Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հունիսի 6-ին, CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի ֆուտբոլային թիմերն ու լրատվամիջոցներն այցելել են Շուշիի Կերպարվեստի պետական թանգարան, Դրամների թանգարան, Երկրաբանական թանգարան:
«Ապառաժ»-ի հետ զրույցում ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ նախարարության աշխատակիցները տարբեր հանձնախմբերում ընդգրկվել են թիմերի տեղավորման, կամավորների հետ աշխատանքների կազմակերպման եւ մշակութային ծրագրերի իրականացման աշխատանքներում: Նախարարը ներկայացրել է, որ Վերածննդի հրապարակում իրականացվում են մշակութային տարբեր ծրագրեր՝ պարի պետական համույթի, Ջազ-բենդ նվագախմբի, էստրադային համույթի մասնակցությամբ, ինչպես նաեւ՝ «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ նորաձեւության ցուցադրություն:
Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքերով՝ Արցախում այսպիսի մոնիթորինգ առաջին անգամ են կազմակերպել, իսկ հյուրերը հիացել են մեր ջերմ ընդունելությունից:
Անդրադառնալով ֆուտբոլային խաղերին՝ նախարարը հավելել է, որ եզրափակիչ փուլում ցանկացել է տեսնել մեր հավաքականին, բայց այս պահին առաջատար թիմերում գնահատում է Աբխազիայի եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականների առավելությունները:
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասել է, որ ուրախ է մեծ ֆուտբոլի մեծ մարդկանց թանգարանում հյուրընկալելու համար: Նրա խոսքերով՝ ցուցադրության են ներկայացրել արցախյան արվեստի լավագույն ցուցանմուշները: Այցելուների ուշադրությունը առանձնահատուկ գրավել են Սամվել Գաբրիելյանի աշխատանքները՝ «Մայրը», «Հրեշտակը», «Ոտնահարված սրբությունը»:
Հարավային Օսիայի հավաքականի մարզիկ Դզագոյեվ Սոսլան նշել է, որ նմանություն է նկատել Արցախի եւ կովկասյան աշխարհի լեռների, բնության եւ մշակույթների մեջ։
Պադանիայի մարզիկ Անդրեա Ռուտեն իր հերթին նշել է, որ խաղերից հետո մնացած ժամանակը նախատեսել են Արցախի ինքնատիպ արվեստը, բնության հրաշքներն եւ մշակութային արժեքները վայելու։