կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-15 14:03
Քաղաքական

ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է մեկուսացնել Իրանին, բայց նաև հաշվի է առնում ՀՀ-ի շահերը. Սաֆրաստյան

ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է մեկուսացնել Իրանին, բայց նաև հաշվի է առնում ՀՀ-ի շահերը. Սաֆրաստյան

Կան թույլ նախանշաններ, որոնք վկայում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հնարավոր երկխոսության մասին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Սոչի: 

Նա անդրադարձավ ամերիկյան մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե ԱՄՆ-ը պատրաստվում է 120.000 զինվորական ուղարկել տարածաշրջան: Սաֆրաստյանի կարծիքով` դա իրատեսական չէ, քանի որ ՆԱՏՕ-ն էլ չի ձգտում հավելյալ ակտիվություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում:

«Հայտարարվել է, որ ամերիկացիներն ուժեղացնում են իրենց ռազմածովային ուժերը, որոնք տեղակայված են Իրանի երկայնքով: Կարծում եմ, որ այս հաղորդագրություններին պետք է մոտենալ հետևյալ տեսանկյունից՝ ո'չ ԱՄՆ-ը, ո'չ էլ Իրանը չեն ցանկանում պատերազմ: Ամերիկացիները նպատակ ունեն ուժեղացնել ճնշումը Իրանի ղեկավարության վրա՝ փորձելով հասնել որոշակի փոփոխությունների արտաքին քաղաքականության բնագավառում, իսկ 120.000 զինվոր տեղակայելը մեծ ծախսեր է պահանջում, ռեսուրսներ: Երկրորդ՝ Թրամփն ամեն կերպ փորձում է ամերիկյան զորքերը դուրս բերել տարբեր տարածաշրջաններից, ուստի սա մոտ ապագայում իրական չէ, այսինքն՝ այս տեղեկությունը զուտ հոգեբանական ճնշում է: Իրանի ղեկավարությունն, իր հերթին, ամեն ինչ անում է, որ պահպանի ամենակարևոր նվաճումը՝ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելը: Ես համոզված եմ, որ պատերազմի մասին խոսելը շատ վաղ է, և Իրանի ղեկավարությունն ամերիկյան ճնշումներին չի տրվի ու կշարունակի իր անկախ արտաքին քաղաքականությունը»,- նշեց նա: 

Հիշեցմանը, որ դեռևս անցած տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով», Սաֆրաստյանն արձագանքեց, որ այդ հեռանկարն իրական կդառնա, եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և Իրանի միջև: 

«Եթե պատերազմ չլինի, սահմանը չի փակվի: Այո, ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է մեկուսացնել Իրանին, բայց նաև հաշվի է առնում Հայաստանի շահերը, որի համար Իրանի հետ սահմանն ունի կենսական նշանակություն: Ես կարծում եմ, որ պատժամիջոցները և ճնշումներն ուժեղացնելու քաղաքականության ընթացքում ԱՄՆ-ը հաշվի կառնի ՀՀ-ի շահերը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, ապա, ըստ թուրքագետի, Իդլիբի նահանգում լարվածությունը որոշ չափով աճել է, և Սիրիայի կառավարությունը սկսել է ավելի նպատակասլաց ճնշում գործադրել Իդլիբում տեղակայված ապստամբ ուժերի վրա, որոնք գնալով ավելի ու ավելի են ընկնում ծայրահեղականների՝ ԻՊ-ի և դրա հետ կապված կազմակերպությունների ազդեցության տակ:

«Թուրքիան ամեն կերպ պաշտպանում է այդ կազմակերպություններին և պահանջում, որ Ռուսաստանը չօժանդակի Սիրիայի իշխանություններին: Եթե իրադրությունը սրվի, դա կարող է ազդեցություն ունենալ Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ինչպես հայտարարում է Էրդողանը»,- շեշտեց Սաֆրաստյանը:

Չանտեսելով Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումները՝ թուրքագետն ասաց, որ Թուրքիայի ներքաղաքական կյանքում նոր խմորումներ են ձևավորվում:

«Կառավարող «Արդարություն և զարգացում»  կուսակցության ընդերքում հասունանում է դժգոհություն Էրդողանի վարած քաղաքականության և նրա անձի դեմ: Եվ կան հաղորդագրություններ, որ հնարավոր է 30 պատգամավոր հայտարարի  «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին: Մյուս կողմից՝ մի շարք ղեկավար գործիչներ, որոնք Էրդողանի կողմից  դուրս էին մղվել կուսակցության ղեկավարությունից՝ Դավութօղլուն, Բաբաջանը, Գյուլը, փորձում են ստեղծել նոր կուսակցություն, որը, ենթադրվում է, արդեն այս ամառ կհայտարարի իր գոյության մասին: Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում կարևոր դերակատարում են ստանում Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները, որոնք տեղի են ունենալու հունիսի 23-ին, և եթե Էրդողանի կուսակցությունը և նա պարտություն կրեն, ապա կնշանակի, որ նրա դիրքերը թուլանում են, ինչը նոր խթան կդառնա ներքաղաքական խմորումների համար»,- ընդգծեց նա:

Սաֆրաստյանի խոսքով` Թուրքիայի կարևորագույնը խնդիրները երկուսն են՝ հասարակության տարբեր շերտերի վրա շարունակվող ճնշումները,  երկրորդ՝ խորացող տնտեսական ճգնաժամը, որն ուղեկցվում է մեծ սղաճով, և ամերիկյան հետազոտողների հաշվարկները ցույց են տալիս, որ իրական սղաճը երկու անգամ ավելի է, քան ցույց են տալիս պաշտոնական տվյալները՝ մոտ 43 տոկոս:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է դառնում թուրքական տարբեր շրջանակների և քաղաքական ուժերի համար. մի կողմից Թուրքիան փորձում է երկակի խաղ խաղալ և ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ օգտագործելով իր մերձեցումը ՌԴ-ի հետ, մյուս կողմից` բոլորը հասկանում են, որ ՌԴ-ի հետ մերձենալու համար ռազմավարական առումով նախադրյալներ չկան: Սա արդեն վտանգավոր խաղ է դառնում, որը կարող է հեռուն գնալ և վտանգել, առհասարակ, Թուրքիայի աշխարհաքաղաքական և ռազմավարական դրությունը: Ըստ այդմ՝ ես կարծում եմ, որ ամռանը Թուրքիայում կլինեն ներքին քաղաքական կարևոր խմորումներ»,- ամփոփեց Սաֆրաստյանը: