կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-13 11:00
Հասարակություն

Կգաք, կտուգանվեք 10 հազար դրամ, չեք գա՝ 20 հազար դրամ. թաղապետարանի աշխատող

Կգաք, կտուգանվեք 10 հազար դրամ, չեք գա՝ 20 հազար դրամ. թաղապետարանի աշխատող

«Հայկական ժամանակը» գրում է.

 

«Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարողների տուգանել է ձմռան ձնառատ ամիսներին իրենց խանութներին հարակից մայթերը ձյունից չմաքրելու համար։ Տուգանված տնտեսավարողները Երևանի տարբեր վարչական շրջաններից են, տուգանքի չափը՝ 10-20 հազար դրամ։ Երեկ մի քանի տասնյակ տնտեսվարողներ քաղաքապետարանում էին՝ Վարչատուգանային հանձնաժողովի նիստին մասնակցելու և պարզաբանումներ տալու համար։ Եվ ինչպես տնտեսվարողներն են պնդում, քաղաքապետարանի կողմից լիազորված տեսուչներն իրենց տուգանել են թաքուն, առանց իրազեկելու։ Նրանցից մեկը փաստաբան Ալբերտ Կանդալյանի վստահորդն է հանդիսանում, և փաստաբանը «Հժ»-ին ներկայացրեց խնդիրը։

 

«Թաղապետարանի աշխատողը մտնում է իմ խանութ ու տեղեկացնում, որ այսօր նիստ է լինելու, զգուշացնելով՝ կգաք, կտուգանվեք 10 հազար դրամ, չեք գա՝ 20 հազար դրամ։ Ավելին, երբ նիստի ժամանակ տուգանման հիմքերն եմ պահանջում, ինձ պատասխանում են, որ եթե պետք լինի, դատարանում ցույց կտան։ Այսինքն՝ դատարանը ի սկզբանե ցուցադրում է արհամարհական վերաբերմունք տնտեսվարողի նկատմամբ նույնիսկ հանձնաժողովում չցուցադրելով այդ հիմքերը»,–«Հժ»-ին պատմեց տուգանված տնտեսվարողներից մեկը։ Նա ասաց, որ իր խանութում կան տեսախցիկներ և շատ հեշտ է դատարանում ապացուցել, որ իր մոտ տեսուչներ չեն մտել։

 

Փաստաբան Ալբերտ Կանդալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր վստահորդի լիազորությամբ հայց է ներկայացնելու դատարան։ Նա մեր հարցին ի պատասխան չբացառեց, որ կարող է անգամ խմբակային հայց լինել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Նա մեզ հայտնեց, որ տուգանված տնտեսվարողների թիվն անցնում է երկու հարյուրը։


Ըստ Ալբերտ Կանդալյանի, քաղաքապետարանի ընդունելությունների բաժնում ոչ միայն երեկ են տասնյակ տնտեսվարողներ սպասել հանձնաժողովից պարզաբանումներ տալու իրենց հերթին, այլև նախօրեին և դրանից մեկ օր առաջ»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։