կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 17:50
Տնտեսական

Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ

Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ

Պարբերաբար ներկայացնում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների հետաձգման փաստերը, դրանց իրական պատճառներն ու հետևանքները:

Այս մեկը վերաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթին: Շուրջ երկու տարվա քննարկումների արդյունքում մշակված նախագծերի այս փաթեթը, ՀՀ կառավարության ներկայացմամբ, Ազգային ժողովն ընդունեց 2020 թ. մարտի 4-ին:

Օրենսդրական նշված փոփոխություններով ընդամենն առաջարկվում էր սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պարզ վերաբաշխում: Մասնավորապես՝ 2021թ. հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման մարմինները չեն իրականացնելու կառավարության պատվիրակած սոցիալական ծառայությունները: Այդ լիազորությունները փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Սա էլ ներկայացվեց որպես երկար մտածված առանցքային փոփոխություն, ՀՀ կառավարության կողմից խոստացված համակարգային բարեփոխում:

Իրականում այս փոփոխությունը, պոպուլիստական փաթեթավորմամբ, խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու և նախորդ երկու տարիներին սեփական անգործությունը քողարկելու հերթական փորձն է: Ավելին՝ սա կարող է հանգեցնել սոցիալական աշխատողների հաստիքների կրճատման:

Իսկ գործող իշխանությունները խոստացել էին ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայում, որը  սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքն է: Այս համակարգի հիմնախնդիրները վերաբերում են դրա գործառնական հիմքերին, որոնք սահմանված են ՀՀ կառավարության որոշումներով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններով:

Իշխանափոխությունից հետո արդեն անցել է բավարար ժամանակ՝ երկուսուկես տարի, սակայն անապահովության գնահատման համակարգի՝ խոստացված արմատական վերանայումներն իրականացված չեն: Այս ընթացքում կատարված մեկ-երկու փոփոխությունները, ներառյալ՝ նաև վերը նշվածը, կրում են կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով համակարգում առկա խնդիրները:

Իրական լուծում ապահովող փոփոխությունները պետք է սկսել հենց անապահովության և սոցիալական կարիքի գնահատման մեթոդաբանական ու տեղեկատվական լիարժեք հիմքերի ապահովումից: Հետևաբար, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ենթակայության փոփոխությունները, միավորումները, եղած լիազորությունների վերաբաշխումները և նմանօրինակ մեխանիկական այլ փոփոխությունները ի սկզբանե ձախողված են՝ արդյունքի տեսանկյունից:

Պակաս մտահոգիչ չէ նաև մեկ այլ իրողություն: Փաստորեն, նույնիսկ այս պարզ փոփոխության նպատակով մշակված նախագծերի փաթեթն Ազգային ժողով է ներկայացվել թերի և այդպես էլ ընդունվել է: Այդ թերությունները շտկելու նպատակով, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2020թ. սեպտեմբերի 22-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Հիմա էլ քննարկվելու է 2020թ. մարտի 4-ին ընդունված օրենքների պարզունակ փոփոխությունների նախագծերի սխալների ուղղման հարցը:

Իսկ այս ընթացքում սոցիալական պաշտպանության քաղաքականության պատասխանատու բարձրաստիճանները սիրողական մակարդակով միայն խոսում են առկա խնդիրներից, լավագույն դեպքում էլ նախաձեռնում են ոչ առաջնային և թերի փոխոխություններ: Կարևորն այն է, որ անցնող յուրաքանչյուր ամսվա համար ստանում են պարգևատրումներ՝ իրենց հիմնական աշխատավարձերի չափով:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ