կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 14:50
Քաղաքական

Կազանից հետո Արցախը պետք է վերադառնար համապարփակ խաղաղություն կնքելու գործընթացին. Աշոտյան

Կազանից հետո Արցախը պետք է վերադառնար համապարփակ խաղաղություն կնքելու գործընթացին. Աշոտյան

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մեկ տարի անց հաստատում ենք այն, ինչ ակնհայտ էր նաև անցած տարի՝ Նիկոլ Փաշինյանը  Արցախյան հակամարտության հետ կապված ռազմավարություն չունի: Երբ օրերս պատմում էր, որ Արցախի ղեկավարության հետ կիսել է իր ռազմավարությունը, մի քիչ լավ հիշողություն ունեցող մարդիկ հիշեցին, որ մի քանի շաբաթ առաջ ԵՊՀ–ում խոստովանում էր, որ չունի ռազմավարություն, ասում էր` գրեք, տվեք, գնամ ներկայացնեմ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից ԼՂ բանակցություններում, նա վախենում է և  ճիշտ է անում, որ վախենում է պատերազմից, որովհետև որևէ բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց, այդ վախերով հանդերձ, նա քայլեր չի ձեռնարկում, որ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը համարժեք լինի այն մարտահրավերիներին, որոնց մենք առերեսվում ենք»,–նշեց նա։

Ըստ Աշոտյանի՝ Հայաստան–Արցախ ռազմաքաղաքական ճեղքը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման պատճառով, լի է բազմաթիվ վտանգներով, և բախտներս բերել է, որ Արցախի ղեկավարությունը շատ ավելի  իմաստուն է և չի տրվում Փաշինյանի սադրանքներին:

Անդրադառնալով Փաշինյանի` վերջերս արտահայտած մտքին, թե «Արցախի ղեկավար կազմը տեղյակ չի եղել ԼՂ բանակցային գործընթացից, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը», Աշոտյանը նախ հիշեցրեց, թե Սերժ Սարգսյանը ունի և՛ պարի, և՛ շախմատի, և՛ խաշի, բայցև` մարտական ընկերներ, այնուհետև նշեց՝ Փաշինյանն աշխատում է կարճ հիշողություն ունեցող մարդկանց վրա: «Երբ Սերժ Սարգսյանը գնում էր Ղարաբաղ և օրերով մնում այնտեղ, հանդիպումներ ունենում, դուք՝ սիրելի լրագրողներ, մանրամասներ էիք գրում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատմում և համոզում փոխզիջումների մասով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելուն, Աշոտյանը շեշտեց, որ բոլոր իշխանություններն էլ այդ խաղաքարտն օգտագործել են: «Բայց երբ այդ պնդումը դառնում է բանակցային գործընթացի սուբյեկտ, հիմնական թիրախ, երկրորդ պլան է մղվում՝ հանուն ինչի՞, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շո՞ւրջը: Այսինքն՝ որքանո՞վ է հաշվարկված Արցախի վերադարձը ռազմավարական հետևանքների տեսանկյունից, Արցախի վերադարձը կարող է լինել միայն միջոց՝ նպատակներին հասնելու համար: Երկրորդ՝ վստահ եմ, որ ՄԽ համանախագահների կողմից սա իրատեսական չի համարվում, որովհետև Նիկոլ Փաշինյանն այնքան ապաշնորհ ձևով  կյանքի կոչեց այդ գաղափարը, ավելի ճիշտ՝ կյանքի չկոչվեց: Ղարաբաղի՝ բանակցային գործընթաց վերադարձի մասով պետք էր պայմանավորվել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, և «Երեք պլյուս Հայաստան» ձևաչափով դեմ տային Ադրբեջանին: Արցախի վերադարձը չպետք է ինքնանպատակ լինի, այդ բանակցային լյուֆթը միշտ եղել է, մենք էլ ենք միշտ ասել, իսկ Կազանից հետո Արցախը պետք է վերադառնար համապարփակ խաղաղություն կնքելու գործընթացին»,- ամփոփեց Աշոտյանը: