կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-22 12:23
Տարածաշրջան

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի` Գոլանի բարձունքների վերաբերյալ հայտարարությանը

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի` Գոլանի բարձունքների վերաբերյալ հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քիչ առաջ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում, քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքների վերաբերյալ հայտարարությունը. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

«ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձունքների վերաբերյալ ցավալի հայտարարությունը տարածաշրջանը հասցրել է նոր լարվածության, նոր ճգնաժամի շեմի: Երբեք թույլ չենք տա օրինականացնեն Գոլանի բռնզավթումը»,- ասել է նա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը` զգուշացնելով, որ Իսրայելի` միջազգային օրենքին հակառակ գործողություններն օրինականացնելու` ԱՄՆ-ի ջանքերը տարածաշրջանում առաջացնելու են ավելի շատ բռնություններ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում. «Երկրների տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքն է: Իսրայելի` միջազգային իրավունքին հակասող գործողություններն օրինականացնելու` ԱՄՆ-ի ջանքերը տարածաշրջանում առաջացնում են ցավ և բռնություն: Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը»:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն իր հերթին է «Թվիթեր»-ում անդրադարձել է Թրամփի հայտարարությանը: «ԱՄՆ-ն փորձում է Պաղեստինի տարածքները բռնազավթած Իսրայելի` այս անգամ էլ Գոլանի բարձունքներին ուղղված անօրինական գործողություններն օրինականացնել: Դա նշանակում է, որ նա աջակցումէ բռնազավթմանն ու հակամարտությունների խորացմանը»,- գրել է նա:

Նշենք, որ երեկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի սպասելուց հետո եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ»:

Իսրայելը Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները բռնազավթել է 1967 թվականին: