կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-14 10:51
Տարածաշրջան

Հայ միգրանտների վերաբերյալ զեկույց` Ստամբուլի համալսարանում

Հայ միգրանտների վերաբերյալ զեկույց` Ստամբուլի համալսարանում

Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում ներկայացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի և Բիլգի համալսարանի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի կողմից համատեղ կազմված զեկույց Թուրքիայում հայաստանցի միգրանտների խնդիրների առնչությամբ. հայտնում է ermenihaber.am կայքը։

Ուշադրության կենտրոնում հատկապես եղել են երեխաները։ Ուսումնասիրության շրջանակներում նաև հարցումներ են իրականացվել։ Հարցումներին ներգրավված են եղել 8-ից 11 տարեկան` 102 և 12-ից 18 տարեկան` 58 երեխա։ 8-ից 11 տարեկան երեխաների` 73, իսկ 12-ից 18 տարեկան երեխաների 90%-ը նշել է, որ լավ կամ շատ լավ է հասկանում թուրքերեն։ 8-ից 11 տարեկան երեխաների` 75, 12-ից 18 տարեկան երեխաների 81%-ը Հայաստանում է ծնվել։ Երկու տարիքային խմբի երեխաներն էլ, հիմնականում բացի տնային գործերից, ընտանիքին օգնելու նպատակով այլ տեղ էլ են աշխատում։

Երեխաների համար կարևորագույն խնդիրներից է ուսումը։ Նրանց մի մասը մասնավոր կրթական հաստատությունների կառավարման ոլորտում 2012 թվականին իրականացված փոփոխությունների շնորհիվ կարողանում է որպես հյուր-աշակերտ մասնակցել Ստամբուլի հայկական դպրոցների դասերին, սակայն պաշտոնապես գրանցված չէ այդ դպրոցներում և դիպլոմ չի ստանում։  

Զեկույցի մեջ նշվում է նաև, որ Թուրքիայում բնակվող հայաստանցի միգրանտների թվի վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Տարբեր պնդումներ կան թվաքանակի վերաբերյալ՝ 10 հազարից մինչև 70 հազար, սակայն իրական թիվը, ըստ զեկույցի, 15-20 հազարի սահմաններում է։

1990-ականներից սկիզբ առած արտագաղթի հետևանքով Թուրքիայում հաստատված հայաստանցիները, որպես այդտեղ հաստատվելու հիմնական պատճառ, նշել են Հայաստանում եղած գործազրկությունն ու աշխատանք գտնելու մտադրությունը:

Զեկույցում շեշտվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն էլ ավելի է դժվարացնում հայաստանցի միգրանտների` առանց այն էլ բարդ կացությունը: