Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզ է, որ կրթության ոլորտում կուտակված խնդիրների լուծման մեկնակետը կառավարման համակարգի բարելավումն է։ Դասագրքերի հեղինակներին, ուսուցիչներին, տնօրեններին մեղադրելը հարցի լուծում չէ։ Եթե նույնիսկ նրանք վատ են աշխատում, ապա լուծումը կառավարման համակարգի բարելավումից պիտի սկսել։ Այս իմաստով ակնկալվում էր, որ հեղափոխությունից հետո Հայաստանի կրթական համակարգում կսկսվեն կառավարման ոլորտի էական բարեփոխումներ։ Կձևավորվի կառավարիչների թիմ, որ կփորձի մասնագետներին համախմբելով՝ բարելավել իրավիճակը։ Ցավոք, այդպես չեղավ։ Բերեմ օրինակներ։
Հեղափոխությունից հաշված օրեր անց պաշտոնանկ արվեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենը։ Մայիս ամսին՝ բուհերի ընդունելության քննությունների նախօրյակին, ԳԹԿ տնօրենին պաշտոնանկ անելն այնքան էլ խելամիտ որոշում չէր։ Բայց հաշվի առնելով երկրում տիրող էյֆորիան՝ ինչ-որ կերպ այդ քայլը հասկանալի էր։ Հասկանալի չէ, թե ինչո՞ւ մինչև հիմա՝ հեղափոխությունից շուրջ 2 տարի անց, ԳԹԿ-ն չունի տնօրեն։ Իսկ ԳԹԿ-ն Հայաստանի կրթության համակարգի կարևորագույն օղակներից է, որը ոչ միայն քննություններ կազմակերպող օղակ է, այլև գնահատման քաղաքականություն մշակող և իրականացնող։ Գաղտնիք չէ, որ հենց գնահատման որակից է կախված կրթության համակարգի գործունեությունը։ Սովորաբար մարդիկ սովորեցնում և սովորում են այն, ինչը գնահատվում է, քննությունների ժամանակ ստուգվում։
ԳԹԿ-ի «լավ մարզավիճակը» կարևոր է նաև այն առումով, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում ընդունեց 2021 թվականին PISA միջազգային ստուգատեսին մասնակցելու մասին։ Այդ ստուգատեսին պատշաճ մասնակցելու համար կարևոր է, որ ԳԹԿ-ն նախնական աշխատանքներ կատարի դպրոցների հետ, որպեսզի դպրոցները պատրաստ լինեն, և Հայաստանի արդյունքները չլինեն շատ ցածր։ Այս պահին դեռևս պարզ չէ, արդյո՞ք Հայաստանը կմասնակցի այդ ստուգատեսին։ Համենայնդեպս, դպրոցներում տեղյակ էլ չեն նման ստուգատեսի, դրա ժամանակ տրվող առաջադրանքների մասին։
Ընտրված տնօրեն չունի նաև Մանկավարժահոգեբանական աջակցության հանրապետական կենտրոնը։ Այս կառույցի դերը նույնպես շատ կարևոր է, քանի որ կենտրոնը համընդհանուր ներառականության անցնելու գործընթացում առանցքային դեր ունի։
Կառավարման ոլորտի ձախողում կարելի է համարել նաև Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) լուծարման գործընթացը։ Դեռևս 2018թ. հուլիսին ԿԱԻ աշխատակիցները տեղեկացվեցին, որ ինստիտուտը լուծարվելու է։ Շուրջ մեկ տարի անորոշության մեջ գործելուց հետո, վերջապես 2019թ. ամռանն ինստիտուտը լուծարվեց։ Բայց առ այսօր ինստիտուտի փոխարեն ոչինչ չի ձևավորվել։ Այս անթույլատրելի հապաղումը բավական թանկ է նստելու մեր կրթական համակարգի վրա։ Ճիշտ կլիներ ոչ թե՝ լուծարել ինստիտուտը, այլ՝ այն բարեփոխել՝ նոր խնդիրներ դնելով, կադրային փոփոխություններ իրականացնելով։ Մյուս տարբերակն այն էր, որ պետք է նախապատրաստվեր նոր կառույցի ստեղծումը, հետո նոր լուծարվեր գործողը, որպեսզի դատարկություն չառաջանա։ Ընդ որում, այս ամենն արվեց այն փուլում, երբ մշակվում է Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, և աջակցող բովանդակային կառույց ունենալն անհրաժեշտություն է։ Այս պահին դեռևս անորոշ է, թե երբ կստեղծվի այդ կառույցը։ Բայց պարզ է, որ զրոյից ստեղծվող ցանկացած կառույցի համար ժամանակ է պետք լիարժեք գործունեություն ծավալելու համար։
Այսպիսով, բովանդակության, գնահատման և ներառական կրթության համար պատասխանատու երեք կառույցներ տևական ժամանակ աշխատում են անորոշության մեջ, իսկ բովանդակության համար պատասխանատու կառույց այս պահին չունենք, ինչն անթույլատրելի է։
Նույն վիճակն է նաև բուհական համակարգում։ Շիրակի պետական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը, Տնտեսագիտական համալսարանը տևական ժամանակ չունեն ռեկտոր։ ԵՊՀ-ն և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը նույնպես չունեն ընտրված ռեկտորներ։ Այսինքն՝ այստեղ նույնպես գործ ունենք անթույլատրելի հապաղումների հետ։
Բոլորիս համար պարզ է, թե ինչքան վնասակար է հաստատությունների կառավարումը ժամանակավոր պաշտոնակատարների միջոցով։ Դա հաստատություններում ստեղծում է սպասողական վիճակ։ Մարդիկ ոչինչ չեն ձեռնարկում, քանի որ ուզում են հասկանալ, թե որ թիմն է հաղթելու, ով է լինելու ընտրված ղեկավարը։ Իր հերթին՝ ժամանակավոր պաշտոնակատարն էլ շատ բաներ չի անում, քանի որ վստահ չէ իր ապագայի հարցում։ Հաստատության ներսում ինտրիգների միջավայր է ձևավորվում։ Թիմեր են ձևավորվում, որոնք սկսում են իրար դեմ աշխատել, իրար վատաբանել։ Եվ եթե այդ ամենը տևում է ամիսներ, ապա շատ ավելի մեծ թվով մարդիկ են ընդգրկվում խրամատավորման գործընթացում։
Իրավիճակը լավ չէ նաև նախարարության ներսում։ Ամիսներ առաջ վիճարկելի որոշում կայացվեց երկու նախարարություններ ԿԳ նախարարությանը միացնելու մասին։ Այս քայլին ընդդիմացող մարդկանց կարծիքը ոչ քննարկվեց, ոչ էլ հաշվի առնվեց։ Բերվեցին վերամբարձ հիմնավորումներ այն մասին, որ կրթությունն ու մշակույթն իրար մոտ ոլորտներ են, և դրանց համատեղ կառավարումն արդյունավետ կլինի։ Ընդ որում, անտեսվեց նաև միջազգային փորձը։ Օրինակ՝ Ղազախստանը երկու անգամ կրթության նախարարությանը միացրել է այլ նախարարություններ ու հետո առանձնացրել է։ Վրաստանում նույնպես միավորումից հետո փոշմանել են։
Հիմա ունենք հետևյալը։ Վերջին երեք ամսում ԿԳՄՍ նախարարի տեղակալներից մեկը ձերբակալվեց, մյուսը դեկտեմբերի վերջին աշխատանքից ազատվեց, երրորդը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Խոստացվել էր, որ միավորումից հետո կուժեղացվի փոխնախարարների ինստիտուտը։ Բայց փաստացի այդ ինստիտուտը փլուզվեց։ Ընդ որում, կառավարման 20 ամիսների ընթացքում այդպես էլ ոչ մի ռազմավարական փաստաթուղթ չընդունվեց։ Նախարարությունը կորցրեց արմատական բարեփոխումներ անելու լավագույն պահը։ Հեղափոխությունից հետո, ունենալով աննախադեպ բարձր վարկանիշ ու հանրային աջակցության շոշափելի ռեսուրս, նախարարության ղեկավարությունը կարող էր շատ հարցեր օպերատիվ լուծել։ Հիմա դժվար է լինելու, քանի որ բազմաթիվ հիասթափություններ եղան, և նախարարությունն այլևս չունի աջակցության նախկին ռեսուրսը։ Այս իրավիճակում նախարարության ցանկացած քայլ լուրջ դիմադրության է արժանանալու։
Սերոբ Խաչատրյան