|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձավ նպաստների ուշացմանը և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց` արդյո՞ք հարցն արդեն լուծվել է:
Բաթոյանը տեղեկացրեց, որ ուշացման պատճառը տեխնիկական գործընթացների հետ է կապված, վճարումները սկսվել են մարտի 29-ից և օրենքով սահմանված կարգով «Հայփոստ»-ը 10 օրվա ընթացքում պետք է տրամադրի դրանք:
«Երաշխավորվա՞ծ ենք, որ մյուս ամիս չեն լինի ուշացումներ», - հարցրեց Փաշինյանը։
Նախարարն արձագանքեց, որ ամեն ինչ կանեն:
Վարչապետը հետաքրքրվեց` այս անգամ ինչո՞ւ նախապես չեն ապահովել, և ո՞վ կարող է տալ հարցի պատասխանը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով հարցադրմանը, ասաց, որ 2017-ին կառավարությունը որոշում է կայացրել, որով սահմանել է պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման կարգը։ «Մենք անցած տարվա հոկտեմբերի 2-ին առաջին անգամ շրջաբերականով տեղեկացրել ենք մեր գործընկերներին ու խնդրել, որ ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, 10 հազար օգտատերից մոտ 3000-ինն է եղել վավեր»,- տեղեկացրեց նա։
Նախարարի խոսքով՝ մի անգամ էլ փետրվարի 2-ին են բոլոր օգտատերերին իրազեկել, որ այս ամենն ապահովեն մինչև մարտի 21-ը։
«Փաստորեն, այդ 10 հազար մարդը պետական ծառայողներ են, իսկ ինչո՞ւ չեն կատարել հանձնարարականը։ Տիկնայք ու պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականները», - հարցրեց վարչապետը, ապա հավելեց. «Որ ասում ենք` պետական կառավարման համակարգում շատ պարապ մարդ կա, ասում եք` չէ, այդպես չէ»:
Նա պահանջեց այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ լինի մի քանի հազար մարդ, որոնք հանձնարարականը չեն կատարել, ու նրանց պատճառով մարդիկ ժամանակին չեն ստացել նպաստները։ «Երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր լուծենք, ուրեմն այդ մարդիկ պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում»,- ասաց վարչապետը։