կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-20 13:00
Առանց Կատեգորիա

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի խնդիրներն օր օրի կուտակվում են, և գնալով առավել ակներև է դառնում դրանց լուծումների հրատապությունը

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի խնդիրներն օր օրի կուտակվում են, և գնալով առավել ակներև է դառնում դրանց լուծումների հրատապությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մայիսի 17-ին «Հոդված 3» ակումբում հանրային քննարկման էր ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների առաջարկները: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը նույնպես մասնակցել էր այդ քննարկմանը:

Yerkir.am-ի հետ զրույցում  Ավետիսյանը շեշտեց, որ քննարկմանը ներկայացված առաջարկները տառացիորեն նույնն էին, ինչ ներկայացվել էին նախկին կառավարության կողմից դեռևս 2018 թվականի փետրվարին: «Ներքաղաքական փոփոխություններից հետո այդ նախագծի հետագա ընթացքն անհասկանալիորեն կասեցվեց նոր կառավարության կողմից: Մեկ տարի հետո ոլորտի քաղաքականության պատասխանատուները հավանորեն հասկացան այդ փոփոխությունների առարկայական կարևորությունը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորագույն խնդիրների և դրանց լուծումներին՝ «խտրականություն», «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» հասկացությունների սահմանումներ, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար աշխատատեղերի կրճատման դեպքում որոշակի արտոնությունների նախատեսում, արձակուրդի իրավունքի իրացման պայմանների բարելավում և այլն»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված կարևոր այս խնդիրների իրավական լուծումների ուշացումը և միայն այժմ նախարարության անդրադարձը, Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ պատճառն առաջին հերթին գործող իշխանությունների անհետևողական վերաբերմունքը և ոչ պրոֆեսիոնալ կեցվածքն է աշխատանքային իրավունքի ոլորտի բարեփոխումների, ոլորտի բազում խնդիրների նկատմամբ:

«Աշխատանքի և զբաղվածության ոլորտի խնդիրներն օր օրի կուտակվում են, և գնալով առավել ակներև է դառնում դրանց լուծումների հրատապությունը: Կարծում եմ` պակաս կարևոր չեն նաև մասնագիտական սրտացավ շրջանակների բազմաթիվ հորդորները: Մեր գրասենյակն այս հարցերին նվիրված բազմաթիվ հրապարակումներ է ունեցել՝ ներկայացնելով և հիմնավորելով առկա խնդիրները, դրանց լուծման հրատապությունը, ինչպես նաև դրանց առարկայական կոնկրետ լուծումները: Նշեմ վերջին օրինակը. ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը օրերս հրապարակեց Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրականացված համակողմանի ուսումնասիրության արդյունքները: Զեկույցը ներառում է ոլորտում բացահայտված խնդիրներն ու դրանց մտահոգիչ դրսևորումները, ինչպես նաև հնարավոր լուծումները»,- ասաց Ավետիսյանը:

Հարցին՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից բացահայտված բոլոր խնդիրների լուծումները ներառվա՞ծ են նախարարության առաջարկներում, գրասենյակի ծրագրերի համակարգողը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ խնդիրները կրկին բարձրաձայնելու և դրանց համակարգային լուծումներին վերաբերող առաջարկները տեղ հասցնելու համար էլ մասնակցում էին նախարարության կողմից նախաձեռնված հանրային քննարկմանը: «Առնվազն այս փուլում չստացանք պատասխանատու պետական մարմնի հստակ դիրքորոշումները մեր ներկայացրած բազմաթիվ առաջարկների վերաբերյալ»,- ասաց նա:

Հրատապ լուծում պահանջող ամենակարևոր խնդիրներից Ավետիսյանը նշեց աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության բացակայությունը: «Չկա կոնկրետ տեսչական մարմին, որն ունի այս ոլորտի բավարար վերահսկողության համար անհրաժեշտ լիազորություններ, մասնագիտական և տեխնիկական ներուժ: Մյուսը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` գործադուլի կարգավորումները նեղացնում են մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված` աշխատողի հիմնական իրավունքները և, բնականաբար, հակասում Սահմանադրության պահանջներին: Ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների կատարման կարգավորումները լիարժեք չեն և հակասում են մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին: Այս կարգավորումներով գործատուին թույլատրված է աշխատողին ընդամենը վճարել հավելյալ որոշ գումար և նրան ներգրավել վտանգավոր աշխատանքներում: Ստացվում է, որ գործատուն կարող է գնել աշխատողի առողջությունը և անվտանգությունը: Շարքը կարելի շարունակել»,- նշեց Թադևոս Ավետիսյանը: