Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի վերաբերյալ. «Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։
Միջազգային հանրությունը, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան ջանքեր գործադրեն Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ։
Շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար։
Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն։
Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կանգնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը»: