կարևոր
3319 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-05 20:50
Հասարակություն

Ադրբեջանական մեդիա տիրույթը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին նյութերով. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանական մեդիա տիրույթը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին նյութերով. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում գրում է.

Ադրբեջանական մեդիա տիրույթը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին նյութերով: Թե՛ քարոզչական մամուլը, թե՛ պատգամավորները, թե՛ իշխանությունների խոսնակները նույն թեզի շուրջ են կառուցում իրենց խոսքը, որ իբրև բանակցությունները փակուղում են, բախումն անխուսափելի է, թիրախում էլ՝ Սյունիքն է: 

Երեկ օրինակ, իրենց պատգամավորներից մեկը վրացական մեդիային տված հարցազրույցում պարզ տեքստով խոսում էր Սյունիքի վրա հարձակվելու իրենց նպատակների մասին: Դրան զուգահեռ վերջին շաբաթների ընթացքում Իսրայելից դեպի Ադրբեջան, ինչպես նաև Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական ուղեբեռով թռիչքների աճ է նկատվում: 

Ադրբեջանի ՊՆ–ի հետ էլ առնչվող կայքերը գրում են, որ պետք է լայնամասշտաբ զորավարժություններ սկսել ՀՀ տարածքների երկայնքով ու դա վերափոխել գործողությունների:

Այս ամենը կարող է արվել երկու նպատակով՝ 

1) Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ–ի դեմ և շատ ակնհայտորեն խոսում է դրա մասին: 

2) Սա տեղեկատվական քարոզչական գիծ է, որի նպատակը հայ հանրության ներսում խուճապ առաջացնելն է, իսկ ՀՀ իշխանությունների հանդեպ կիրառվում է ուժի սպառնալիքի գործոնը: Երկու դեպքում էլ գործ ունենք ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության հետ: 

Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները:

Խելացի աշխատել գործընկերների հետ, տեղեկատվական քարոզչական նյութերը օպերատիվ իրավիճակի հետ միասին ներկայացնել նրանց: Ավելի լավ է կանխարգելիչ քայլեր անել հիմա, քան սպասել էսկալացիայի, նոր գործել: 

Պետք է ինտենսիվ աշխատել իրանական կողմի հետ: Իրանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ Իրանի ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը՝ սահմանների անձեռնամխելիության հետ կապված: Իրանն իսկապես կարևոր զսպիչ գործոն է տարածաշրջանում ադրբեջանական ագրեսիայի հարցում, ուստի պետք է օգտվել դրանից: 

Պետք է խելացի, հանրային դիմադրողականությունը բարձրացնող տեղեկատվական քաղաքականություն վարել: Հանրությանը մեծ մասամբ տեղեկատվական աղբ է մատուցվում, իրականության հետ կապ չունեցող լուրեր, որոնք միայն վնաս են տալիս մեզ: 

Բնական է՝ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել բանակում: 

Ոչ մարտական պայմաններում մահացությունների աճը շատ վտանգավոր հետևանքներ է ունենում, դրանք ոչ թե կոծկել է պետք, այլ քննել: Բացի այդ, ՊՆ ներկայացուցիչները պետք է այցելեն այն ընտանիքներին, որոնք որդի են կորցրել, չի կարելի անտեսել նրանց: 

Խիստ կասկածում եմ, որ իմ ասածներից որևէ մեկը կարվի, բայց նաև հույս ունեմ, որ կսխալվեմ: Իրադրությունը իսկապես կարող է շատ արագ լարվել, պետք է աշխատել հենց այս պահից սկսած: