կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-13 21:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է պայքարի ջահը միշտ վառ պահել՝ սպասելով, որ քաղաքական հավասարակշռությունը թեքվի դեպի մեզ․ Հովիկ Սալիբա

Գորիսից Կապան ճանապարհի հատվածը, որ հանձնվեց թշնամուն, Սյունիքի տարբեր հատվածներում ադրբեջանական զորախմբերի առաջխաղացումը ամբողջ տարածքը դնում են վտանգի տակ, որ եթե Ադրբեջանը որոշի հավելյալ հարձակման դիմել, մեր պաշտպանողական դիրքերն արդեն իսկ տկարացած են՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ անդամ Հովիկ Սալիբան, որը տարբեր երկրների 50-ից ավելի ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին, որն անցկացվեց Երևանում, Գորիսում ու Ստեփանակերտում։ 

Խորհրդաժողովը Սյունիքում և Արցախում կազմակերպելը լուրջ ուղերձ է, ասաց նա, որովհետև այսօր մեր անվտանգության ամենակարևոր գոտու մեջ ենք գտնվում։

«Սա միայն Սյունիքի, Արցախի, Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը չէ, այլ մեր ազգի անվտանգության հարցն է իր ամբողջական հասկացողութամբ՝ թե՛ աշխարհագրական, թե՛ ժողովրդագրական իմաստով։ Այս ամենը այնքան այժմեական կդարձնեն պատմական այս պահը, որ այս խորհրդաժողովը եկավ՝ ճշտելու Հայ դատի հանձնախմբերի համաշխարհային ցանցի անելիքները առաջիկա օրերին»,-ասաց Հովիկ Սալիբան։

Արցախյան պատերազմի առաջին օրերին՝ 1991-93 թթ, մի կամուրջ էր ստեղծվել Արևմտյան Ամերիկայի և Արցախի միջև, հիշեց նա, և այդ կամուրջը եկավ իր մասնակցությունը բերելու պայքարի նորագույն փուլին։

«1994 թ-ին, երբ զինադադարի պայմանագիր կնքվեց, կարծում եմ, մենք ոսկի առիթ բաց թողեցինք իբրև հաղթանակած կողմ, որ ավելի ևս պահանջներ դնեինք թշնամիներին, որ կարողանայինք այսօրվա օրը արդեն չեղյալ համարել 1994 թ-ին։ Մենք կարող էինք պարտադրել մեր մոտեցումները Արցախի խնդրի լուծման, պահանջատեր լինեինք, որ ստեղծեինք այնպիսի սահմաններ, որ անվերադարձնելի դարձնեին Արցախը»,-ասաց նա։

44-օրյա պատերազմը, նրա համոզմամբ, «հաղթելու կռիվ չէր»։

«Բոլորի համար հստակ է, որ, դժբախտաբար, մեր երկրի ղեկավարության մոտ ամբողջական ազգային մտածողությունը տեղ չգտավ, իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը գնաց վերադառնալու 1992 թ-ի հնչող մտքերուն, որ Արցախը մեզ համար դժվարություն է, որը հաղթահարելու համար պետք է զիջումներ անենք։ Մենք այդ զիջումներին գնացինք սարքված պատերազմով, որի ավարտին ստորագրվեց պայմանագիր։ Նույն այդ ստորագրված պայմանագիրը մինչև այսօր դեռևս Ադրբեջանը իր պարտավորութունները չի կատարել, իսկ ՀՀ իշխանությունները չեն արձագանքել հանդիպումների ժամանակ»,-ասաց Հովիկ Սալիբան։

Մենք ունենք գերիների հարց, արձանագրեց նա, այդ հարցը, որ պայմանագրի մեջ նշված է, մենք չենք կարողացել Արդրբեջանին մինչև այսօր պարտադրել։

«Համաձայնագրում նշված էր, որ զորքերը պիտի մնան ուր որ են․ ոչ միայն չմնացին ուր որ են, այլ նաև սկսեցինք նահանջ, և  ոչ միայն Արցախի ազատագրված տարածքներն են, որ տվինք, այլ Հայաստանի սուվերեն իրավունքը իր հողի վրա, ադրբեջանցիները առանց իսկ վայրկյան մտածելու սկսեցին զետեղվել այնպիսի դիրքերում, որ իրենք թելադրող լինեն»,-ասաց Հովիկ Սալիբան։

ՀՀ գործող իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, նրա համոզմամբ,  շատ վատ հետևանք կարող է ունենալ․ արդեն իսկ վատ է ներկա պայմաններում։

«Գորիսից դեպի Կապան ճանապարհի այդ հատվածը, որ հանձնվեց թշնամուն, Սյունիքի տարբեր հատվածներում ադրբեջանական զորախմբերի առաջխաղացումը ամբողջ տարածքը դնում են վտանգի առջև, որ եթե Ադրբեջանը որոշի, որ իրենք հավելյալ հարձակման դիմեն, մեր պաշտպանողական դիրքերն արդեն իսկ տկարացած են, մենք այնպիսի դիրքեր չունենք այսօր, որ ունեինք 1992 թ-ին, երբ հող ազատագրեցինք։ Այդ դիրքերը դիտմամբ ապագա ինչ-որ ծրագրերի  հաջողության համար տրվեցին։ Հայաստանի համար դժվարություն ստեղծող այս իրավիճակը ստեղծվել է, քանի որ գաղափարական առումով այսօրվա իշխանությունները կա՛մ չեն տեսնում վտանգը, կա՛մ տեսնելով հանդերձ անտեսում են՝ ի շահ տարբեր պետությունների կողմից իրենց վրա դրված պարտադրանքների»,-ասաց Հովիկ Սալիբան։

Նա հիշեցրեց Դաշնակցության հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանի միտքը, որն իր հարատև պայքարի մտածողության մեջ ասում է, որ դու պետք է պայքարի ջահը միշտ վառ պահես՝ սպասելով այն օրվան, որ քաղաքական հավասարակշռությունը թեքվի դեպի քեզ։

«Մենք ունեցանք այդպիսի հնարավորություն, չկարողացանք լավագույնս օգտագործել։ Շատ աշխատանք ունենք անելու՝ պետք է «զրո» կետից ետ սկսենք դժբախտաբար, այսինքն, «զրո» էլ չէ՝ նահանջի կետից ետ պետք է սկսենք։ Ես հավատում եմ, որ կարող ենք այդ ներուժն ունենալ, բայց մեզ համար հիմնական է, որ ՀՀ իշխանությունները ճիշտ դիրքորոշում ունենան, չլինեն այն ուժերը, որ մեզ պիտի ավելի վտանգավոր տեղեր առաջնորդեն»,-ասաց նա։

Հովիկ Սալիբայի խոսքով՝ եթե դա պետք է նշանակի այսօրվա իշխանության փոփոխություն, ապա այդ փոփոխությունը պիտի տեղի ունենա, բայց մեր ժողովուրդը պիտի դա որոշի, ժողովուրդը պիտի անդրադառնա, որ իր գոյատևման համար կարևոր է, որ մենք այսօր այլևս նահանջի տեղ չուենանք, դարձնենք անիվը դեպի առաջ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․