Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցել է ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: Փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով:
Փոխնախարարը սկսել է իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլև համատարած անապահովության տարածումը հասարակության շրջանակներում, նա կարևորել է ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելմանն ու հակազդմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը:
Անդրադառնալով ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, մասնավորապես` որոշ պետությունների մակարդակով դրանց փառաբանման դրսևորումներին, Արտակ Ապիտոնյանը մտահոգություն է հայտնել, որ նման մոտեցումը պարարտ հող է ստեղծում արմատականության և ահաբեկչության տարածման համար: Այդ համատեքստում նա նշել է, որ ԵԱՀԿ-ն պետք է առավել կարևոր դերակատարում ունենա նման հանցագործությունների կանխարգելման գործում:
Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն այլ երկրների հետ միասին միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ԵԱՀԿ-ում, քննադատել է ահաբեկիչների կողմից Սիրիայում և Իրաքում` էթնիկ և կրոնական խմբերի դեմ իրականացված վայրագությունները: Հավելել է, որ վերջին ութ տարիների ընթացքում Սիրիայի և Իրաքի ժողովուրդները, մասնավորապես՝ կրոնական փոքրամասնությունները ենթարկվել են զանգվածային վայրագությունների, առևանգումների և տեղահանման:
Այս համատեքստում փոխնախարար Ապիտոնյանը նշել է, որ չնայած ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունների հաջող իրականացմանը, ահաբեկչությունը շարունակում է աննախադեպ սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար: Հավելել է, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների վերադարձը իրենց ծագման երկրներ բացասաբար է ազդում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա, և կարող է հանգեցնել հակամարտությունների և ճգնաժամերի գոտում լարվածության ավելացմանը:
Եզրափակելով իր ելույթը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է բոլոր պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համապարփակ ներգրավվածությունը ահաբեկչության դեմ պայքարում: