Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Բյուջեի ծախսերը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, դիմելով նրան, ասաց, որ կարծում է` 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր հարկային օրենսգիրքը նախատեսում է բյուջեում 10 մլրդ 250 մլն դրամի լրացուցիչ եկամուտ ապահովել։
«Նոր հարկային օրենսգրքով մենք մի շարք ուղղություններով ունենք էական աճ. բենզինի մասով 25 հազարը դառնում է 40 հազար, սեղմված գազի մասով ՝ 8 հազարը՝ 25 հազար և այլն։ Ես արժանահավատ չեմ համարում 10 մլրդ դրամը։ Կարծում եմ, որ ավելին պիտի հավաքագրվի»,- ասաց Մելքումյանը:
Ջանջուղազյանը հակադարձեց` ասելով որ, եթե պատգամավորը համաձայն չէ ենթադրությունների հետ, ապա կարող է ներկայացնել, թե ինքն ինչ ենթադրություններ ունի: «Եթե Դուք ավելի լավ ենթադրություններ ունեք, եկեք քննարկենք, բայց այն, որ մենք կանխատեսել ենք հենց այդքան, ներկայացվածը փաստարկված է։ Դա արժանահավատ է»,- նշեց նա։
Միքայել Մելքումյանն էլ շարունակեց պնդել, որ հստակ օրինակներ ներկայացվեն։ «Ենթադրությունները սխալմունքի կամ սխալի չափ ունեն։ Դուք գրել եք տոկոսն ինչքան է, մենք չենք կարող ենթադրություններ անել ու ասել` կյանքը ցույց կտա։ Գիտենք, որ գնաճային ցնցումներն ուժեղ են, հիմա կարո՞ղ եք ասել` սեղմված գազի ակցիզը, որ երեք անգամ ավելանում է, հասարակական տրանսպորտի գինը որքա՞ն է փոխվելու։ Ենթադրություններ անել տեսական մակարդակով ճիշտ չէ»,- հակադարձեց ԱԺ փոխնախագահը։
ՀՀ ֆինանսների փոխնախարարն էլ ընդգծեց, որ ինքը չի ցանկանում հակադարձել ու ներկայացնել առանձին տվյալներ սեղմված գազի մասով, ապա նշեց. «Մեր ներկայացրած բացատրագրում բոլոր ապրանքների մասով առանձին ամեն ինչ ներկայացված է, իսկ ենթադրություններ կան բոլոր կանխատեսումների հիմքում։ Առանց ենթադրությունների որևէ մոդել չենք կարող ունենալ»։
Ջանջուղազյանը այդպես էլ չպատասխանեց սեղմված գազի ակցիզի մասին հարցին, նա միայն ասաց. «Ես այդ հարցին չեմ ուզում անդրադառնալ»: