կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 11:32
Մշակույթ

Խնդիրն ավելի մեծ է`մշակույթի ոլորտում կառավարման ճգնաժամ է. Լիլիթ Գալստյան

Խնդիրն ավելի մեծ է`մշակույթի ոլորտում կառավարման ճգնաժամ է. Լիլիթ Գալստյան

Այն ամենն, ինչ կատարվում է այս պահին, պարզապես ոլորտում առկա խնդիրների դրսևորման մի փոքր հատվածն է. Yerkir.am-ի հետ զրուցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից կյանքի կոչված` մշակույթի և երիտասարդության մասնագիտական հանձնախմբի նախագահ Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով կառավարության շենքի առջև օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների բողոքի ցույցին:

«Ըստ էության, այստեղ հավաքված հանրությունը ոչ միայն օպերայի թատրոնի իրավունքներն ու արժանապատվությունն է պաշտպանում, այլև, կարծում եմ, պայքարում է առհասարակ մշակույթային իրավունքների, մշակույթի ոլորտում առկա խնդիրներին պետության հայացքը սևեռելու համար: Եթե իշխանությունն ունենար մշակույթի դերակատարության քաղաքական գիտակցումը, ընկալեր հանրային կյանքում նրա ունեցած ահռելի դերակարությունը, ապա կառավարության նոր կառուցվածքի նախագծով չէր նախատեսվի մշակույթի նախարարության միավորումը մեկ այլ նախարարության հետ: Սա խոսում է ոլորտը չկարևորելու ու չարժևորելու մասին, իսկ մշակույթը հայ ժողովրդի ինքնությունն է, այն պետականակերտ երևույթ է: Ես համոզված եմ, որ սա խոսում է նաև քաղաքական կամքի բացակայության մասին: Եթե լիազոր մարմինը հղում է կատարում ՊՈԱԿ-ի մասին օրենքի անկատարությանը, որը Օրբելյանին պաշտոնից ազատելու հիմնական հիմնավորումն է, ապա նրանք առնվազն 9 ամիս ժամանակ ունեին օրենսդրական բարեփոխմամբ խնդիրը կարգավորելու համար: Ես համոզված եմ, որ պետք է կարողանանք ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որը ծառայի մարդուն, ՀՀ քաղաքացուն, լայն իմաստով` մշակույթին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Ի թիվս բազմաթիվ խնդիրների նա ընդգծեց նաև. «Շարունակ շրջանառվում է Օրբելյանի՝ հայոց լեզվի չիմացությունը: Այո՛, հայոց լեզուն մեր պետականության և ինքնիշխանության խորհրդանիշերից մեկն է, բայց, ըստ էության, հայոց լեզվին լավ չտիրապետելը Կոնստանտին Օրբելյանի ոչ թե մեղքն է, այլ ողբերգությունն ու ցավը: Այդ ցավի միջով հայ ժողովրդի մեծ մասն է անցնում: Այդ ուղերձը, որում մեղադրանք կա, ուղղված է հայ ժողովրդի 70 տոկոսին, որն ապրում է Սփյուռքում: Մի՞թե դժվար է ընկալել, որ այդպիսի ուղերձները որքան խոցելի են դարձնում Սփյուռքի հետ մեր հարաբերությունները: 

Մշակույթի ոլորտը կառավարում են վարչարարներ, որոնք ոչ միայն մղոններով հեռու են ոլորտի իմացությունից, մշակութային քաղաքակություն իրականացնելու տեսլականից, այլև չունեն մշակույթի մարդկանց հետ խոսելու տարրական էթիկա: Մինչդեռ նախընտրելի է խնդիրները լուծել երկխոսության և փոխըմբռնման դաշտում: Այն վարչահրամայական տոնը, որով խոսում են արվեստագետի հետ, առհասարակ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, ոչ մի կերպ «չի տեղավորվում» նաև հետհեղափոխական Հայաստանում: Արվեստագետի հետ վարչահրամայական հռետորաբանությամբ չեն խոսում։ Միշտ կա բարոյականության և օրենքի նուրբ սահմանը, այս սահմանն առավել զգոնություն ու նրբանկատություն է պահանջում մշակույթի, ստեղծագործող անհատականության պարագայում»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Հիշեցնենք, որ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև առավոտից հավաքվել են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները։ Նրանք բողոքում են Կոնստանտին Օրբելյանին օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ եւ մտադիր են նամակ փոխանցել կառավարությանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականի պահանջով։