Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր ՀԱԿ-ի կողմից ներկայացված` կառավարման ճգնաժամի մասին նախագիծ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր խմբակցության տեսակետը:
Մինչ նրան խոսք տալը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Խոսքը տրվում է Հայ հեղափոխություն Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին»: Հետո ուղղեց իրեն` ասելով. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն, էնքան խոսեցին հեղափոխության մասին, որ…»:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ երկրորդ օրն է` քննարկվում է երկրում առաջացած կառավարման ճգնաժամի մասին նախագիծը, և երկու օր է` հնչում են փոխադարձ մեղադրանքներ, երբեմն՝ հայհոյանքներ: Պատգամավորի գնահատմամբ՝ ԱԺ-ում պետք է նաև ելքեր առաջարկվեն, որպեսզի ստեղծված վիճակից դուրս գան համախմբված:
«Ճգնաժամ» բառը, ըստ Էդվարդ Աղայանի բացատրական բառարանի, քաղաքական լարված դրությունն է պետության ներքին ու արտաքին գործերում: Մեկ այլ բառարանով այն նշանակում է «որոշում, շրջադարձային կետ, անցումային վիճակ»: Այդ բացատրությունները նշանակում են, որ պետք է լուրջ ուշադրություն դարձվի երկրում ստեղծված վիճակին»,- ասաց պատգամավորը՝ շեշելով, որ պետական արատի ու հիմնական խնդրի՝ կոռուպցիայի դեմ պայքարելուն պետք է ուշադրություն դարձնել: Ուստի, ըստ պատգամավորի, պետք չէ խորշել «կոռուպցիա» բառից: «Պետք է ճշմարտությանը նայենք բաց աչքերով: Երկրում առկա է կոռոպցիա, կա մենաշնորհ և դրանց դեմ անարդյունավետ պայքար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է փաստաթղթում ընտրական ինստիտուտների նկատմամբ հասարակության անվստահությանը, արտագաղթին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա առկա է, դրա մասին իշխանությունն էլ է խոսում: Իսկ անվստահություն է պետական կառավարման բոլոր մարմինների նկատմամբ, բացառությամբ՝ բանակի:
Պատգամավորը, թվարկելով առկա սուր խնդիրները, հարց ուղղեց. «Առկա՞ է, արդյոք, կառավարման ճգնաժամ, թե՞ ոչ: Եվ, ճշմարտությանը բաց աչքերով նայելով, պետք է ասենք` այո, կա կառավարման ճգնաժամ, բայց այն համակարգային է, եթե չկարողանանք ճիշտ ախտորոշել, ապա չենք կարողանա ճիշտ ելքեր առաջարկել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ելքը սահմանադրական բարեփոխումներն են կամ էլ արյունահեղությունը եւ ցնցումները: Եվ եթե բոլոր քաղաքական ուժերը դեմ են ցնցումներին ու արյունահեղությանը, ապա մնում են համակարգային բարեփոխումները: Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ առանց սահմանադրական կարգավորումների անհնար է լինելու իրականացնել համակարգային փոփոխություններ:
Խոսելով ընդդիմության 12 կետերի մասին` պատգամավորը նշեց, որ կառավարությունն անգործության է մատնված և ուշադրություն չի դարձնում այդ կետերին, ավելին՝ արհամարհում է: Արծվիկ Մինասյանը առաջարկեց ոչ թե իրար վիրավորել, այլ համախմբվել՝ իրականացնելուհամար նաև այդ 12 կետերը: «Մինչդեռ այստեղ մեկն ասում է` դու հիվանդ ես, մյուսն էլ ասում է՝ չէ, դու ես հիվանդ: Լավ, եթե մեկը հիվանդ է, նշանակում է հիվանդ են բոլորը: Հիվանդ խնձորը չի կարող չհիվանդացնել առողջ խնձորներին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ քննարկումները չպետք է գոլորշի բաց թողնելու նման մի բան լինի, այլ պետք է արդյունավետ լինեն:
Արծվիկ Մինասյանն առաջարկեց այդ փաստաթուղթը խմբագրել այնպես, որ հետո հետևեն գործողություններ, բովանդակային քննարկումներ լինեն, իրականացվեն կոնկրետ քայլեր թե' ընդդիմության դերի բարձրացման, թե' սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ:
«Ամենակարևորը ամեն մեկս ստանձնենք պատասխանատվություն վաղվա օրվա համար: Ի վերջո, պետք է հասկանանք, որ մեկս մյուսին թշնամի չենք, հակառակորդներ չենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը: