Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանն անտեսում է Լաչինի միջանքը բացելու կոչերը՝ չնայած միջազգային զգալի ճնշմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն արեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության անդամ Բորիանա Աբերգը Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ։
Աբերգը խոր ափսոսանք հայտնեց, որ խորհրդաժողովում ստիպված են դարձյալ քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։ Նա շեշտեց, որ բանավեճն օրակարգի ամենավերջին կետերից է, և անդամներից քչերն են ներկա։
«Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդկանց տառապանքն ավելի մեծ ուշադրության էր արժանի։ Բայց նախևառաջ նրանք արժանի են, որ հարգվեն իրենց հիմնարար իրավունքները։ Սա տարածքային ամբողջականության հարց չէ, Հայաստանի կամ Ադրբեջանի հարց չէ, սա մարդու իրավունքների հարց է», - նշեց քաղաքական գործիչը։ Բորիանա
Աբերգը ներկայացրեց, այսպես կոչված, «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ սննդի, դեղորայքի պակաս, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներ։
Բանախոսը նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգել էլեկտրամատակարարման բարձրավոլտ մալուխը, որով Արցախը էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանի Հանրապետությունից։
Բորիանա Աբերգը հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոչ անելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը։ Իսկ մինչ այդ Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով Բաքվին կոչ էր անում ազատել հայ ռազմագերիներին, հանել զորքերը Հայաստանի տարածքից և բացել Լաչինի միջանցքը։
«Ակնհայտորեն միջազգային զգալի ճնշում կա, որն ավելի է ամրապնդվում այն փաստով, որ այդ թեմայի շուրջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառեց Ադրբեջանի դեմ։ Ցավոք, Ադրբեջանը որոշել է անտեսել այս կոչերը։ Ցանկանում եմ հարց տալ՝ ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ», - եզրափակել է նա։