մինչև 2018-ի սկիզբը Ադրբեջանը հայ-ադրբեջանական տարածք չէր դիտարկում Նախիջևանը։ 2018-ի գարնանից Ադրբեջանը սկսել է զորքի տեղաշարժ իրականացնել, չեզոք գոտու հաշվին մարտական դիքերի փոփոխություններ կատարել, որոշ դեպքերում հաջող, երբեմն էլ՝ ոչ։ Չեզոք գոտին կրճատելով, փորձում է իր համար վերահսկելի դարձնել Հայաստանի հարավային ճանապարհը (Արարատի մարզից Վայոց ձոր անցնող ճանապարհը)։ Մշտական գործընթացներ են կատարվում այս հատվածում։ Թուրքական մշտական ստորաբաժանում կա Նախիջևանում։ Պարբերաբար Թուրքիա-Ադրբեջան զորավարժություններ են անցկացվում, որոնք հարձակողական բնույթի են։ Սրանք ուղերձներ են, որոնք մենք ճիշտ պիտի դիտարկենք։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կարծում, որ խնդիրը պետք է խաղաղ բանակցությունների տարբերակով լուծել։ Ավելին, պատեհ պահը օգտագործելով, ռազմական ճանապարհով պատրաստվում է խնդրին լուծում տալու։ Սա հստակ ցուցիչ է, որ նրանք հարցի խաղաղ կարգավորմանը տրամադրված չեն։ Հաշվի առնելով, որ Հայաստանի հարավային կողմը, այսպես ասած, նեղ հատվածն է, պետք է առավել ուշադիր լինել։ Հարցերը պետք է դիտարկենք գլոբալ խնդիրների հարթությունում, իսկ մոտեցումները՝ ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական բնույթի մեջ։ Նրանք երբեք չեն թաքցնում իրենց հավակնությունները Հայաստանի հարավի՝ Սյունիքի հանդեպ, որը Ադրբեջանն իրենն է համարում։ Եթե հաշվի առնենք 2011-ին թուրքալեզու երկրների հավաքը Նախիջևանում, որտեղ անգամ Ղազախստանի նախագահը հրապարակավ հայտարարեց, որ Նախիջևանն այն տարածքն է, որը պետք է միավորի թուրքական աշխարհները, նշանակում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունն այսօր կենդանի է։ Աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի ժամանակ, երբ հանրային ուշադրությունը հնարավոր է շեղել, չեմ բացառում, որ ավելի մեծ խնդիր փորձեն լուծել։ Այն է՝ Թուրքիան սահմանակից դարձնեն մնացած թուրքալեզու աշխարհի հետ, իսկ դա անցնում է Հայաստանի հարավով ու Իրանի հյուսիսով։ 


-Մի կողմից ԱՄՆ-Իրան սրված հարաբերությունները, մյուս կողմից Թուրքիայի Ձեր նշած նկրտումները, հաջորդը՝ Արցախի առաջնագծում լարվածության մեծացումը համարժեք արձագանք ստանու՞մ են Հայաստանի արտաքին քաղաքականությունում։ Մեր նոր իշխանությունները կարողանու՞մ են գիտակցել խնդիրների լրջությունը։


-Ամեն ինչ չէ, որ հրապարակային է լինում, գուցե ինչ-որ բաներից մենք տեղյակ չենք։ Բայց այդուհանդերձ, առնվազն Հայաստանի արտգործնախարարության կողմից շատ դեպքերում համարժեք գնահատականներ չեն հնչում։ Հիմա ամեն ինչ շատ զգայուն է, ու ամեն րոպե, յուրաքանչուր իրադարձությանը պետք է արձագանքել։ Ադրբեջանը, Թուրքիան իրենց միջոցները ներդնելով, քարոզչական դաշտում մեզ ագրեսոր են ներկայացնում, ապատեղեկատվություն են տարածում։

-Այս առնչությամբ նկատենք, որ Ֆրանսիայի մի շարք քաղաքների և Արցախի միջև բարեկամության հուշագրերը չեղարկվում են։ Սա կարելի՞ է համարել քարոզչական պատերազմում մեր թուլության հետևանք։


-Մեկ տարում շատ բան է խարխլվել։ Նախորդ իշխանությունների ժամանակ սփյուռքի կառույցների հետ փորձում էին ավելի ներդաշնակ համագործակցել։ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հիմնական նախաձեռնողը եղել են ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը։ Նպատակն այն էր, որ մինչ Արցախի միջազգային ճանաչումը, փորձենք կամաց-կամաց բարեկամական, սպորտային, մշակութային, տարբեր ոլորտներում ինտեգրել Արցախը Եվրոպայի քաղաքների հետ, ինչը կարող է դրականորեն անդրադառնալ տվյալ պետության՝ Արցախի միջազգային ճանաչման քաղաքականության վրա։ Հիմա խախտվել է այս հավասարակշռությունը, և օր առաջ Հայաստանը պետք է համախմբող քաղաքականություն տանի, որպեսզի անցանկալի հեռանկարից խուսափենք։ Միայն պետությունը կարող է այդպիսի պարտավորություն ստանձնել։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով կարող են վտանգավոր զարգացումներ լինել, եթե չկարողանանք դիվանագիտական լուրջ աշխատանքներ, ճիշտ քարոզչություն իրականացնել։ Այս ամենն իր արձագանքն է ունենալու Արցախի խնդրում, կարող է նաև ռազմական նոր բախումների հիմք դառնալ։ 
-Մեկ տարվա իշխանությունն իր լավագույն նվաճումն էր համարում Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունը, որի շրջանակում սահմանում խաղաղ էր, զոհեր չկային։ Ի՞նչ փոխվեց, որ այլևս չաշխատեց այդ համաձայնությունը։


-Մեզ այդպես էլ չտեղեկացրին, թե «վերելակային» դիվանագիտության էությունը որն էր, ինչից են խոսել, ինչ պայմանավորվածություններ են եղել։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանն ինչ-որ ակնկալիքներ ուներ, որը Հայաստանի նոր իշխանության հռետորաբանությամբ էր պայմանավորված՝ դեպի խաղաղության մղելու մոտիվացիան, ինչն ադրբեջանցիները լավ չեն հասկացել։ Հայկական կողմի համար Արցախի խնդիր, որպես այդպիսին, չկա։ Կա Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարց։ Ով էլ գա Հայաստանում իշխանության, Արցախի հարցում տարբեր խնդիրներ կկարողանա լուծել միայն այդ էական հարցը կարգավորելուց հետո։ Առաջնայինն այն է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այս իրականության հետ արդեն առնչվում են ադրբեջանցիները՝ հասկանալով, որ այս հարցում Հայաստանում շատ մեծ փոփոխություններ չկան, գուցե իրենք շփոթմունքի մեջ էին կամ այլ ակնկալիքներ ունեին։ Քաղաքականությունն այս առումով պարզապես չի կարող փոխվել, որովհետև կա հայության, մեր պետության շահերի խնդիր, իսկ այս դեպքում ոչ մի իշխանություն չի կարող գնալ ինքնասպանության՝ փորձելով հարցը կարգավորել հօգուտ Ադրբեջանի։ Որքան Ադրբեջանը համոզվում է այս հարցում, այնքան կոշտացնում է իր քաղաքականությունը։


-Լինելով բարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում, երբ օդում ամեն վայրկյան վառոդի հոտը զգացվում է, իսկ ներսում շարունակում ենք միմյանց աննահանջ «խժռել», ո՞րը պետք է լինի իշխանության առաջնային խնդիրը։ Ի՞նչ պետք է անել, որ չհայտնվենք գերտերությունների «սմբակի» տակ։


-Օր առաջ պետք է ներքին տարաձայնությունները մի կողմ թողնել, համախմբվել։ Հիմա ասում են, որ պետք է վատը փոխել, դրա ճշմարտացիությունը ոչ մեկը չի վիճարկում, բոլորն էլ ուզում են վատը փոխել, լավը պահել ու զարգացնել։ Այստեղ մոտեցումների տարբերություն կա, ամեն ինչ կիսատ է ասվում՝ հասարակության տարբեր խավերի շրջանում կասկածների, անվստահության հիմքեր տալով։ Սրանից կարող են օգտվել որոշ ուժեր։ Այսօր դաշտը բաժանել սև ու սպիտակի, որտեղ սկզբունքը մեկն է՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է, սխալ է։ Իրականում կան շատ ուժեր, որոնք պետության կողքին կանգնած են, պատրաստ են անգամ օգնելու, աջակցելու իշխանությանը, բայց ոչ գովերգելու։ Գովերգողները հաստատ չեն նպաստում առաջընթացին։ Միայն սթափ ուժերը, որոնք տեսնում են խնդիրները, բարձրաձայնում են, քննադատում են, ավելի մեծ բարեկամ են այս իշխանություններին։ Սա պիտի գիտակցի իշխանությունը, առողջ դաշտ ստեղծի ներքին ուժերի համախմբման համար։ Այսօր արտաքին մարտահրավերներն այնքան շատ են, որ տարածաշրջանում իրավիճակի ամեն վայրկյան փոփոխությունն այնպիսին կարող է լինել, որ ուզած-չուզած մենք էլ ենք ներքաշվելու այդ ամենի մեջ։ Մեր միակ շահեկան դիրքն այս ամենում կլինի այն դեպքում, երբ համախմբված լինենք։ Հայության համախմբումը մեր պետականության շահերի ներքո. սա իշխանությանն է վերապահված։ Երբ 2018-ին իշխանափոխություն տեղի ունեցավ, Փաշինյանը հստակ հայտարարեց պարզ ձեռքերի քաղաքականության մասին, որ իրենք ոչինչ չեն կոտրում, ոչինչ չեն փչացնում, բռնության չեն դիմում, իսկ ով նման քայլեր է անում, իրենց հետ չէ։ Հիմա ժամանակն է, որ այս կոչերն իրականության մեջ տեսնենք, հստակ արտահայտվի մեր պետության նպատակը, ինչ ուղիով է գնում պետությունը։ Սա բաց տեքստով պետք է ասվի, որ մարդիկ հասկանան՝ իշխանությունն ինչ է ուզում։ Առաջինը պետք է իշխանությունն իրենից սկսի, երբ կոչ է անում ուրիշներին չվիրավորել, ապատեղեկատվություն չտարածել, նախ դրանից պետք է զերծ մնան իշխանությունն ու նրա մերձավոր միջավայրը։ Առանց իշխանության դրական օրինակի ոչ մի բան չի ստացվի։ 


-Ի դեպ, նախօրեին՝ ՔՊ-ի համագումարում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք քաղաքական իմաստով ոչ լիբերալ են, ոչ ցենտրիստ, ոչ սոցիալ-դեմոկրատ։ ՔՊ-ն քաղաքացիական կուսակցություն է։ Ի՞նչ ասել է քաղաքացիական, ի վերջո, ի՞նչ գաղափարներով կուսակցություն է մեզ ղեկավարում։


-Սա քաղաքագիտորեն անհասկանալի բան է։ Քաղաքացիականով ինչպե՞ս են երկիր ղեկավարելու։ Երկիրը ղեկավարում են քաղաքականությամբ և քաղաքական ուժերով, որոնք պետք է հստակ ուղղություններ ունենան։ Մեկ բանում եմ համակարծիք, որ 17-20-րդ դարերում մշակված գաղափարական ուղղությունները 21-րդում մի փոքր փոխվում են, հնարավոր չէ լինել ծայրաստիճան լիբերալ՝ հաշվի չառնելով սոցալիստական որոշ դրվագներ։ Անհնար է լինել բյուրեղյա սոցիալիստ՝ որոշակի մասնավոր սեկտորի շահերը հաշվի չառնելով։ Բայց լղոզված, անհասկանալի հասկացություններ չեն կարող լինել, քաղաքական ուժը չի կարող կամ աջ, կամ ձախ կողմնորոշման չլինել և, ըստ այդմ, նրա քաղաքականությունը պետք է դրանից բխի։ Չգիտեմ ինչ է նկատի ունեցել Փաշինյանը, բայց այդպես չի լինում։ Եթե քաղաքացիական շարժումը չբյուրեղանա, չվերածվի քաղաքական հստակ հոսանքի, չեմ կարծում, որ այդ ուժի ապագան պարզ ու հասկանալի կլինի։


-Այս օրերին տարբեր սոցհարցումներ են իրականացվում, որտեղ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն արդեն 45 տոկոսի է հասնում։ Ինչու՞ է մեկ տարի առաջ 80 տոկոս վարկանիշ ունեցող Փաշինյանի հեղինակությունն այսքան արագ «մաշվում»։


-Սա վկայում է այն անորոշությունների, ակնկալիքների մասին, որոնք մարդիկ ունեն։ Շատերն արդեն նախկին սպասելիքներն այլևս չունեն։ Այստեղ իշխանությունը մտածելու շատ բան ունի։ Ինչու են մարդիկ իրենց դիրքորոշումները փոխում։ Եթե ճիշտ կարողանան վերլուծել իրավիճակը, խնդիրները լուծել, հնարավոր է հաջողություններ գրանցեն, այլապես վարկանիշի անկումը կշարունակվի, ինչը կհանգեցնի հերթական փոփոխության։


Զրույցը՝ 
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ