կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 18:07
Հասարակություն

Դաշնակցությունը շերտերի բաժանելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման. Արմավիրում վերաբացվեց «Արամ Մանուկյան» կենտրոնը

Դաշնակցությունը շերտերի բաժանելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման. Արմավիրում վերաբացվեց «Արամ Մանուկյան» կենտրոնը

Այսօր Արմավիրի մարզում կայացավ ՀՅԴ «Արամ Մանուկյան» վերանորոգված մարզային կենտրոնի բացման արարողությունը:

Կենտրոնը, որտեղ  գործում են տարածքային երեք` Արմավիրի «Խնուս», Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» և Բաղրամյանի «Սիմոն Զավարյան» կոմիտեներն ու Հայ օգնության միության և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Արմավիրի մարզի գրասենյակները, վերանորոգվել է  ՀՅ Դաշնակցության` Ֆրանսիայի, Բելգիայի և Հոլանդիայի կառույցների աջակցությամբ:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց, որ կենտրոնի վերաբացումն անգնահատելի կարևորություն ունի: «Սա ՀՅԴ-ի 128 տարվա պատմության դրվագներից է, քանի որ Դաշնակցությունն այդ տարիների ընթացքում իր գաղափարակիցներին հավաքելու տարբեր ճանապարհներ է անցել, և այսօր այդ գաղափարախոսությունն ամրապնդելու և ավելի լայն շրջանակների հասցնելու նպատակով նման կենտրոնների ստեղծումը շատ կարևոր է»,- ասաց նա:

Ղարաբաղցյանը նաև կարևորեց այն փաստը, որ կենտրոնը վերականգնվել է Դաշնակցության` Սփյուռքի կառույցների աջակցությամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ ՀՅԴ-ն համազգային  կառույց է:

Դաշնակցական հերոսների նկարներով և մուտքին` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի նկարով պատկերազարդված կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն Արմավիրի դաշնակցականները, այլև Ֆրանսիայից, Բելգիայից և Հոլանդիայից ժամանած դաշնակցականներ, Արցախյան ազատամարտի հերոսների հարազատներ, զինակիցներ:

Բացման խոսքով հանդես եկած` «Արամ Մանուկյան» մարզային կոմիտեի նախագահ Արամայիս Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց կենտրոնի վերանորոգության համար աջակցություն ցուցաբերած ՀՅԴ կառույցներին` խոստովանելով, որ այն չէր իրագործվի առանց նրանց ջանքերի:

Օրվա առիթով ելույթ ունեցավ նաև Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի փոխհերթապահ Հովսեփ Տեր-Գևորգյանը: Նա նշեց, որ Դաշնակցության կենսափորձը ցույց է տվել, որ ՀՅԴ կենտրոններում է, որ բազմաթիվ սերունդներ ստացել են իրենց մարդկային և ազգային ատաղձը, դաստիարակվել են ի խնդիր Հայաստանի Հանրապետության հզորացման, Հայ Դատի պայքարի ընդարձակման ու Սփյուռքի առավել կազմակերպման` մշակելով և իրագործելով անհամար ծրագրեր:

«Գիտակցելով նմանատիպ կենտրոնների նշանակությունը` մեր թշնամիները փորձել են զանազան միջոցներով հարվածել: Այս գրասենյակների համար վիրավորվել և զոհվել են մեր բազմաթիվ ընկերներ, համակիրներ, և, վերջապես, Հայ Դատի պայքարի ու Արցախյան ազատամարտի ճամփին մեր բազմաթիվ ընկերներ  այստե՛ղ են առել իրենց առաջին քայլերը: Արմավիրի այս գրասենյակի վերանորոգումը բազմաթիվ տարիներ մաս է կազմել Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ծրագրին: Սակայն վերջին տարիներին Ապրիլյան պատերազմի ընթացքին տուժած ընտանիքները, Արցախյան բանակի և Սիրիայում մեր հայրենակիցների օգնության հարցը եղել են մեր առաջնահերթությունները: Սակայն, քանի որ Դաշնակցության որոշումը վաղ թե ուշ գործադրվում է, ահա այսօր մենք այստեղ ենք»,- ասաց Տեր-Գևորգյանը:

Նրա խոսքով` այս ծրագրի իրականացումը հստակ պատգամ է բոլոր նրանց համար, ովքեր «ներսի ու դրսի, Սփյուռքի ու Հայաստանի, Արևմուտքի ու Արևելքի» Դաշնակցության միջև հակասություններ և բաժանումներ են ուզում տեսնել: «ՀՅԴ Ընդհանուր ժողովի նախօրեին այս համեստ, սակայն խորհրդանշական աշխատանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Դաշնակցությունը շերտերի բաժանել միտող բոլոր փորձերը դատապարտված են ձախողության»,- եզրափակեց Տեր Գևորգյանը` հավելելով. «Դաշնակցության կենտրոնները կենտրոն լինելուց վեր են, դրանք ժողովրդի տունը պետք է հանդիսանան»:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական միությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Մենք հավատացած ենք, որ Դաշնակցությունն ամենալավ կազմակերպությունն է հայ ժողովրդի համար: Դաշնակցությունը, այո, արդեն նշում է իր 129-ամյակը, սակայն չսխալվենք, ընկերնե'ր, Դաշնակցությունն ապագայի կուսակցություն է: Անշուշտ, Դաշնակցությունն ունի բոլոր տեսակի փորձառություններ, որ հայ ժողովրդին մատուցի փայլուն ապագա, սակայն, ցավոք, մինչ օրս չի կարողացել համոզել ժողովրդին իրեն վստահելու հարցում: Բայց կգա օրը, երբ Հայաստանի ժողովուրդը նույնպես կվստահի Դաշնակցությանը: Ժամանակի հարց է: Եվ երբ գա Դաշնակցությանը վստահելու օրը,  ասելու են` ինչո՞ւ առաջ չենք վստահել»,- ասաց նա:

Փափազյանի համոզմամբ` հայ ժողովուրդը փայլուն ապագա կունենա այն ժամանակ, երբ հաստատվի «Մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ հանրապետություն» գաղափարը: «Սա միայն Դաշնակցությունը կարող է հաստատել այս երկրում: Հիմա աշխատանք պետք է տանենք, որպեսզի մեր քաղաքացիները մեզ հավատան: Իսկ դրա համար պետք է մտնենք ժողովրդի մեջ, լինենք ժողովրդի կողքին, աշխատենք ժողովրդի համար»,- նշեց նա` հավելելով. «Դաշնակցությունը մեկն է, միակամ է, և անգամ եթե ունենք մեր մեջ տարբերություններ, ինչը շատ բնական է աշխարհի 30 երկրներում գործող կուսակցության համար, դա մեր հարստությունն է»:

Այնուհետև, Մուրադ Փափազյանի գլխավորությամբ, կայացավ երդման արարողություն, և ՀՅԴ շարքերը համալրվեցին նոր անդամներով: