Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ նայում ենք մեր ժողովրդի պատմությանը, կարելի է ասել, որ դա հաղթանակների ու պարտությունների մի շղթա է. ցավոք սրտի, արցախյան ազգային ազատագրական պայքարը եւս այդպիսի ընթացք ունեցավ: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։
«Բազմաթիվ գործոնների ազդեցության տակ մենք չկարողացանք մեր ունեցածը պահել, պաշտպանել: Ընդհանուր առմամբ, պատմությունը ոչ միայն դաս է, այլեւ պատիժ բոլոր նրանց համար, որոնք պատմության դասերը հաշվի չեն առնում: Ցավոք սրտի, մենք մեր անցած դասերը հաշվի չառանք, չկարողացանք պահպանել մեր պետականությունը:
Արցախի, մեր պատմության էջը դեռ փակված չէ, ամեն սերունդ իր ներդրումը պետք է ունենա երկրի, պետականության պահպանման համար։ Ճիշտ է՝ այսօր մենք հուսախաբված, կոտրված վիճակում ենք, բայց պետք է եղած հնարավորություններն օգտագործել և հզորացնել Հայաստանը, այդ ամենի համատեքստում էլ փորձել հետագա մեր պյքարը շարունակել, մեր պատմական հայրենիքի մի հատվածը ազատագրել»,-ասաց նա:
Ըստ Վահրամ Բալայանի ՝ Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. «Մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա։ Այստեղ կարևոր է նկատենք, որ մենք որևէ երկրի, ժողովուրդների տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել: Մենք խորհրդային ժամանակաշրջանում ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, և այն որոշակի կարգավիճակ է ունցել Խորհրդային Միության կազմում, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է ունեցել: Ավելին ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ունեցել է նաև Սահմանադրություն, որտեղ գրված է, որ պաշտոնական, պետական լեզուն հայերենն է: Իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չկա, այսօր խոսել, որ պետք է Ադրբեջանի տարածքում լինի ինքնորոշում, այդպիսի բան չկա, դա անընդունելի է»,- նշեց Բալայանը։
«Այս կամ այն որոշումով հնարավոր չէ փակել ազգային հարցերը», - ասաց Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելով փորձ է արվում ամբողջությամբ օրակարգից հանել Արցախի հարցը:
«Թղթի վրա գրվածը դեռեւս հիմք չէ, այսինքն դա չի նշանակում, որ մեր պայքարը չպետք է շարունակվի, մեր ժողովուրդը չպետք է պահանջատեր լինի: Արցախը միայն արցախհայերինը չէ, այն համայն հայությանն է պատկանում:
Ես կարծում եմ՝ ժողովուրդը դա չի ընդունի: Դա ժողովրդական հանրաքվեի միջոցով պետք է լինի եւ ժողովուրդը արդեն մեկ անգամ որոշում կայացրել է եւ հետամուտ կլինի իր իրավունքները պաշտպանելու հարցում»,-ասաց նա:
Մենք պետք է այդ հուզական դաշտից դուրս գանք եւ ճիշտ գնահատական տանք ասաց Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանը նոր փաստեր, ապացույցներ է ուզում, որ 2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանում է տեղի ունեցել, արդյոք դա ադրբեջանամետ դիրքորոշում չէ մեր դաշնակից ՌԴ-ի կողմից:
«Բնականաբար, այդպես պետք է ասվի: Այսօր ռուս խաղաղապահները շարունակում են մնալ Արցախում, նրանք որոշակի առաքելություն պետք է իրականացնեին, եւ պետք է ասել, որ դա ձախողվել է: Այդպես պետք է ներկայացվի:
Իրականության մեջ դա ցեղասպանական ակտ է եղել մեր ժողովրդի նկատմամբ, դա ակնհայտ փաստ է, որը պետք է ներկայացնենք աշխարհին, նորից ցույց տանք, որ մեր ժողովուրդը ամբողջական վերադարձի իրավունք ունի եւ պետք է պայքարի այդ իրավունքն իրացնելու համար»:
Ճշտող հարցին՝ Ռուսաստանի այս դիրքորոշումն ինչպե՞ս է գնահատում, Վահրամ Բալայանն ասաց. «Ես չգիտեմ՝ իրենց ցանկությունը որն է, բայց մենք պետք է այդ փաստերը ներկայացնենք ամբողջ աշխարհին: Այդ փաստերը պետք է հավաքվի, իրավասու մարմիններին պետք է ներկայացվի, հհարցով շահագրգիռ երկրներին՝ ցույց տալով, որ այս ժողովրդի նկատմամբ կատարվել է ցեղասպանական գործողություն եւ մի ամբողջ ժողովուրդ հայրենազրկվել է»:
Հարցին՝ դուք Ռուսաստանին այդ ցեղասպանական գործողության մաս համարո՞ւմ եք, Վահրամ Բալայանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մաս չեմ համարում, այդպիսի գնահատական չպետք է տանք, որովհետեւ կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնենք: Ամեն անգամ նման գնահատականներ տալով մենք ինչ-որ ձեւով մեր հնարավորությունները ավելի սահմանափակում ենք»:
Նա հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտականությունները չեն կատարվել: Բալայանի խոսքով դեռ վաղ է գնահատական տալու համար, որ ռուս խաղաղապահներն իրենց անգործությամբ մաս են կազմել ցեղասպանությանը. «Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, ինձ թվում է, որ եղած հնարավորություններից մենք չպետք է զրկվենք, պետք է շարունակենք աշխատել՝ մեր ամբողջական վերադարձն ապահովելու տեսանկյունից: Այսինքն կարծում եմ՝ պետք չի շտապել ու այդպիսի գնահատականներ տալ»: