կարևոր
30091 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-02 13:50
Մշակույթ Հասարակություն

Լույսի ու խավարի, Երկրի շերտերի ու բնապատկերների արտացոլումը. տեղի է ունեցել Անահիտ Ուլուբաբյանի անհատական ցուցահանդեսը

Լույսի ու  խավարի, Երկրի շերտերի ու բնապատկերների արտացոլումը. տեղի է ունեցել  Անահիտ Ուլուբաբյանի անհատական ցուցահանդեսը

Երևանի Արվեստի դեսպանատանը բացվել է նկարչուհի Անահիտ Ուլուբաբյանի «Շերտեր»  խորագիրը կրող նկարների առաջին անհատական ցուցահանդես-վաճառքը։ Իր արվեստի միջոցով Անահիտ Ուլուբաբյանը ձգտում է որսալ և կիսվել բնության և առօրյա մանրուքների մեջ առկա գեղեցկությամբ՝ առաջարկելով իր յուրահատուկ մեկնաբանությունները։ Չնայած նրա աշխատանքները հիմնականում աբստրակտ ոճի են, լինելով բնության սիրահար՝ նա գրեթե միշտ բնությունն ու դրա տարերքն է պատկերում իր կտավներում։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները հիմնականում եռաչափ են՝ ռելիեֆային,  պատրաստված խառը նյութերից, տարբեր առարկաներից ու թափոններից։ Շերտերը, տեքստուրաները և օրգանական ձևերը Անահիտի կոլաժների և գեղանկարների հիմնական բաղկացուցիչներն են։ Ցուցահանդեսի բացման առթիվ Yerkir.am-ը  զրուցել է նկարչուհու հետ։

- Ինչպե՞ս սկսեցիք կոլաժներ ստեղծել։

- Նկարում եմ մանկուց։ Ես սովորել եմ Քուինզբորոու համայնքային քոլեջի թվային արվեստի և դիզայնի ֆակուլտետը։ Մի փոքր զբաղվել եմ քանդակագործությամբ, սկզբում՝ որպես քոլեջի պարտադիր առարկա, հետո, այն շատ դուր  եկավ ինձ, բայց  համապատասխան պայմաններ չլինելու առումով  չխորացրի այն, չնայած, որ շատ կուզենայի։  Շուտով սկսեցի քանդակի նկատմամբ սերս արտահայտել եռաչափ կոլաժներ պատրաստելու միջոցով։

- Ինչպե՞ս եք համատեղում քանդակագործությունը ձեր կտավներում, քանի՞ նման աշխատանքներ ունեք։

- Կոլաժներում միշտ ներառում եմ եռաչափ դետալներ, որոնք ստանում եմ տարբեր առարկաների ու նյութերի միջոցով, նաև՝ քանդակից որոշ դետալներ ավելացնելով, հղկելով դրանք։ Եռաչափ կոլաժներս թվով քառասունն են, ցուցասրահում  ներկայացված է 25 աշխատանք, դրանցից մի քանիսը արդեն իսկ վաճառվել են։

- Ի՞նչ պատկերներ եք օգտագործում կոլաժներում։

- Ամեն բան ինձ ոգեշնչում է։ Տարրական կենցաղային մանրուքներից մինչև բնության բազմապիսի պատկերներ։ Կոլաժներում տեղ են գտել  խառը նյութեր, առարկաներ, ծեփամածիկի կիրառումից մինչև  թափոններ։ Իմ կոլաժներին բնորոշ են դեպի դուրս և դեպի ներս գնացող շերտերը, որոնցով, կարծում եմ, առանձնանում են աշխատանքներս։

- Կոլաժներում գերիշխում են Երկիր մոլորակը  բնապատկերները, այսինքն բնության տարբեր երևույթները, ինչպե՞ս եք հենց դրանք առանձնացրել և ինչո՞ւ եք այդ թեմատիկայով կոլաժներ ստեղծում։

- Ինչ էլ որ պատկերեմ ինձ թվում է՝  դրանք բնության մասնիկներ են, այսինքն դրանք ուղղակի և անուղղակի ձևով կապված են ինձ և բնության հետ, և  դրա միաձուլումն էլ իմ արվեստում է։ 

- Ո՞րն է ձեր ստեղծագործելու ոգեշնչման աղբյուրը,  ո՞ր կոլաժը  կառանձնացնեք։

- Գեղեցիկը  նկատելն ու դրա վերարտադրմամբ գեղեցիկի ստեղծելը, ես ուզում եմ, որ մարդիկ իմ արվեստից միայն դրական էմոցիաներ ունենան։  Բոլոր կոլաժները յուրովի են, բայց «Լույսն ու խավարը» վերնագրով   կոլաժը արտացոլում է ապոկալիպտիկ իրողություն, աշխարհի վերջին հաջորդում է լույսի պատուհանը, տեղի է ունենում  լույսի և խավարի առճակատումը, որում իհարկե հաղթում է լույսը, և որքան էլ խավարը փորձում է ներթափանցել  դեպի լույսը անհաջողության է մատնվում։


Անժելա Սեդրակյան