կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-21 15:19
Քաղաքական

Այլ երկրներին զենք վաճառելիս Ռուսաստանը հաշվի է առնում Հայաստանի շահերը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Այլ երկրներին զենք վաճառելիս Ռուսաստանը  հաշվի է առնում Հայաստանի շահերը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ռուսաստանի կողմից ցանկացած երկրին սպառազինություններ վաճառելու որոշում կայացնելիս, հատկապես այն երկրներին, որոնք գտնվում են Հայաստանի անմիջական հարեւանությամբ, իհարկե, հաշվի է առնվում սպառազինությունների հավասարակշռության պահպանման պահանջը. լրագրողներին այսօր ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

Լրագրողների հարցին` եթե Վիլնյուսում Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ կնքվի ասոցացման համաձայնագիր, ինչպես դա կանդրադառնա Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վրա, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ այդ հարցը լուծված է, քանի որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու նպատակադրման մասին, եւ որ Հայաստանը ԵՄ-ի հետ չի ստորագրի ասոցացման համաձայնագիր:

 

Իսկ ինչ վերաբերում է այն «կտրուկ» քննադատությանն ու գնահատականներին, որ հնչեցրեց Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ վերջին գագաթաժողովի ժամանակ որոշ անդամների ոչ բարեկամական կեցվածքի կապակցությամբ, ապա Նիկոլայ Բորդյուժան նշեց, թե չի եղել «կտրուկ քննադատություն», եւ չի եղել «ոչ բարեկամական կեցվածք»:

 

«Այդպիսի հարցերը, հատկապես այն ժամանակ, երբ անդամ երկրներից մեկնումեկի գործողությունները այնպիսի գլոբալ հարցերում, որոնք համաձայնեցված չեն, առաջանում են միշտ: Հենց դրա համար էլ, որպես կանոն, անցկացվում է նախագահների նիստը, որպեսզի այդպիսի հարցերը քննարկվեն»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հավելելով, թե դա նորմալ գործընթաց է` համաձայնեցնել միեւնույն ռազմաքաղաքական միավորման մեջ մտնող երկրների տեսակետներն ու քայլերը:

 

Նիկոլայ Բորդյուժան հստակեցրեց, որ Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցը` որ ՀԱՊԿ որոշ անդամներ միջազգային թատերաբեմում միանում են այնպիսի հայտարարություններին, որոնք հակասում են Հայաստանի դիրքորոշմանը, դա նման խնդիրների նորմալ, բարեկամական քննարկում կամ քննադատություն է:

 

«Հավատացե’ք, ես մասնակցում եմ ՀԱՊԿ բոլոր նիստերին, եւ այդպիսի հարցեր առաջանում ու բարձրացվում են անդամ բոլոր երկրների ղեկավարների կողմից: Եվ միշտ դա քննարկվում է, ընդ որում` քննարկվում է բավականին բաց ու անկեղծ` առանց որեւէ ռեւերանսի»,- շեշտեց Նիկոլայ Բորդյուժան: