Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում այսօր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած` Հարկային օրենսգրքի ու կից օրենքների հետ կապված լսումներում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ընտրանքային մոտեցում և ընդգծված անկազմակերպվածություն է նկատել: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կազմակերպություններ ներկայացնող մարդիկ, որոնք նախապես էին գրանցվել` լսումներին մասնակցելու համար, այսօր ԱԺ անցակետում պարզել էին` իրենց անունները անվտանգության աշխատակիցներին չեն տրամադրվել:
-Հանրային լսումների թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային մասից դժգոհ եք, փաստորեն:
- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընտրանքային զտում է իրականացրել: Նախապես ասվել էր, թե բավական մեծ թվով մարդիկ էին մասնակցելու քննարկմանը, բայց դահլիճը կիսադատարկ էր: Մի կողմից հայտարարում են, թե հանրությունը ցանկանում է մասնակցել լսումներին, մյուս կողմից` այդ հանրությանը հնարավորություն չեն տալիս այդ մասնակցություն ունենալու: Նրանց այդ ընտրանքային մոտեցումը վերաբերում էր նաև այն անձանց, որոնք լսումներին մասնակցելու համար խորհրդարանի շենք մտնելու թույլտվություն ստացածների ցուցակում էին: Ազգային ժողով մուտք գործողների մի մասին թույլ էին տալիս հեռախոսները վերցնել, մյուս մասին` արգելում: Եթե անվտանգության հարց է, ապա բոլորից պետք է հավաքել հեռախոսները: Հարցուպատասխանին շատ քիչ ժամանակ էր հատկացված, ու հնարավոր չէր բարձրացնել բոլոր հարցերը: Հանձնաժողովի նախագահն էր կամային որոշում` ով է հարցը տալու: Նա այնուհետև հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ժամանակի սղության պատճառով հարցեր տալու հնարավորություն չեն ունենա, թող ելույթ ունենան: Բայց դա ճիշտ մոտեցում չէ, եթե մարդը հերթագրվել է, որ հարց տա, ուրեմն տեսնում է դրա անհրաժեշտությունը: Այս քննարկումների հիմնական մեխն այն էր, որ կառավարությունը վերահաստատում է նախկինում արած իր դիտարկումները` առանց լրացուցիչ հիմնավորումների: Այնպիսի տպավորություն էր, որ այս ընթացքում որևէ կարծիք, առաջարկություն ու դիտողություն օրենքի նախագծի հիմնավորման մասով չի եղել: Բայց դա այդպես չէ, քանի որ տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ, կուսակցություններ ներկայացրել են մտահոգություններ, առաջարկություններ: Իսկ այսօր լսումների ժամանակ հարց տվողները խնդիրների մասին բարձրաձայնում էին, բայց դրանց համար լուծումներ չէին առաջարկում: Սա գալիս է փաստելու այն մոտեցումը, որ, ինչպես նախորդ կառավարության, այնպես էլ այս կառավարության ֆինանսական բլոկի ներկայացուցիչները պատրաստ չեն մասնագիտական քննարկումների հասարակության տարբեր շերտերի հետ: Եվ դա հասարակության ու մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներին դրդում է հարցի լուծումները գտնել փողոցային պայքարով, այլ ոչ թե տարբեր հարթակներում դրա մասին բարձրաձայնելով: Կառավարությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը` հրաժարվելով նման մոտեցումներով բարեփոխումների գնալուց:
- Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակել է «շրջադարձային փոփոխությունների նախագիծ»: Հայտնի է, որ ՀՅԴ-ն մի շարք դրույթների ու կետերի, օրինակ` համահարթեցման սկզբունքի մասով համակարծիք չէ նոր կառավարիչների հետ:
-Այո, ՀՅԴ-ն կողմ է պրոգրեսիվ հարկային համակարգին, դեմ է համահարթեցմանը, որովհետև դա սոցիալապես անարդար համակարգ է: Պրոգրեսիվի հիմքում որոշակի տնտեսական, սոցիալական սկզբունքներ ու մոտեցումներ են ընկած: Առաջին սկզբունքն այն է, որ շատ ունեցողը պետք է շատ վճարի: «Շատից` շատ, քչից` քիչ» սկզբունքը պետք է գործի: Պետությունը հարուստ մարդկանց գույքի պաշտպանության ու սպասարկման համար ավելի մեծ գումարներ է ծախսում, քան փոքր կամ քիչ գույք ունեցողների համար, հետևաբար` նրանք ևս պատրաստ են շատ վճարել: Բացի այդ` շատ ունեցողը պատրաստ է շատ վճարել, եթե իմանա`այդ գումարները կուղղվեն հանրային բարիքների ստեղծմանը, օրինակ` անվճար կրթությանը, առողջապահությանը, առողջ շրջակա միջավայր ունենալուն: Իսկ մեր պետությունը նման քաղաքական մոդել չի առաջարկում: Այս դեպքում, միանշանակ, պետք է խոսել, որ հարկային քաղաքականության ու կառավարության մշակած ծրագրի միջև խզում կա: Մասնավորապես` կառավարությունը հայտարարում է, որ ձգտում է ներառական աճ ունենալ, իսկ դա ենթադրում է, որ արդյունքը պետք է բաշխվի լայն խմբերի կամ լայն շերտերի միջև: Համահարթեցման մոդելը դա չի ապահովում, այլ հակառակ երևույթին է հանգեցնում. ամեն մեկն իր եկամուտը հնարավորինս պետք պաշտպանի: Այս դեպքում գործում է բոլորի համար նույն հարկային դրույքաչափը: Հետաքրքիր երևույթի հետ գործ ունենք, երբ կառավարությունը դեռևս հստակ չի նախանշել տնտեսական զարգացման իր մոդելը, սակայն որոշել է առանձին ոլորտներում բարեփոխումներ իրականացնել: Դա նույնն է, երբ չես որոշել` ինչ մակնիշի մեքենա ձեռք բերել, բայց անիվ արդեն գնել ես: Տրամաբանական ու փիլիսոփայական սխալ մոտեցում է, բայց այս կառավարությունը շարունակում է այդ մոտեցմամբ առաջնորդվել:
Սխալ է նաև այն մոտեցումը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է` ի՞նչ պարտադիր է, որ աղքատները ծխեն կամ ոգելից ըմպելիքներ օգտագործեն: Աղքատ խավը նույնպես կարող է օգտվել նման ծառայություններից ու ապրանքներից, և պետությունը չպետք է հարկային բեռն անհամաչափ ձևով դնի նաև նրանց վրա: Սխալ է այն մոտեցումը, որ եթե դրանք ոչ առաջին անհրաժեշտության ապանքներ են, թող հասարակության բոլոր խմբերը վճարեն: Ոչ, նույնիսկ այն դեպքում, երբ այդ ապրանքներն առաջին անհրաժեշտության չեն, հարաբերականորեն պետք է վճարել:
Ողջունելի է, երբ կառավարությունն ասում է, թե մտադիր է պրոգրեսիվ գույքահարկի քաղաքականություն վարել, բայց մինչ այս պահը նման մոդել չկա սեղանի վրա: Եթե ցանկանում ենք որևէ հարկային քաղաքականություն իրականացնել` պետք է համակարգված ձևով իրականացնենք` հաշվի առնելով մի շարք գործոններ:
- Կառավարությունը ցանկանում է նվազեցնել շատ աշխատավարձ ստացողների հարկերը, ինչի հետևանքով պետական բյուջեում մոտ 22 մլրդի պակասուրդ է լինելու: Ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ:
- Ցանկանում է բարձրացնել որոշ հարկեր, որ այդ պակասուրդը փակվի: Վերջին 6-7 ամիսների ընթացքում կառավարությունը, առանձին խմբերի ճնշման տակ, հրաժարվեց տարբեր լրացուցիչ հարկային մուտքերից: Իրավաբանների ու փաստաբանների ճնշման տակ, օրինակ, հրաժարվեց վերոնշյալ ոլորտի մարդկանց ավելացված արժեքի հարկով հարկումից, կամ` գազավորված ըմպելիքներ արտադրողների ճնշման տակ հրաժարվեց ակցիզային հարկի չափեր ներդնելուց: Այժմ ասում են, թե հաշվարկներ են արել և, մի տեղ նվազեցնելով, մի տեղ բարձրացնելով, կարող են որոշակի հավասարակշռության բերել դաշտ, բայց վերջին 7 ամիսների ընթացքում կտրուկ սկզբունքային փոփոխություններ են եղել, որոնք որևէ ձևով չեն արտացոլվել Հարկային օրենսգրքի փոփոխություննների` ներկայացված նախագծում: Ըստ էության, սկզբնական հաշվարկները պետք է զրոյացնել ու նոր հաշվարկներ սկսել:
Այս պայմաններում կառավարությունը պետք է հետ կանչի ներկայացված նախագիծն ու քաղաքական տարբեր ուժերի, հասարակական միավորումների հետ սկսի մասնագիտական քննարկումներ, կլոր սեղաններ: Հանրային լսումների ընթացքում համակարգված մոտեցումներ ձեռք կբերվեն, քանի որ այն հարկային քաղաքականությունը, որ հնարավոր է ներդնել, սերունդների հարց է լուծելու: Վստահ կարող եմ ասել, որ հաջորդ իշխանությունը միանշանակ փոխելու է համահարթեցված հարկային քաղաքականությունը: Այդպես է եղել նաև Սլովակիայում, Չեխիայում և այլն, երբ նոր քաղաքական ուժը, տեսնելով, որ համահարթեցման քաղաքականության կիրառման պատճառով պետական բյուջեի մուտքային մասը կրճատվել է, պետական պարտքն` ավելացել, հրաժարվել է դրանից:
- Նոր կառավարիչներն ասում են, թե հարկային բարեփոխումներով պայքարելու են ստվերի դեմ: Որքանո՞վ է դա իրատեսական:
- Դա իրատեսական չէ, քանի որ մենք ունենք շահութահարկի 20 տոկոս դրույքաչափ: Անկախ նրանից` ֆիրման որքան շահույթ է ստանում, վճարում է միևնույն 20 տոկոս շահութահարկը: 20 տարուց ավելի է` գործում է այս համակարգը, բայց մեր ֆիրմաների մեծ մասը շահագրգռված չի եղել կամ չի ներկայացրել իրական շահույթի չափը: Հետևաբար` այն մոտեցումը, որ համահարթեցումից հետո մարդիկ կհայտարարագրեն իրենց եկամուտները, սխալ մոտեցում է: Ավելին ասեմ` մարդկանց մեծ մասի եկամուտները չեն ավելանալու, այլ գործատուներն են որոշակի խնայողություններ անելու, քանի որ հաճախ, երբ բանակցություններ են վարում գործատուների հետ, խոսում են կոնկրետ մաքուր աշխատավարձի մասին: Մարդ եթե ուզում է, որ իր մաքուր աշխատավարձը, օրինակ, 200 հազար դրամ լինի, նրան չի հետաքրքրելու` գործատուն 28, թե 23 տոկոս կգրի «կեղտոտ» աշխատավարձի վրա, քանի որ «կեղտոտ» աշխատավարձը մնալու է նույնը: Այսինքն` իրավիճակից օգտվելու են հիմնականում գործատուները, ոչ թե աշխատողները:
Զրույցը` Վրույր Սևակի