կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-07 16:23
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է G7-ի ամփոփիչ հաղորդագրությունը

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է G7-ի ամփոփիչ հաղորդագրությունը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է նախօրեին Ֆրանսիայում իր աշխատանքներն ավարտած G7-ի ԱԳ նախարարների նիստի ամփոփիչ հաղորդագրությունը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ամփոփիչ հաղորդագրության կետերը, որոնք չհիմնավորված մեղադրանքների եւ խաղաղասիրական նպատակներով Իրանի միջուկային ծրագրի, հրթիռային ծրագրի եւ տարածաշրջանային դերակատարության հետ կապված կանխակալ մոտեցումների հիման վրա են կառուցված, համարում է ոչ կառուցողական ու միակողմանի եւ, մասնավորապես, Միջուկային համապարփակ համաձայնագրի ու եվրոպական երեք երկրների ստանձնած պարտավորություններին հակասող»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ հավելելով. «ցավալի է այն փաստը, որ խմբի մյուս անդամները, ընկրկելով ԱՄՆ ճնշումներին, փորձել են բավարարել այդ երկրի պահանջները»:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հավատարիմ մնալով իր ստանձնած միջազգային պարտավորություններին, ապացուցել է իր բարի կամքը՝ միջազգային հանրության հետ երկխոսելու եւ գործակցելու կապակցությամբ, եւ հավատացած է, որ Իրանի կողմից սպառնացող վտանգի մասին մտացածին մեղադրանքներն ու դրանք ամրագրելու ապարդյուն փորձերը չեն կարող ազդել տարածաշրջանում եւ աշխարհում սեփական ազգային շահերը հետապնդելու՝ Իրանի ժողովրդի վճռակամության եւ Իրանի Իսլամական Հանրապետության որդեգրած մոտեցման վրա»,- հստակեցրել է Ղասեմին: