կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-01 18:00
Հասարակություն

Բյուջեն փոխզիջում է հասարակության տարբեր խավերի և տնտեսության տարբեր բնագավառների միջև. Ջանջուղազյան

Բյուջեն փոխզիջում է հասարակության տարբեր խավերի և տնտեսության տարբեր բնագավառների միջև. Ջանջուղազյան

ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները  թե' ֆինանսական համակարգի, թե' հարկաբյուջետային համակարգի վրա էական ազդեցություն չունեցան. ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ այս տարիների ընթացքում ստեղծվել են կայուն համակարգեր, որոնք էլ հնարավորություն են տվել խուսափելու հնարավոր ցնցումներից:

Ըստ Ջանջուղազյանի` 2019-ի բյուջեի նախագիծը հիմնված է նախորդ ժամանակահատվածի վիճակագրության վրա: «Բնական է, որ մենք այլ վիճակագրություն չունենք: Մակրոցուցանիշների ավելի լավ կանխատեսումներ մենք ուղղակի չէինք էլ կարող ունենալ»,- ասաց նա:

Ջանջուղազյանի խոսքով` եթե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, որը 2018-ին սպասվում էր, թե կլինի 4280 դոլար, 2019-ին կկազմի 4604 դոլար: Նա նշեց, որ սա իրենց համար լավագույն ցուցանիշը չէ և պետք է ջանք գործադրել, որ ավելի լավ արդյունքի հասնեն:

«Իսկ թե ի՞նչ արդյունավետությամբ է բաշխվել այդ ցուցանիշի արդյունքը, հաշվի առնելով մեր երկրում աղքատության մակարդակը, չենք կարող  ասել, թե բավարարված ենք արդյունքի բաշխման տրամաբանությամբ: Թե ի՞նչ պետք է անել, որ արդյունքը փոխվի, քիչ առաջ հնարավորություն ունեցանք իմանալու այդ քաղաքականության վեկտորի մասին, որը վարչապետը ներկայացրեց: Դա տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է, արտահանելի ճյուղերի արտահանումն է: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես հասնել դրան»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ներկայացվող փաստաթղթի հաջորդ կարևոր մասը, ըստ Ջանջուղազյանի, հարկային եկամուտների մասն է: «Այստեղ նույնպես պետք է նկատի ունենանք, որ օգտվել ենք նախորդ ժամանակահատվածի միջոցներից: Ներկայումս քննարկման փուլում է հարկային համակարգը: Իհարկե, մեր հարկային համակարգը կարող էր ավելի պարզ լինել, ավելի կայուն, որ լիներ գրավիչ գործարար տեսակետից: Այս դեպքում պետք է քննարկենք մոտեցումների մի խումբ, որը հնարավորություն կտա ունենալու առավելագույնս արդար սկզբունքով հարկման համակարգ, և հավաքված հարկերը կուղղվեն լավագույն պետական ծախսերին»,- շեշտեց նա:

Ջանջուղազյանի խոսքով` քննարկման թիրախ է կառավարման ապարատը: «Գնահատականներ են եղել, որ մենք ունենք ուռճացման որոշակի աստիճան. համակարգը բավարար չափով արագաշարժ չէ, արագ չի արձագանքում իրադարձություններին: Որոշակի փոփոխությունների արդյունքում մենք հասել էինք այն բանին, որ, բացի կառավարման ապարատից, ստեղծվեցին զուգահեռ միավորներ` հիմնադրամներ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Կարևոր է նաև այն, որ ժամանակի ընթացքում դրանց ձևավորումն ունեցել է իր տրամաբանությունը, սակայն հիմա պետք է փորձել կասեցնել դրանց գոյությունը, և եթե այս կամ այն կառուցվածքային միավորումը կառավարման ֆունկցիա է իրականացնում, ապա այդ գործառույթը պետք է լինի կառավարման ապարատում, իսկ եթե մասնավորի բնորոշ գործառույթ է, դա պետք է իրականացնի մասնավորը»,- պարզաբանեց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ, այս ամենը հաշվի առնելով, կազմել են բյուջեի փաստաթուղթը: «Սա նաև լավ առիթ կլինի հանրության համար իմանալու, որ բյուջեն ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկին, առանձին վերցրած միավորի շահերին ծառայելու նպատակ ունեցող գործիք է, այլ փոխզիջում է հասարակության տարբեր սոցիալական խավերի և տնտեսության տարբեր բնագավառների միջև: Կանխատեսելը մի կարևոր նպատակ ունի, որ գնահատենք` այս փոխազդեցությունն ինչպիսին պիտի լինի, որովհետև բյուջեն մեծ կշիռ ունի տնտեսության մեջ»,- եզրափակեց Ջանջուղազյանը: