կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-05 14:10
Հասարակություն

Դեպի Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելանքը հանելու մասին

Դեպի Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելանքը հանելու մասին

Այսօր ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց դեպի Ռուսաստան Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելանքի մասին:


Նա նշեց, որ դա պետք է դեպորտից տարբերել, քանի որ դեպորտն այն է, երբ անձը, գտնվելով օտարերկրյա տարածքում, այնտեղ վարչական վարույթ են սկսում և արդյունքում` արտաքսում, իսկ մուտքի արգելանքն այն է, երբ ՀՀ քաղաքացիներն առանց դեպորտի եկել են Հայաստան, որից հետո փորձել են կրկին վերադառնալ Ռուսաստան, սակայն  նրանց մուտքը արգելվել է, որովհետև նրանք խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը:


Գագիկ Եգանյանի խոսքով` վերջին երկու տարիներին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունն անընդհատ խստացվում է, և այս ճանապարհով Ռուսաստանը փորձում է պայքարել անկանոն միգրացիայի դեմ: Նա նշեց, որ խախտումները երկու տեսակի են` միգրացիոն օրենսդրության պահանջների խախտում, երբ չի պահպանել Ռուսաստանում մնալու համար նախատեսված ժամկետը, կամ թույլ են տրվել վարչական իրավախախտումներ, օրինակ` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, անկախ այն բանից` տուգանք վճարել է, թե` ոչ:


Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ հունվարից ուժի մեջ մտած օրենքի փոփոխությամբ` նման  խախտումներ թույլ տված անձի մուտքը Ռուսաստան կարող է արգելվել 10 տարով: Նա նշեց, որ Ռուսաստանի իր գործընկերները մուտքի արգելանք ունեցողների թիվը նշում են ավելի քան 3 միլիոն:


Գագիկ Եգանյանը նշեց, որ երկու տարբերակ կա` մուտքի արգելանքը վերացնելու, մեկը դատական ատյաններում վիճարկելն է, մյուս տարբերակն այն է, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները հնարավորություն են տալիս դիմում գրել իրենց և դիմումի հիման վրա վերանայել անձի դեպի Ռուսաստան մուտքի արգելանքը: Մուտքի արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմում գրել ու այն ներկայացնել իրենց մարզի  մարզպետարան,  որտեղ համապատասխան աշխատակիցները բացատրում են, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, ապա` այդ փաստաթղթերը ուղարկում են Երևան, այստեղ էլ դրանք ուսումնասիրվում են և ուղարկվում Ռուսաստան, այնտեղ էլ այդ փաստաթղթերն ուսումնասիրում են Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները: Այդ գործընթացը, որպես կանոն, տևում է մոտ 3 ամիս:


«Միայն այն դիմումները, որոնցում  կա փաստ դատական ատյանների վճռի մասին, մենք չենք կարող ընդունել, որովհետև այդ վճիռները կարող են հանել միայն դատական ատյանները»,- ասաց Գագիկ Եգանյանը:


Լրագրողների հարցին` որքա՞ն դիմում է դրական հանգուցալուծում ստացել, այսինքն` մուտքի արգելանք հանվել, Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ ներկա պահի դրությամբ կա 5500 դիմում, դրական պատասխան է ստացվել դիմումների 30 տոկոսի համար,  այսինքն` ուղարկված երեք գործից մեկին դրական պատասխան է գալիս: