կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-15 11:20
Քաղաքական

Խորհրդարանը պետք է իրականացնի զինուժի վերահսկողություն, ինչի համար նրան լիազորություններ են պետք. Ֆիլիպ Ֆլուրի

Խորհրդարանը պետք է իրականացնի զինուժի վերահսկողություն, ինչի համար նրան լիազորություններ են պետք. Ֆիլիպ Ֆլուրի

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին իր ելույթում նշեց, որ Հայաստանն այն 20 երկրներից է, որ թույլ է տվել ստեղծել կենտրոնը, և որ Հայաստանը Ժնևի զինուժի ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի հին բարեկամն է: Նա ընդգծեց, որ զինուժի վերահսկողության տարբեր տեսակներ կան, որոնցից մեկը քաղաքացիական վերահսկողությունն է, ինչն էլ իր հերթին ենթադրում է նաև խորհրդարանական վերահսկողություն:

«Մենք ուզում ենք, որ պատգամավորները իրականացնեն զինուժի վերահսկողություն, իսկ դրա համար անհրաժեշտ է խորհրդարանին ընձեռնել այնպիսի լիազորություններ, որոնք անհրաժեշտ են այդ վերահսկողությունն իրականացնելու համար: Սակայն վերահսկող` չի նշանակում, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարը պետք է միկրոմենեջմենթով զբաղվի: Խորհրդարանական վերահսկողությունը համագործակցային գործընթաց է, որի համար տարբեր գործիքներ են անհրաժեշտ, որ ստացվի ճիշտ վերահսկողություն»,- ընդգծեց Ֆլուրին:

Ըստ նրա` որպեսզի խորհրդարանն այդ վերահսկողությունը ճիշտ կատարի,  խորհրդարանին անհրաժեշտ է տալ լիազորություններ: «Ճիշտ գաղափարը ոչ միայն այն է, որ ժողովրդի ընտրյալներն իրենց ասելիքն ունենան, թե ինչ է տեղի ունենում այդ ոլորտում, այլ պետք է ստեղծեն վստահության մթնոլորտ իրենց ընտրողների առաջ»,- ասաց Ֆլուրին` հավելելով, որ խոսքը միայն հրապարակայնության և հաշվետվության մասին չէ, այլ խորհրդարանականներն իրենց արարքներով ու գործողություններով պետք է հասարակության մեջ վստահության դաշտ ապահովեն: «Որպեսզի գործընթացը թափանցիկ լինի, մեզ անհրաժեշտ են այս հարցին նվիրված խորհրդարանական հանձնաժողովներ, որոնք էլ պետք է համապատասխան անձնակազմ ունենան»,- նշեց նա:

Ֆլուրին ընդգծեց, որ հնարավոր չէ օրենքով սահմանել, թե այսօրվանից ունենալու ենք ժողովրդավարական խորհրդարանական վերահսկողություն զինուժի նկատմամբ, այլ  խորհրդարանը պետք է օժտվի հետաքննական մեխանիզմներով, խորհրդարանին հարկավոր է համապատասխան աշխատակազմով ապահովել, ներդրումներ անել պատգամավորների համար, որպեսզի նրանք կարողանան օգտվել այդ լիազորություններից: «Մենք հանձնաժողովի նախագահի հետ մի շարք տեսակետներ ենք դիտարկել, և Ժնևի կենտրոնը կաջակցի, որ խորհրդարանը լրացուցիչ լիազորություններ ձեռք բերի»,- ասաց նա:

Ֆլուրին անդրադարձավ նաև երկու օրենքներին` պաշտպանության և զինծառայության մասին, որոնք ըստ նրա, լավ հենասյուներ են:

«Պետք է զինուժում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների դրույթներին: Եթե դա էլ արվի, ապա ընտրազանգվածն արդեն համոզիչ կհամարի խորհրդարանական վերահսկողությունը: Մեզ անհրաժեշտ է, որ ոչ միայն օրենքով տրված լիազորություններ ունենա խորհրդարանը, այլև պատգամավորների հավակնոտություն և ունակություն, որպեսզի աշխատի այդ վերահսկողությունը»,- ամփոփեց նա: