կարևոր
1087 դիտում, 1 օր առաջ - 2025-01-26 16:28
Աշխարհ

Ադրբեջանը արձագանքել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին հոգեներգործուն նյութեր տալու մասին Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանը արձագանքել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին հոգեներգործուն նյութեր տալու մասին Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է  Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով:

«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար: Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ»,- նշել էր նա։

Բաքվի պնդմամբ՝ այդ պնդումները «հիմք չունեն և ծիծաղելի են»։

«Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումները անկախ հետաքննվել են, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, և մեղադրանքները, ինչպես պարզվել է, կեղծ են: Ակնհայտ է, որ Հայաստանի նման հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան նյարդայնացած է այդ երկրի քաղաքական ղեկավարությունը ռազմական հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ շարունակվող դատավարությունից», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Բաքվնում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: