կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-11 15:44
Տնտեսական

Ապաշնորհ կառավարման հետևանքով ձախողվում է զբաղվածության պետական աջակցությունը

Ապաշնորհ կառավարման հետևանքով ձախողվում է զբաղվածության պետական աջակցությունը

Բազմիցս ենք փաստարկել և համակողմանի հիմնավորել, որ մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառը գործազրկության քրոնիկ բարձր մակարդակն է: Սահմանադրությամբ սոցիալական պետություն համարվող մեր երկրում ստեղծված են նաև բավարար իրավական հիմքեր, այդ թվում սահմանված է պետության ուղղակի պարտավորությունը բնակչության կայուն զբաղվածության անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

Խոսքը հատկապես վերաբերում է զբաղվածության պետական ծրագրերին, որոնց առաջնային շահառուները աշխատաշուկայում անմրցունակ անձինք են: Խոսքը վերաբերում է մեր երկրի այն քաղաքացիներին, որոնք օբյեկտիվորեն չեն կարող գտնել արժանապատիվ աշխատանք՝ առանց պետության հասցեական աջակցության:

Առարկայական և համակարգված ջանքերի գործադրման արդյունքում 2015 թվականին մեր երկրում ներդրվեց զբաղվածության բացառապես ակտիվ պետական քաղաքականության նոր մոդելը՝ զբաղվածության և ինքնազբաղվածության ապահովման 12 առանձին ծրագրերով: Այս ծրագրերն ապահովում են բավարար գործիքակազմ՝ յուրաքանչյուր գործազուրկի համար առաջարկելով կայուն զբաղվածության արդյունավետ աջակցություն՝ անհատական կարիքի և աշխատաշուկայում առկա պահանջարկի գնահատումների հիման վրա:

Զբաղվածության ոլորտում սա էր հեղափոխական փոփոխությունը, նաև` միջազգային մասնագիտացված կազմակերպությունների և ոլորտի հեղինակավոր միջազգային փորձագետների կարծիքով: Այս մոդելն՝ իր առանձին ծրագրերով, Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվեց նաև հետխորհրդային տարածքի մի շարք երկրների՝ Ղազախստան, Թուրքմենստան, Ղրղզստան և այլն:

2017 թվականին մեկնարկել էին զբաղվածության պետական ծրագրերի ամբողջական էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները, որոնք պետք է ավարտին հասցվեիր 2018 թվականի առաջին կիսամյակում: Մինչև կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը նախատեսված էր բարձր ռիսկային ծրագրերի համար նախատեսված միջոցների վերաբաշխում և տրամադրում ցածր ռիսկային ծրագրերին: Նպատակ էր դրված կանխարգելել ծրագրերի իրականացման շրջանակներում գնահատված ռիսկերը:

Նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո անտեսվեց նաև զբաղվածության բարեփոխումների շարունակությունը: Դրա փոխարեն պատասխանատուներն ուղղակի վերացրեցին այն կարգավորումները, որոնք վերաբերում էին ծրագրերի իրականացման ու գնահատման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններին և արդյունքային ցուցանիշներին: Այսպիսով` անհասկանալի մղումներով կրկին վերադարձան հին և արատավոր այն համակարգին, որի պայմաններում անհնար է լինելու ապահովել ծրագրերի իրականացման վերահսկելիությունը և նպատակային կառավարումը: Այսինքն՝ վերացվել է ծրագրերի արդյունավետության ապահովման բաղադրիչը: Թերևս, պատասխանատուները նպատակ են ունեցել հանել բոլոր նվազագույն անհրաժեշտ սահմանափակումները, որ, առանց անհրաժեշտ ջանքերի գործադրման, հնարավորինս շատ ծախսեն զբաղվածության ոլորտին հատկացված պետական միջոցները և ցույց տան ֆինանսական կատարողականի արդյունք:

Այս ծրագրերի իրականացման համար յուրաքանչյուր տարի օրենքի պահանջով հատկացվում են ֆինանսական միջոցներ՝ տվյալ տարվա պետական բյուջեով: Իրողությունն էլ այն է, որ գործազուրկների թիվը գրեթե չի նվազում, իսկ զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցները համարժեք չեն թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությունների կողմից այս ոլորտում դրված նպատակներին: Վերջին հինգ տարիներին պետական բյուջեով զբաղվածության պետական ծրագրերի համար նախատեսվում է ընդամենը 1,7 միլիարդ դրամ: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրում գործազուրկ է 230 հազարից ավելի քաղաքացի, որոնցից ավելի քան 65 հազարը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում:

Ցավոք, նույնիսկ այս պայմաններում 2018 թվականին ծախսվել է պետական բյուջեից զբաղվածության պետական աջակցությանը հատկացված միջոցների ընդամենը 25 տոկոսը կամ 440 միլիոն դրամը՝ 1,7 միլիարդ դրամից: Ավելին` հիմնական ծրագիր հանդիսացող՝ գործազուրկների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծրագրի գումարներից ծախսվել է ընդամենը 10 տոկոսը: Եվ այս խնդրահարույց միտումը շարունակվում է նաև 2019 թվականին:

Պատասխանատուներն  այս անթույլատրելի իրավիճակը դարձյալ պայմանավորում են ժամանակի անհրաժեշտությամբ, որը պետք է ինչ-որ բարեփոխումներ անելու համար: Որպես հիմնավորում` անհասկանալիորեն վկայակոչում են նաև նախորդ կառավարության` որոշ ծրագրերի կասեցմանը վերաբերող հանձնարարականը (այս հանձնարարականի մասին վերևում անդրադարձ կա):

Փաստն այն է, որ լայն հանրության համար ականջահաճո խոստումների և կարգախոսների ֆոնին՝ հարյուրհազարավոր գործազուրկներ, նույնիսկ այս սուղ միջոցների հատկացման պարագայում, չեն ստանում իրենց հասանելիք պետական աջակցությունը և շարունակում են աղքատ մնալ ապաշնորհ կառավարման հետևանքով:

Ապացուցման կարիք չունի, որ կայուն զբաղվածության ապահովումը խոսելով չի լինելու, իսկ այս քաղաքականության ակնհայտ ձախողումները հնարավոր չէ շղարշել ձևական օրակարգերով: Իսկ այս գիտակցման փոխարեն օրվա իշխանությունը շարունակաբար ասում է. «Աշխատի՛ր Հայաստան», «Մշակելու ենք զբաղվածության նոր ռազմավարություն», «Որակյալ կրթության միջոցով խթանելու ենք արժանապատիվ աշխատանք», «Ունենալու ենք սոցիալական ներառական զարգացում», «Աղքատությունը հանելու ենք մարդկանց գլուխներից» և այլն:

Ի դեպ, ամեն անգամ նմանատիպ կոչեր և կարգախոսներ լսելիս  հիշում եմ ուրախության առիթներին իմաստուն պապիս հետևյալ հորդորը. «Այս կենացն էլ խմենք, բայց հետո ելնենք ու պարենք»:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ