Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը գնահատում է բավարար: Նա նկատում է՝ քննարկել և պայմանավորվածություն են ձեռք բերել նաև տարիներ առաջ Արցախի կողմից առաջարկված հարցերի շուրջ: Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրուցում խոսեց արտգործնախարարների հանդիպման մասին:
Նա նշեց, որ փաթեթը ենթադրում էր, որ դիպուկահարները պետք է հետ քաշվեին, տոն օրերին զերծ մնային զինադադարի ռեժիմի խախտումից, նաև առաջարկել էին մարդասիրական ոլորտում մի շարք քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, առաջարկել էին բերքահավաքի ժամանակ զերծ մնալ զինադադարի ռեժիմի խախտումից, քանի որ ադրբեջանական կողմը բերքահավաքի ժամանակ կրակ էր բացում Արցախի դաշտերի ուղղությամբ, հրդեհների պատճառ դառնում:
Անդրադառնալով փոխադարձության հիման վրա կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների տեսակցության թույլտվության պայմանավորվածությանը՝ Բաբայանը նշեց, որ Արցախը պատրաստ է,սակայն միայն եթե Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը:
«Արցախի տարածքում կա ձերբակալված ընդամենը 2 ադրբեջանցի, երկուսն էլ ահաբեկիչներ և հանցագործներ են: Նրանք այն հանցավոր խմբի անդամներն են, ովքեր մի քանի տարի առաջ ներթափանցել են Արցախի տարածք, կատարել են սպանություններ, բռնություններ: Սակայն այդ մարդիկ հնարավորություն ունեն շփվելու իրենց բարեկամների հետ: Պարբերաբար, ինչպես կարգն է, նրանք սկայպով կամ այլ կերպ հաղորդակցվում են իրենց բարեկամների հետ: Եվ եթե Ադրբեջանը չխոչընդոտի, ու մեր հայրենակիցները հնարավորություն ունենան գնալ ու տեսնել իրենց հարազատներին, Արցախը պատրաստ է թույլատրել: Եթե փոխադարձ է, Արցախը պատրաստ է: Մենք թաքցնելու, վախենալու բան չունենք: Սա ցույց է տալիս մեր ուժը, մեր քաղաքակրթությունը»,- ասաց Բաբայանը:
Նա նշեց՝ այն, որ Արցախը պատրաստ է նման քայլի, չի նշանակում, թե որևէ ձևով վերանայում է իր մոտեցումը և չի նշանակում, թե կասկածի տակ է դնում իր անվտանգությունն ու ապագան: