Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման հարցում իր դերակատարության մասին որևէ արդյունքով չեն հաստատվում, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մակրոնը, հիշեցնենք, ասել էր, թե Արցախի հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ և որ Արցախի հարցում ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունի։
«Նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Մակրոնի համեստությանը զիջում է միայն նրա առնականությունը։ Իհարկե, մենք երբեք չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի այս հատկանիշներից, այն պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին։ Ափսոս՝ նա ոչինչ չի ասել նման արգասաբեր աշխատանքի գործնական արդյունքների մասին. գործընթաց կա, արդյունք չկա: Իսկ գուցե, նա այդ մասին չի ասել, որովհետև ոչ ոք երբեք այդ արդյունքները չի տեսել: Ընդ որում, ոչ ոք որևէ արդյունք չի տեսել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդության հարցում, այլև մյուս միջազգային հարցերում, որոնք նախագահ Մակրոնը բազմից հանձն է առել», - ասել է Զախարովան։
Մոսկվան, նրա խոսքով, վաղուց պատրանքներ չի ունեցել , որ Ֆրանսիան կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծմանը:
«2022-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժը, իսկ իրականում խմբի փլուզումը, այդ թվում՝ Փարիզի ջանքերով, անցած աշնանը բանաձևի ընդունումը, որը դատապարտում էր, ինչպես նրանք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ էր պահանջում երկրի ու նրա պաշտոնյաների դեմ, Փարիզի կողմից կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին որոշումների նախաձեռնումը, այս ամենը տարածաշրջանային այս հակամարտությունում ֆրանսիական օրակարգի վառ օրինակներ են», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այդ բոլոր գործողություններն ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին դուրս մղելուն և սեփական քաղաքական, երբեմն նաև նախընտրական նպատակների իրականացմանը: Դրանք, ըստ Զախարովայի, ոչ միայն դրական արդյունք չտվեցին բանակցային գործընթացին, այլ հակառակը՝ վարկաբեկեցին Ֆրանսիայի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։
«Բայց ինքնագովազդը նույնպես ոչ ոք չի չեղարկել։ Հնարավոր է՝ դա միակ բանն է, որ նրանց մոտ մնացել է», - նշել է Զախարովան։