կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-09 16:51
Աշխարհ

Բլինքենը հայտնել է, որ ապագայում ԱՄՆ–ը կարող է վերադառնալ Գոլանի բարձունքների պատկանելության խնդրին

Բլինքենը հայտնել է, որ ապագայում ԱՄՆ–ը կարող է վերադառնալ Գոլանի բարձունքների պատկանելության խնդրին

Ապագայում Միացյալ Նահանգները կարող է վերադառնալ Գոլանի բարձունքների պատկանելության իրավունքի քննարկմանը: Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ի եթերում:

«Խնդրի իրավական կողմը փակագծերից դուրս թողնելով՝ գործնական տեսանկյունից, Գոլանը Իսրայելի անվտանգության չափազանց կարևոր բաղադրիչն է»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախագահ Ջո Բայդենի կառավարման օրոք ԱՄՆ-ը կճանաչի Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ:

Ըստ պետքարտուղարի՝ Իսրայելի անվտանգությանը սպառնում է «Ասադի՝ իշխանության ղեկին գտնվելը, Իրանի ներկայությունը Սիրիայում, Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների ներկայությունը»:

«Ժամանակի ընթացքում, եթե իրավիճակը Սիրիայում փոխվի, մենք անելիք կունենանք այս հարցում (Գոլանի պատկանելության): Բայց առայժմ դեռ հեռու ենք դրանից»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ի մարտի 25-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ բանակցություններում ստորագրել էր Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչող հռչակագիր: Նման միակողմանի գործողություններին դեմ էին ոչ միայն Սիրիան, արաբական և իսլամական աշխարհի այլ երկրներ, այլև Ռուսաստանը, ինչպես նաև եվրոպական կարևոր տերությունները և ԱՄՆ դաշնակիցները, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան:

Գոլանը, որը պատկանել է Սիրիային 19-րդ դարի 40-ականներից, Իսրայելը գրավել է 1967-ին՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981-ին Իսրայելի խորհրդարանը ընդունեց օրենք, որը միակողմանիորեն հռչակում է հրեական պետության ինքնիշխանությունը տարածքի վրա: 1981 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 497 բանաձևով բռնակցումը հայտարարվել է անօրինական: