կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-13 12:02
Տարածաշրջան

Մենք ունենք ճշգրիտ տեղեկատվություն. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին

Մենք ունենք ճշգրիտ տեղեկատվություն. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Իրանին խոստացել է տարածաշրջանը մաքրել ահաբեկիչներից: Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Անդրադառնալով իրանա-ադրբեջանական հարաբերություններին՝ Խաթիբզադեն ասել է. «Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները շատ բարեկամական են, բարի, բազմակողմանի: Երեկ մամուլի ասուլիսում ես նշեցի, որ մեր հարաբերությունները մեր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, անկեղծ են, և նրանց հետ հարաբերությունների բացակայությունը անբնական է: Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին՝ մենք ընդգծեցինք հարևան երկրների իրավունքների իրացման քաղաքականության կարևորությունը: Այս համատեքստում մենք ողջունեցինք Ադրբեջանի իրավունքի իրացումը, սակայն պատերազմը ճիշտ մեթոդ չհամարեցինք՝ ընդգծելով երկխոսության անհրաժեշտությունը: Իրանն ու Ռուսաստանը աջակցել են հակամարտող երկրների միջև բանակցություններին:

Ահաբեկչական խմբավորումների՝ Ադրբեջանի տարածք տեղափոխվելու մասին տեղեկատվությունը հրապարակվել է պատերազմից ի վեր, մենք ունենք փաստաթղթեր, նույնիսկ նրանց խոսակցությունները, մենք ունենք ճշգրիտ տեղեկատվություն: Մենք ադրբեջանական կողմին ասացինք, որ դա մեզ համար անընդունելի է, նրանք մեզ ամենաբարձր մակարդակով խոստացան, որ կվերացնեն այդ մտավախությունները»:

ԱԳՆ խոսնակը հիշեցրել է Ադրբեջանի «ոչ բարեկամական» վերաբերմունքն իրանցի վարորդների նկատմամբ, որից հետո Իրանը անկեղծ բանակցություններ վարեց Ադրբեջանի հետ, որոնց Բաքուն խոստացավ, որ կփորձի լուծել հարցը:

Խաթիբզադեն, անդրադառնալով ադրբեջանցի որոշ պաշտոնյաների ոչ դիվանագիտական հայտարարություններին, ասել է.

«Մենք արձագանքեցինք այս հայտարարություններին մեր սեփական ուղիներով: Հարկ է նշել, որ տարածաշրջանում կան երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանում, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները լինեն բարեկամական: Այդ պատճառով նրանք հրապարակում են կեղծ լուրեր, փորձում են օգտագործել երկու երկրների ժողովուրդների զգացմունքները՝ իրենց նպատակներին հասնելու համար: Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են լավագույն մակարդակի վրա, ևերկու երկրների պաշտոնյաների փոխայցերը շարունակվում են»: