կարևոր
2821 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-19 17:16
Հասարակություն

Հունիսի 15-ից սկսած Արցախ ոչ մի կիլոգրամ բեռ չի մտել՝ իրավիճակը օր օրի դառնում է աղետալի․ պետնախարար

Հունիսի 15-ից սկսած Արցախ ոչ մի կիլոգրամ բեռ չի մտել՝ իրավիճակը օր օրի դառնում է աղետալի․ պետնախարար

Հունիսի 15-ից սկսած Արցախ ոչինչ չի բերվել, ամբողջությամբ դադարեցված են ռուս խաղաղապահների և հումանիտար բեռնափոխադրումները: Այս մասին InfoPort.am-ի (https://infoport.am/am/) հետ զրույցում հայտնեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Մենք ունենք առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ԿԽՄԿ միջոցով պետք է տեղափոխվեին Հայաստանի Հանրապետություն, սակայն նրանց տեղափոխությունը չի կազմակերպվում ճանապարհի փակ լինելու պատճառով: Մենք չենք ստանում դեղորայք, սնունդ, տարեցների, երեխաների, նորածինների խնամքի համար անհրաժեշտ պարագաներ: Մենք չենք ստանում վառելիք և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են արցախցիների առաջ ծառացած հազարավոր խնդիրների՝ նրանց կյանքի վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար: Իրավիճակը օր օրի դառնում է աղետալի և անհասկանալի է, թե ինչու է աշխարհը հանդուրժում այս ամենը»,- շեշտեց պետնախարարը։

Ներսիսյանը շեշտեց, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի ժողովուրդը աշխարհի աչքի առաջ գոյաբանական պայքարի մեջ է: «Արցախցիները բացահայտորեն ենթարկվում են էթնիկ զտման, 120.000 հայի զրկանքների գնով պարտադրվում է հպատակեցում, 120.000 հայի պարտադրվում է ապրել սրի տակ կամ լքել իր հայրենիքը: Բայց պետք է հասկանալ մի ճշմարտություն, որ արցախցին այլևս չունի նահանջի տեղ և նման քայլերով անիմաստ է ինչ-որ բան պահանջելը կամ պարտադրելը: Միթե այս ամենը ունի այն արժեքը, որի համար աշխարհը կարող է հանդուրժել միջազգային մարդասիրական իրավունքի այսպիսի ոտնահարումը, մարդու տարրական իրավունքների այսպիսի վերացումը և դրանց պաշտպանության միջազգային փորձի կիրառումից հրաժարվելը կամ դիտավորյալ անգործությունը: Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի այսպիսի տարակերպ մեկնաբանությունն ու կիրառությունը բավականին թանկ է նստելու հավաքական աշխարհի ու մարդկության վրա, ուստի քանի ուշ չէ, պետք է բոլորը սթափվեն, առաջին հերթին՝ համայն հայությունը»,- ընդգծեց պետնախարարը:

Նա հիշեցրեց, որ Արցախի շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ «Տևական ժամանակ արցախցիները ապրել են լրջագույն խնդիրների մեջ, մինչև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը կարողացան կատարել հումանիտար բեռնափոխադրումներ՝ այդ կերպ մի փոքր մեղմելով ստեղծված իրավիճակը: ԿԽՄԿ միջոցով Արցախ էր հասցվում դեղորայք, իսկ ռուս խաղաղապահների միջոցով՝ սնունդ:

Ակնհայտ էր, որ կատարվող հումանիտար բեռնափոխադրումները անբավարար էին և դրանց միջոցով ընդամենը փորձ էր արվում բնակչությանը փրկել սովից ու ապահովել տարրական բուժօգնություն: Այդ հանգամանքը նկատելի էր նաև ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ ներկայացուցիչների համար, այդ պատճառով վերջիններս տևական ժամանակ բանակցեցին ադրբեջանական կողմի հետ, որպեսզի հումանիտար բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների թվում կարողանան օգտագործել նաև արցախյան 5-6 բեռնատար:

Ի վերջո ստանալով ադրբեջանական կողմի համաձայնությունը, 15.06.2023թ. հերթական հումանիտար բեռնափոխադրումը կազմակերպելու համար Արցախից Հայաստան մեկնող ռուսական ավտոշարասյանը միացել էր նաև 5 բեռնատար, սակայն մինչև Հակարի գետի վրա տեղակայված կամուրջը հատելը տեղի է ունեցել մեզ հայտնի սադրանքը և ավտոշարասյանն արգելվել է անցնել կամուրջը, որից հետո բեռնատարները վերադարձել են Ստեփանակերտ»:

Պետնախարարը նկատեց, որ իրավիճակը էլ ավելի անելանելի է դառնում 2022թ. դեկտեմբերից շարունակվող գազամատակարարման և էներգամատակարարման դադարեցման ֆոնին:

ԱՀ պետնախարար