կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 18:57
Մշակույթ

Այլընտրանքային աշխարհից մինչև պատրանքներ, աբսուրդից մինչև լույսի փնտրում

Այլընտրանքային աշխարհից մինչև պատրանքներ, աբսուրդից մինչև լույսի փնտրում

Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորությամբ ՀԲԸՄ ցուցասրահում (Մելիք Ադամյան 22 հասցեում) արդեն մի քանի օր է, ինչ ներկայացված են տասնյոթ երիտասարդ արվեստագետների բազմաժանր, բազմախոսուն ստեղծագործություններ: Ցուցադրությունն ունի շարքային արվեստասերի համար ոչ այնքան սովորական անվանում. օտարահունչ «կոնվերգենցիա» անվանումը բառացիորեն թարգմանվում է «մոտենալ, նմանվել». այդ երևույթը ոչ նույն ծագումն ունեցող օրգանիզմների միանմանությունն է, գոյության նման պայմաններին հարմարվողականությունը: Բայց ցուցահանդեսի դիտումից ու առանձին մասնակիցների հետ զրույցներից տպավորությունս այն էր, որ միանմանության մասին այստեղ խոսք չի կարող գնալ, հարմարվելու հատկությունը զուտ առերես է. այն թերևս վերաբերում է զուտ տարբեր աշխարհընկալում և զգացողություններ ունեցող արվեստագետների միատեղմանը մի հարկի տակ: Միատեղումն այս պատահական չէ. նրանք համարյա հասակակից են, նույն սերնդի ներկայացուցիչներ, նույն բուհի շրջանավարտներ, մեծ մասը հաճախ հանդիպում, կիսում են իրենց հայացքները մեկմեկու հետ, ծանոթ են իրարու նկարելաոճերին, աշխարհըմբռմումներին, եթե հակադարձում են իրար, ապա միայն՝ արվեստով, եթե համամիտ են, ապա դարձյալ դա անում են հիմնականում արվեստի լեզվով:

 Ի՞նչն էր, իմ ընկալմամբ, այս տասնյոթին համախմբողն ու առերես աննկատելի, բայց խորքայնորեն ընկալվող ընդհանրականը. երազը, պատրանքը, իրականության պատնեշը ճեղքելու ջանքը, իրականությունից վեր կանգնելու արվեստային հնարքը, ոգեղենության իրենց ձևակերպումները, որ արվել են տարբեր կերպ, տարբեր ուղիներ ընտրելով, տարբեր ոճերով և նյութերով, իրարից զանազանվող կերպավորումներով: Այդ զանազանությունը ցուցադրությունը դարձնում է առավել հետաքրքիր, իսկ ոգեղենի փնտրումը՝ խորքային: Ձևի մեջ նրանք խոհ ու մտածում են դնում, անգամ՝ բառ, լույսի փնտրումը ճանապարհ ունի, կերպավորումները՝ մարդու ընթացքի, կյանքի մասին խոհերի գեղարվեստի լեզվով արտաբերումներ են: Այդ «արտաբերումներից» մի քանիսը պատկանում են Գայ Ղազանչյանին:

 ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԵՂՔԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԳԱՅ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Գայ Ղազանչյանի յուրատիպ «ձեռագրին» ծանոթ եմ այլ ցուցահանդեսներից: Դեռ չիմանալով հեղինակին՝ հետաքրքրվել եմ  այն բացահայտ ընդվզում ու հույզերի ծառացում պարունակող գործերով, որ հեղինակը ներկայացրել է վերջին տարիներին բացված հանրապետական՝ տարբեր թեմատիկայով ցուցահանդեսներին: Մեծադիր կտավներին տարածությունը ճեղքող, ծվատող թռչուններ են, կնոջ մարմնից ծայր առնող, մարդկային մարմնի ծանրությունն ի դերև անող թռչնապատկերներ, որոնք տպավորիչ են, հիշվող ու ազդեցիկ ներքին ծայրահեղ լարվածության արտահայտությամբ, տարածությունն ու ժամանակը, երկրի ձգողականության ուժը, ասել է, թե՝ հողեղենությունը հաղթելու անհնարինության և մտքի ուժով դա իրականանալի դարձնելու թվացյալ կարողության բախումով: «Պատերից դուրս» նկարաշարը և քանդակաշարը՝ ամեն անգամ նոր գեղարվեստական լուծումների առաջադրումով, նկատելի են դարձնում Գայի քանդակներն ու կտավները այլ հեղինակների գործերի շարանում: Պատերից դուրս՝ նշանակում է, իմ ընկալմամբ, իրականության սահմանից անդին, բոլոր պատնեշները ճեղքող, պատերին բախվող, արգելքների վրա ծվատվող էություններ, պատեր, որ մեր ներսում են արգելքների, տաբուների տեսքով, պատեր, որ իրական գծված սահմաններին են, պատեր, որ մարդկային հարաբերություններն աղճատող կեղծ պայմանականություններն են...

 Գայ Ղազանչյանը սերում է արվեստագետների մի քանի սերունդ ունեցող գերդաստանից: Հորից՝ Գագիկ Ղազանչյանից, մորից՝ Լիլիթ Սողոմոնյանից, պապից՝ Վան Սողոմոնյանից և տատից՝ Նոնա Գաբրիելյանից, շատ բան է քաղել՝ թե՛ գեղագիտական ճաշակն ու հայացքները ձևավորելու և թե՛ կերպարվեստի գաղտնիքները բացահայտելու առումով: Սակայն, նկատում եմ իր զրույցում, գայթակղությունը չի ոնեցել նմանակելու և կամ գնալու հարթված ճանապարհով, ահա թե ինչու Գայի գործերը ճանաչելի են կտավների ու քանդակների բազմության մեջ: Նույն բնութագրումը կարելի է տալ իր քանդակին, որ կտավներին արտացոլված  թեմայի շարունակությունն է՝ գեղարվեստի այլ մի լեզվով: Նույն թռչնային ծվատվող մարմինները, նույն՝ տարածությունը ճեղքով թևաբախումները: Շարժման նման տեսլացում ոչ բոլորին  է հաջողվում: Սա՝ արտաքին տպավորության մասին: Իսկ թե ինչն  է դրդում վերջին շրջանում անդրադառնալու թռչնապատկերներով այս կերպավորումներին, բացատրում  է հենց ինքը՝ երիտասարդ արվեստագետը. «Պատկերացրել եմ այլընտանքային մի աշխարհ՝ մեր մոլորակից դուրս, որում չեն գործում երկրային օրենքները: Դա երևակայական աշխարհ է, որում մարդիկ կարող են թռչել (թռչունները հենց դա են խորհրդանշում՝ այդ տարերքը): Դա կատարյալ ազատության իմ պատկերացումն է, ձգտումը, տենչանքը: Դա ազատագրվելու կերպ է: Եկել եմ այն եզրահանգմանը, որ իրական, կատարյալ ազատություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Մարդու ազատությունը, որքան հայտնի է, սահմանափակված է. միշտ հասարակության մեջ գոյություն ունեն հանգամանքներ և պայմանականություններ, որոնք խանգարում են անհատին ունենալու այդ ազատության զգացողությունը: Երևակայության մեջ բոլոր պատնեշները հաղաթահարելի են: Փորձել եմ և՛քանդակի, և՛ գեղանկարչության մեջ դա տեսանելի ու շոշափելի դարձնել»:

 Նույն հարկի տակ արվեստագետների այս խմբին հավաքելու գաղափարն էլ իրենն է, որն իրականացվել է համադրող Աննա Գարգարյանի ջանքերով:

 ԲԱՌԱՊԱՏԿԵՐԸ՝ ԻԲՐԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ. ՎԱՀԵ ԹԵՎՈՍ

Մի քանի ստեղծագործություններից ստացած տպավորությամբ բնութագրել նկարչին կարող են, թերևս, խորը մասնագիտացած արվեստաբանները, մեկ էլ... բանաստեղծները: Իրականում այն, ինչ ասվում  է այս ակնարկում, ցուցասրահում  արված մի շրջանի և արվեստագետների հետ կարճատև զրույցների տպավորության գեղարվեստական արտահայտությունն է: Ճշգրիտ պատմել այն, ինչ ակներով ես ընկալում, նկարագրել զգացողությունները, որ համարյա ձևակերպման ենթակա չեն,- դժվար գործ է, առավել ևս, երբ միտք ունես ամենայն լրջությամբ և հնարավորինս խորքով ներկայացնելու ստեղծագործողին: Վահե Թևոս. ինձ հետաքրքրում է իր պատումն այն մասին, թե ոնց է երբեմն օրվա զրույցում ասված բառը դառնում նյութ ապագա նկարի համար: Թե ցանկալի հյուր ունի, նրա ներկայությամբ կարող է կանգնել կտավակալի մոտ և նկարել՝ դրանով տալով հյուրին հետաքրքրող հարցերից շատերի պատասխանը: Սրբության սրբոցին՝ ստեղծագործելու պահին ականատեսը պիտի որ ընկալի արվեստագետի էությունը, ծնունդի խորհուրդը, զգա նյարդը վրձնահարվածի: Իսկ թե զրույցում հիշվող արտահայտություն  է արվում կամ ասվում բնորոշիչ բառ, դրանք կարող են պատկերվել նկարին՝ իբրեև հուշող, լրացնող, իբրև մաս այդ արարի: «Աթոռներ», «Ձնհալ». «Բարի գիշեր, երեխաներ»... Պայմանականորեն դրված վերնագրերը  միայն կարող են հուշել այն խոսակցության մասին, որ վարել են ակնդիրն ու նկարիչը՝ կտավի արարման պահին: «Աթոռները» նկարում ես տեսնում եմ խորը մենություն և մեկուսացվածություն. իրերն իրենց լեզուն ունեն, և դատարկ աթոռները հուշում են մտքեր՝ ներկաների ու հեռացածների մասին: Մյուս կտավներում տեսնում եմ հեքիաթներ, մեղու և մեղվվից վերաձևված թռչուն, նաև երևակայականի և իրականի միախառնությամբ բնապատկերներ... Վահե Թևոսը բազմաժանր նկարիչ է՝ որևէ ուղղությամբ չսահմանափակվող, որևէ թելադրանքի չենթարկվող: Ոնց ինքն է պնդում, իրեն չեն հետաքրքրում գնորդի հայացքները, իր համար ամենաձանձրալին միաձև լինելն է՝ 1-2 գույնի շրջանակում: Ասում է. «Պետք է լինել համարձակ: Ամեն ինչ հնարավոր է իմ նկարչության մեջ: Ես տարբեր կեպ եմ ստեղծագործում: Կոնցեպտուալ նկարներ ունեմ, որոնցից յուրաքանչյուրում դնում եմ մի խնդիր, որն մի այլ տեղ այլևս չի կրկնվում»: Կոնցեպտուալ նկարչությունը, գաղափարի առաջադրումը և դրա շուրջ ու մերձ գեղարվեստական լուծումներ առաջադրելն իր նկարչական-գեղագիտական հետաքրքրությունների շրջանակում է, բայց դա իրեն սահնափակող հանգամանք չէ:

 ԱՆՎԵՐՆԱԳԻՐ, ԱՍԵԼ Է, ԹԵ՝ ԱԶԱՏ ՄԵԿՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՀԱՅԴՈՒԿ ՍՄԲԱՏՅԱՆ

Գեղանկարիչ Հայդուկ Սմբատյանի աբստրահարումներն անվերնագիր են. բացարձակ ազատ ես նրա գույնի ու գծի մեկնության մեջ, քառաշարերով նկարաշարքեր ունի այս ցուցադրությունում, ավելի շատ խառնակ տրամադրությունների արտացոլում են, նաև իրերն ու երևույթները վերացարկելու միջոցով առավել ընդլայնուն միտքը հաղորդելու կերպ:  Նաև այս ոճի մեջ փնտրում, որ հստակվելու է ժամանակ անց՝ բերելով երիտասարդ նկարչին միջավայրն ու դրանց խորքը հստակորեն բնորոշելու իմաստնությանն ու գեղարվեստական նոր ձևերի, ինչը կա նրա դիմանկարներում և թեմատիկ գործերում, որ այս ցուցահանդեսում ներկայացված չեն: Գևորգյան հոգևոր ճեմարանում օրերս բացված իր անհատական ցուցահանդեսում ցուցադրվում են դիմանկարներ, որոնք իրապաշտական չեն թերևս, բայց և «ընթերցելի են»՝ հույզի ու զգացմունքի իրենց նկատելի արտահայտությամբ, գույնի ու գծի «ժլատությամբ» ընդգծված մանրամասներով: Տպավորիչ են Հայդուկ Սմբատյանի «Ժամերգությունը», «Քրիստոսի դիմապատկերը», «Ասպետները», դիմանկարների՝ զգալի թիվ կազմող շարքերը: «Ինձ  համար ոչ այնքան անձն է կարևոր,- ասում է նկարիչը,- որքան այն իրավիճակի մեջ անձի դրսևորման կերպերը: Նույնատիպ իրավիճակներ լինում են բոլոր ժամանակներում, բոլոր հասարակություններում: Թե ոնց է իրեն դրսևորում մարդն իրեն այդ իրավիճակում,- ահա սա՛ է ինձ համար արվեստի նյութ և հետազատման առարկա»:

 ԱԲՍՈՒՐԴԸ ՌԱՖԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԱՐՎԵՍՏՈՒՄ

Չնայած քանդակագործության մեջ չկա աբսուրդի ժանր, բայց Ռաֆայել Մանուկյանի կարծիքով գուցե կգա մի ժամանակ, երբ այդ հասկացությունը կներմուծվի նաև քանդակագործության ասպարեզ: Առայժմ ինքն է գործնականորեն դա անում իր շարքով, որ մարդկային աշխարհի արտացոլումն է փղերի պատկերների միջոցով: Ընդ որում, նա դա անում է գեղարվեստորեն նրբաճաշակ, քանդակների կառույցների ճշգրիտ հաշվարկումով, քանի որ այնպիսի տարածության մեջ է ներկայացնում դրանք, որ մի փոքր սխալ հաշվարկն ու շեղումը կարող են անհավասարակշռության ու քանդակների փլուզման պատճառ դառնալ: Փղապատկերները մեկ ցատկի նախապատրաստվող ֆիգուրներ են, մեկ՝ ապակու թափանցիկության վրա հակադարձ ուղղություններով վերուվար անող խորդանիշներ (կյանքի կառույցն է այդպես՝ բացատրում է քանդակագործը, և չգիտես՝ ո՛ր պահին է վերելքդ վերածվելու վայրէջքի կամ՝ ընդհակառակը): Արվեստագետի՝ կյանքի կառույցի մասին խոհը իրեն տանում է դեպի աբսուրդ, դեպի կոնֆլիկտ, որ առաջանում է մարդու՝ իրական արժեքների և կյանքի իմաստի որոնման և այդ իմաստը գտնելու անկարողության մեջ: Դա տրամաբանական անկողություն չէ՛. որքան էլ մարդու գոյությունն աբսուրդային բնույթ ունի,- գտնում է աբսուրդիզմը,-  պետք է շարունակել որոնել և բացահայտել կյանքի իմաստը: Այս երկընտրանքի արտահայտությունն է Ռաֆայել  Մանուկյանի ներկայիս քանդակարվեստը, որ ներկայացվել է նաև Մայամիի (ԱՄՆ) Ռեդ-Դոթ հայտնի պատկերասրահում՝ Պիկասոյի և Դալիի գործերի կողքին:

 ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՔԱՆԴԱԿ՝ ՆՈՐ ԽՈՍՔ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ. ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ուրարտու-Արարտա աշխարհի դիցական քանդակապատկերներից մինչև հունական հին հերոսապատումների դրվագներ. բրոնզե քանդակները, որ ներկայացնում է Արման Համբարձումյանը, խոշոր, ընդգծուն շտրիխներով են արված, օժտված են հաղորդելու հին ժամանակների ոգին ու կորովը, հերոսականությունը և առասպելաբանական խորհուրդը:

Դիցական կերպարներին անդրադարձն ինքնանպատակ չէ և զուտ գեղագիտական խնդիրներ լուծելուն չի ծառայում: Այստեղ պատմական ժամանակների վերարժեվորումներ կան, անհատին աստվածայինին մերձեցնելու և այդ կերպ հերոսականության ու կորովի ուժ հաղորդելու հեղինակային նպատակադրումներ:

Ցուցադրված է նաև Արմանի «Վերացական Սեր» գործը՝ գրաֆիկական քանդակի մի հազվագյուտ նմուշ: Գեղանկար էլ է անում, գրաֆիկական գործեր ունի, հավասարապես զբաղվում է քանդակով: Ստեղծում է նաև խառը տեխնկայով արված կտավից եռաչափ սահուն անցումներով քանդակներ, ունի մետաղական հիմքով գրաֆիկական քանդակներ ևս: Վերջիններից մի օրինակ է ցուցադրվում այստեղ՝ իբրև նոր խոսք կերպարվեստում: Այն գեղագիտորեն գեղեցիկ, նուրբ կառույց ունի և կարող է ծառայել նաև՝ որպես տարբեր տարածքների ինտերիերը հարստացնող արվեստի նմուշ:

 ԼՌՈՒԹՅԱՆ ԱՂՄՈՒԿԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ. ՍԻԼՎԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Երբ հոգումդ սղոցող աղմուկ կա, արտաքին լռությունն այն ավելի է ընդգծում: Այդ ներքին ահագնացող աղմուկը պահ մի լռեցնելու, մենության պատնեշը ճեղքելու ճիգը, համարյա հիվանդագին ընդվզումը, անելանելի իրավիճակը հաղթահարելու ցանկությունը կա Սիլվա Մկրտչյանի «Լռության աղմուկը» կտավում՝ ընդգծված ֆալանգներով մատների մեջ գլուխներն առած մարդյաին զույգ ֆիգուրներով, ետևում՝ երկաթե ցանցավանդակ, առջևում՝ գորշ պատ... Այս լռության «ընթերցումը» կարող է լինել բազմանշանակ, որքան որ բազմակի վերլուծությունների ազատություն է տալիս նույն հեղինակի մի այլ գործ՝ «Անցումը»: Սա արդեն լույսի որոնումն է. անհատը՝ կյանքի մի քանի շրջաններում՝ նույն կտավին, և իր՝ լույսի, նույնն է, թե՝ մտքի պայծառացման, հոգու մաքրագործման, իմաստնության վերին աստիճանին ձգտելու ճանապարհը ե՛րբ ու ու՛ր կհասցնի,- այս հարցի պատասխանը նկարչուհին թողնում է ակնդրին: Ամեն մեկն ունի իր պատասխանը, իր մեկնության եզրը: «Գուցե թե,- մտորում է նկարչուհին,- դա կյանի և մահվան խորհու՞րդն է, և բացարձակ լույսը պայմանավորված է  մահվանո՞վ: Կամ գուցե կյանքի մի շրջանու՞մ է դա վերահասու, ո՞վ գիտե...»:

 Կնոջ փոփոխական էության բնութագիրն է Սիլվա Մկրտչյանի «Արձագանք» խորագրված դիմանկարը՝ մեկ մարդու եռապատկված դիմապատկերով:  Նկատում եմ՝ ասես ինքնադիմանկար լինի: «Բնության եղանակի պես է կինը, փոփոխվում է, և ըմբռնելը դյուրին չէ: Հավանաբար իմ պատկերացումն եմ հաղորդել կտավին, ուստի և ինձ եք տեսնում նրանում»: Ես կասեի՝ իր «ներսի» անցումներն է նկարել, ու կտավին փոփոխվող «ինքն» է:

 ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ՊԱՏՐԱՆՔՆԵՐԸ»

Խառը տեխնիկայի գործածմամբ ստեղծված գեղարվեստի մի այլ օրինակ է Հակոբ Վարդանյանի ստեղծագործությունը. օպտիկական ապակի, սիլիկոն, յուղաներկ.- և սրանց համադրումով կառուցվում են իր «Երազները», որոնք նաև որակում է՝ որպես պատրանքներ: Հունական դիցաբանությունից առնված էակը՝ սիրենան՝ ծովային ջրահարսը, այստեղ քնքուշ ու անրջական էություն է, որ պատրանքների հետ է ասոցացվում: Նույն տեխնիկայով է արված նաև նույնանուն մյուս գործը, որում Միքելանջելոյի տաճարական պատկերազարդումներից մեկը՝ մեկնված ձեռքն ուղղված է և ցուցանում է ձուկը՝ քրիստոնական խոսքի խորհրդանիշը:

 ԱՅԼՔ, ՈՐ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԻ, ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԵՆՑ ԱՊՐԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Սարին Ոսկանեանը միակն է տասնյոթի մեջ, որ ծնվել ու մեծացել է ո՛չ Հայաստանում: Բայց արվեստային մի միջավայրում է, որում համախոհներ ունի և ընդհանրական խոհեր ցուցադրությանը ներկա սերնդակիցների հետ: Դրա մասին են վկայում իր փոքր և միջին չափի քանդակները: Մի քանի ֆիգուրներով կառուցված «Արդյոք, թերևս և ինչպես» քանդակը արվեստագետի առկախ հարցադրումներն են, կասկածները, երկվությունը, ելքի փնտրտուքը, որ հատուկ է հատկապես մեր հեղհեղուկ ժամանակներին, իրականության քննության փորձն է. բայց հարցերն ավելի շատ են, քան ենթադրելի պատասխանները...

Նուրբ-պլաստիկ կանացի մարմնաձևերի կառույցով խոսում է գայթակղության մասին, իսկ անդեմ, միագույն, միանման մարդկանց քանդակախմբով «Կոդավորված» խորագրով գործը կառավարելի ամբոխի մասին է, ինչը ևս արվեստագետի արդիական հարցադրումների և ընդվզումների շարքից է, քանի որ այդ ամբոխի մաս իրեն չի դիտում:

 Ցուցադրությունում երկու մեծադիր ինքնադիմանկարների հեղինակն է Տարոն Մանուկյանը՝ գունային տարբեր լուծումներով՝ միաժամանակ թե՛ իր, թե՛ դիտողի ներաշխարհն ուղղված միևնույն հայացքը, որ կենդանի լուռ հարցում – թախծություն – հանդիմանանք – հասկացումի ակնկալիք է պարունակում: Ով ոնց կընկալի...

 Փայտ ու մետաղի համադրմամբ է կառուցված Հայկ Ղազարյանի «Ժամանակ» խորագրով անիվը՝ հենքը հողին, ինքը հավերժական պտույտի մեջ: Անցողիկի և հավերժի մասին ևս մի մտածում՝ նորարար ձևակերպմամբ:

 Բացարձակ ճերմակ ծավալուն կտավների միայն ստորին մասերում նկատում եմ քաղաքային պատկերի պատառներ՝ շենքերի տանիքների ալեհավաքները, մնացյալը՝ ազատ ու լերկ է. «Օդ» է անվանել այս գործերը Ժորա Գասպարյանը՝ սուղ միջոցներով տալով ուրբանիզացիայից շնչահեղձության և դրանից ազատագրվելու կերպի իր պատկերացումը:  Նույն հեղինակին է «Ազատության պատրանք» կտավը՝ վանդակված միջավայրում անթռիչք ծվարած թռչնակի պատկերով...

 Լիմափորագրություն-մոնոտիպիայի տեխնիկայով են արված Լուսին Սարգսյանի գործերը. ևս մի ապացույց այն բանի, որ թեմաների ու գաղափարների արծարծումը հայ  երիտասարդ արվեստագետների մոտ ուղեկցվում է ձևերի բազմազանությամբ, տեխնիկական լուծումների փնտրումով, աշխատելակերպի ազատականությամբ... Եվ սա հակառակն է, ինչ կոչվում է հարմարվողականություն...

 Հասմիկ Սարգսյան