Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանը թեև ձեռնպահ է մնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընթացիկ գործով գնահատականներ տալուց, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, այդուհանդերձ, ասաց, որ այս հարցում հանրային վստահության բաղադրիչի ակնհայտ կարիք կա:
«Այս գործով պետությունը շատ ավելի մեծ բեռ է ստանձնում՝ ապահովելով իրավունքի գերակայությունը: Կարևորել եմ նաև հանրային հաշվետվողականության բարձր աստիճանը, որ հանրային վստահության բաղադրիչի հարցն իրացվի: Մեր համատեղ աշխատանքի շնորհիվ մի քանի հարցեր են լուծում ստացել, մասնավորապես` էլեկտրոնային միջոցի հետ կապված հարցը, ընտանիքի հետ տեսակցության հարցը։ Կենսաթոշակի վրա արգելանք էր դրված, մեր միջամտությամբ հանվել է»,- Քոչարյանի պահման մասին որոշակի մանրամասներ ներկայացրեց նա` ավելացնելով, որ ՔԿՀ-ների ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ երկրորդ նախագահն իրեն չի ներկայացրել:
Թաթոյանը նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը սովորական խցում է՝ առանձնահատուկ պայմաններ չունեցող:
Հարցին` անմեղության կանխավարկածի խախտում եղե՞լ է Քոչարյանի մասով, թե՞ ոչ, ՄԻՊ-ն արձագանքեց` այդ մասին դեռ նախորդ հունիս ամսին ինքը հայտարարություն է արել` անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիրներ են եղել։
«Ես նշել էի, որ պաշտոնատար անձինք, հատկապես` հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարություններում, որովհետև դա կարող է վնասել նաև այդ գործին, որն իրականացվում է։ Հիմա ուզում եմ կրկին այս հարցը բարձրացնել և խնդրել բոլորին, որ հետևեն անմեղության կանխավարկածի սկզբունքին, դա կարևոր նշանակություն ունի, հատկապես` նաև պետության կողմից առաջ քաշված խնդիրները լուծելու համար»,- ամփոփեց նա: