Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում միգրացիոն վիճակը դինամիկ փոփոխությունների է ենթարկվում` կապված արտաքին գործոնների հետ: Եվ քանի որ հայաստանցի միգրանտները հիմնականում մեկնում են Ռուսաստան, ապա հենց այս երկրի միգրացիոն մոտեցումներն էլ ուղղակի ազդեցություն են ունենում հայաստանցի միգանատների վրա: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանը մինչ օրս հստակ մոտեցումներ չի ունեցել միգրանտների վերաբերյալ, ինչի հետևանքով հայաստանցի միգրանտները վատ իրավիճակում են հայտնվում: Անցյալ տարվա ընթացքում շուրջ 50 հազար հայաստանցու մուտքը 3-5 տարով արգելվել է ՌԴ: Եվ 150 հազարի մուտքը տեսականորեն արգելված է, այսինքն` նրանք եթե փորձեն սահմանը հատել, այդ ժամանակ էլ կտեղեկացվեն դրա մասին:
Եվ եթե նախկինում սահմանը հատելիս անձնագրային ստուգում կատարողին հնարավոր էր «մի բան տալ» ու մտնել ՌԴ տարածք, ապա այժմ դա անհնար է, որովհետև ստեղծվել է միգրացիոն կանոնները խախտած անձանց տվյալների բազա, և յուրաքանչյուր շարժը ստուգվում է:
Գյումրու քաղաքապետարանի հասարակական կազմակերպությունների հետ կապի պատասխանատու Մկրտիչ Ճարտարյանը նշեց, որ երբեմն միգրանտների մուտքի արգելափակումը օբյեկտիվ կերպով է կատարվում: Նա օրինակ բերեց, որ մի հայաստանցի 13 տարի ռուսաստանյան բանտերում անցկացնելուց և հետո արտաքսվելուց հետո ցանկացել է նորից գնալ ՌԴ:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզի բնակիչներին, ապա նախորդ տարի ՌԴ գնալու համար դիմածներից 43-ին թույլատրվել է մուտք գործել, իսկ, ընդհանուր առմամբ, դիմել է 300-ից ավելի մարդ, այսինքն` մոտ տասը տոկոսը:
Փաստաբան Թամարա Յայլոյանն էլ հայտնեց, որ Ռուսաստանի կողմից ընդունված իրավակարգավորումներում կա բաց` չի նշվում, թե անձն ինչպես կարող է բողոքարկել իր մուտքը ՌԴ արգելող որոշումը, եթե այն անհիմն է:
Դրա վառ օրինակը բերեց Անդրեյ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի իրավաբան Վանուհի Գասպարյանը: Նրանց դիմել է մի քաղաքացի, որի մուտքը ՌԴ արգելել են մինչև 2030 թվականը, այսինքն` 15 տարով: Այնինչ` ՌԴ իրավակարգավորումների համաձայն` մուտքի արգելման առավելագույն ժամանակը 10 տարին է:
Իրավաբանը ՌԴ-ի կողմից միգրացիոն քաղաքականությունում որպես դրական փոփոխություն նշեց այն, որ այլևս միգրանտից չի պահանջվելու աշխատանքային իրավունք, այսպես կոչված` «պատենտ» ունենալ: Գործատուի հետ պայմանագիր ունենալը միայն բավարար է լինելու: Սակայն աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո նա 15 օրվա ընթացքում կա'մ պետք է լքի երկիրը, կա'մ մեկ այլ գործատուի հետ պայմանագիր կնքի: Այս դեպքում կա նաև սահմանափակում` գործատուն միգրանտի հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի առավելագույնը մեկ տարով:
Նա նշեց նաև, որ օրենսդրական կարգավորումներում կան նաև բացթողումներ: Մասնավորապես` կա կետ, համաձայն որի` եթե միգրանտը մեկնում է ՌԴ 30 օրից քիչ ժամկետով, ապա կարող է չլրացնել միգրացիոն քարտ, սակայն չի կարգավորվում հարցը, թե եթե նա 30 օր հետ սահմանը հատում է, ապա կարո՞ղ է նորից հետ գնալ ՌԴ: Բանն այն է, որ շատ միգրանտներ մինչ վերջերս էլ որոշակի պարբերականությամբ հատում էին ՌԴ-ում իրենց բնակավայրին մոտ սահմանը, ապա վերադառնում:
Փաստաբան Թամարա Յայլոյանը հայտնեց, որ միգրանտների օրենքների իմացությունը կարևոր է, որպեսզի նրանց իրավունքները չոտնահարվեն: Մասնավորապես` շատերը աշխատանքային պայմանագիր չեն կնքում և խաբվում են` ամիսների աշխատանքի դիմաց պայմանավորված վարձը չեն ստանում և չեն կարողանում դատարանով հետ ստանալ:
Սակայն սրա վերաբերյալ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշեց, որ այս փոփոխությունները թեև տեսականորեն դրական են, սակայն պրակտիկայում ոչինչ էլ չի փոխվելու: Բանն այն է, որ եթե գործատուն աշխատանքային պայմանագիր է կնքում միգրանտի հետ, ապա սոցիալական մեծ վճարներ է տալիս պետությանը, հետևաբար, փորձում է խուսափել օրինական ձևակերպումներից: Մյուս կողմից էլ, կապված տնտեսական լուրջ խնդիրների հետ, Ռուսաստանում շինարարության ծավալները զգալիորեն նվազելու են, և դրա հետևանքով մոտ 2-2.5 անգամ նվազելու են հայ միգրանտների եկամուտները: