կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-22 11:43
Հասարակություն

Ներկրվող ցեմենտի համար կսահմանվի 14 հազար դրամ պետտուրք, կլինկերի համար տուրք չի սահմանվի

Ներկրվող ցեմենտի համար կսահմանվի 14 հազար դրամ պետտուրք, կլինկերի համար տուրք չի սահմանվի

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցման ներկայացնելուց առաջ քննարկվել է ««Պետտուրքի մասին»օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները:

Մինչ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից կառավարության մոտեցումը ներկայացնելը` հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է. «Ի սկզբանե որոշված էր, որ պետք  է ներկրվող ցեմենտի և հումքի վրա պետտուրք՝ 22 հազար դրամի չափով: Հանձնաժողովի նիստում առաջարկեցինք կլինկերի նկատմամբ կիրառվող պետտուրք չկիրառել, քանի որ փոքր արտադրողներ կային, որոնց շահերը հաշվի չէին առել, իսկ ցեմենտի վրա կիրառվող պետտուրքի վրա դնել մեկամյա ժամկետ, բայց քանի որ հարցն ուսումնասիրությունների կարիք ուներ, ստեղծել ենք աշխատանքային խումբ, որի շրջանակներում հանդիպումներ ունեցանք ցեմենտ արտադրողների ու կառուցապատող ընկերությունների հետ: Զուգահեռ` փակ հանդիպումներ, առանձին վերլուծական բնույթի աշխատանքներ ենք կատարել, տվյալները համադրել ենք ու եկել մի որոշման»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, թե ինչ եզրահանգման են եկել: «Առաջարկում ենք, որ ներկրվող ցեմենտի համար սահմանվի 14 հազար դրամ տուրք: Սա էապես տարբերվում է 22 հազար դրամից: Երբ մենք սկսել էինք քննարկումները, և կառավարությունն ԱԺ-ին ներկայացնում էր իր հաշվարկը, այն կառուցված էր այն հիմնական թվերի վրա, որոնք վերաբերում էին խոշոր արտադրողի` նախորդ տարվա ընթացքում ունեցած արտադրական ինքնարժեքի թվերին: Եվ մենք այն ժամանակ 1 տոննայի համար  ունեինք 37 հազար դրամ: Հետագայում, երբ լրացուցիչ տեղեկություններ ստացանք  արտադրողից  վերջին ամիսների արտադրական գործունեության վերաբերյալ, նաև ՊԵԿ-ը մեզ ներկայացրեց տեղեկություններ և իր մոտեցումները, ստացվեց, որ արտադրական ինքնարժեքը մոտ է 31 հազար դրամին»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ հաշվի չէին առել, որ արտադրական ինքնարժեքն ու վաճառքի գինը շատ չեն տարբերվում:

Ներկրվող մեկ տոննա ցեմենտը ձեռք է բերվում մոտ 9000 դրամով, մաքսավճարներ և մաքսատուրքեր են վճարվում 800 դրամի չափով, բարձման հետ կապված ծախսերը` 700 դրամի չափ, տոննայի տեղափոխման համար ծախսը 12 հազար դրամ է: Առաջարկվող 14 հազար դրամ պետական տուրքի, իրացման 500 դրամ ծախսերի արդյունքում հանրագումարը մեկ տոննայի համար ստացվում է 37 հազար դրամ: Նաև` ավելացված արժեքի հարկը,  5 տոկոս շահութաբերություն դիտարկելու դեպքում արտադրանքը կարող է Երևան հասցվել և վաճառվել տոննան 47 հազար դրամով: Իսկ տեղական արտադրանքը վաճառվում է ներկայում մոտ 40 հազար 300 դրամով: Նախարարը ներկայացրեց նաև կլինկերից արտադրվող ցեմենտի գնագոյացումը: Ներկրվող կլինկերի վրա պետտուրք չի սահմանվել:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ շարունակում են առաջարկը պահել ուժի մեջ, որ օրենքի նախագիծն ընդունվի և գործի մինչ 2020-ի ապրիլը: Փաթեթում ներառել են նաև Հարկային օրենսգրքում փոփոխություն` պարտադիր վճարների հատվածում լրացում կատարելով, որ օրենքն ուժի մեջ մտնի անմիջապես: