Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փակ քննարկում հրավիրել` Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ժամեր անց Ալիևը հայտարարեց. «Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է պատերազմի առաջին փուլը, իսկ բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է»: Ալիևը նաև հայտարարեց, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու: Սա, հիշեցնեմ, Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո:
Եվս մեկ դիտարկում. թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ վերջին շրջանում ադրբեջանական զինուժը նորից կիրառեց վաթսուն միլիմետրանոց ականանետ, որից ինը բեկորային ական արձակվեց Արցախի դիրքերի ուղղությամբ: Բացի դա, ադրբեջանական զինուժն օգտագործեց հաստոցավոր ավտոմատներ, նռնականետեր, ինչպես նաև գործի դրվեցին դիպուկահարները: Ալիևյան մտավարժանքներից հետո նախօրեին վարչապետ Փաշինյանը հայտարարում է. «Համաձայնեք, շատ տարօրինակ իրավիճակ է, երբ երկու երկրների ղեկավարներ մի քանի ժամ սենյակում հանդիպում են ունենում, որից հետո արվում են մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն տարբերվում են և սա ընդհանրապես գործընթացի լրջությունը դնում է կասկածի տակ»:
Իրապես ստեղծվել է բավականին անհասկանալի իրավիճակ, և խնդիրը Հայաստանի խորհրդարանում քննարկելու հրատապ անհրաժեշտություն կա: Խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից վարչապետին և պաշտպանության նախարարին առանձին ԱԺ խորհրդարանական խմբակցություններ հրավիրելու փոխարեն «Բարգավաճ Հայաստան»-ն առաջարկում է հնարավորինս արագ կազմակերպել խորհրդարանական փակ քննարկում, որին պարտադիր պետք է ներկա լինեն ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, ինչպես նաև Արցախի խորհրդարանի մեր պատգամավոր գործընկերները»,- գրել է Զոհրաբյանը: