կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-20 10:47
Հասարակություն

Բրիտանական ընկերությունը կուսումնասիրի Հայաստանում կուտակված աղբի կառուցվածքն ու քանակը, որ հետո ունենանք փակ աղբավայրեր

Բրիտանական ընկերությունը կուսումնասիրի Հայաստանում կուտակված աղբի կառուցվածքն ու քանակը, որ հետո ունենանք փակ աղբավայրեր

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին ակնկալում է  125-150 հազար քաղաքացու մասնակցություն:

«Այս շաբաթօրյակի նպատակն է մաքրել Հայաստանը աղբից, իսկ դա անել  մեկ օրում մեկ շաբաթօրյակի միջոցով հնարավոր չէ, ուստի այս պրոցեսը լինելու է շարունակական՝ ամեն ամիս ունենալու ենք համապետական մաքրության օր»,- լրագրողներին ասաց նա:

Ըստ նախարարի՝ այդ օրը կաշխատի 1700 միավոր տեխնիկա, կփակվի 6 աղբանոց և շուրջ 447 աղբակույտ:

«Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ: Իհարկե, մեր համայնքներում կան նաև սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են և բոլոր հնարավոր տեղերը, որոնք աչքից հեռու են, և կարելի է թաքցնել աղբը: Մենք այս ամենը պետք է բերենք ստանդարտացման, ունենանք փակ աղբավայրեր, որը երկար պրոցես է, քանի որ չենք տիրապետում մեր աղբի մորֆոլոգիական կառուցվածքին և քանակին, ուստի կառավարությունն ուսումնասիրություն է սկսել, որը կատարելու է բրիտանական մի ընկերություն: Այս ընկերությունը կիրականացնի թե' աղբի մորֆոլոգիական  կառուցվածքի, թե' քանակի ուսումնասիրություն, թե' տարեկան Հայաստանում ինչքան աղբ է կուտակվում: Սրանից ելնելով` մենք կարող ենք աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին ներկայացնել իրական պատկերը»,- մանրամասնեց Պապիկյանը: