Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացվել Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրի և նրանում ներառված զբաղվածության ծրագրերի մշտադիտարկման և գնահատման արդյունքները:
Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման գործընթացը՝ նախարարը նշել է, որ այն հնարավորություն է ընձեռում ճիշտ գնահատել և օբյեկտիվ որոշումներ կայացնել ծրագրերի շարունակականության, կատարվող փոփոխությունների և ոլորտում վարվող լիարժեք քաղաքականության մշակման առումով: «Զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգը շատ արդիական է՝ ունենալով 2016թ. արդյունքները, տեսնելով ընթացիկ տարվա ձեռքբերումներն ու խնդիրները, մենք կկարողանանք 2018 թվականի համար նոր մոտեցումներ ձևակերպել և ծրագրերն իրականացնել առավել արդյունավետ»,- ընդգծել է Արտեմ Ասատրյանը:
«Վիվատ քոնսալթինգ» և «Բիզնես քոնսալթ» խորհրդատու կազմակերպությունների փորձագետների կողմից կատարված հետազոտությունների հիման վրա հստակեցվել են Զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագրերի ձեռքբերումները, խնդիրներն ու մարտահրավերները: Ուսումնասիրվել են ծրագրերի հասցեականությունը, աշխատանքի տեղավորման մակարդակը, գործազրկության պատճառները, ծախսարդյունավետությունը, ըստ մարզերի ճիշտ տեղաբաշխումը, զբաղվածության մակարդակը և այլ գործոններ:
Աշխատաշուկայի առանձնահատկությունների և մակրոտնտեսական վիճակի մասին հետազոտություն է իրականացրել Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը: Աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի հիմնական նպատակը աշխատանք փնտրողների զբաղվածության հնարավորությունների ընդլայնումն է և աշխատուժի առաջարկի և պահանջարկի համադրումը: Ակտիվ ծրագրերի գնահատման արդյունքում հստակեցվել են ծրագրերի մասնակից շահառուների՝ աշխատանք գտնելու և այն պահպանելու հնարավորությունները, դիտարկվել են ծրագրերի բովանդակությունը, իրականացման արդյունքները՝ ծախսված ռեսուրսների և ստացված արդյունքի և տնտեսության վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից:
Ծրագրերի մշտադիտարկման և գնահատման արդյունքների ամփոփումը հնարավորություն կտա 2018թ. Զբաղվածության կարգավորման ամենամյա և պետական ծրագրերը կազմել առավել հասցեական ու նպատակային:
Ամփոփելով քննարկումը՝ նախարար Արտեմ Ասատրյանը ևս մեկ անգամ ընդգծել է ծրագրերից յուրաքանչյուրի մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը և շեշտել, որ համակողմանի ու բազմաբնույթ հետազոտությունները հնարավորություն կտան իրականացվող ծրագրերի առավել արդյունավետ իրագործմանը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Արայիկ Պետրոսյանը, Սոնա Հարությունյանը, Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նախարարության համապատասխան վարչությունների աշխատակիցները: