Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը զինվելու համար, 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերվող զենքերի ծավալները մեծացվել են, իսկ վերջին երկու տարում նոր զենքերի ծավալն, առհասարակ, ամենամեծն է եղել: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ձեռք բերված նոր զենքերի, հատկապես՝ վերջին երկու տարիների մասով՝ անդրադառնալով իր հարցազրույցում հնչեցված մտքերից հետո այդ թեմայով քննարկումներին:
«Ես հարցազրույցում նշել եմ, որ մենք մշտապես զինվել ենք՝ ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը՝ զինվելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ: Նախ՝ ինձ հակադարձողներից որևէ մեկը որևէ կերպ ավելի լավ չի տիրապետում իմ նշած նորագույն զենքերի իրական ծավալներին, որոնք ձեռք են բերվել 2018-2020թթ. ընթացքում»,-նշել է Հովհաննիսյանն ու տարեթվերով ներկայացրել ձեռք բերվածը:
2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում՝ կրկնակի շատ:
2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիոկայաններ, այդ թվում՝ ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի շատ է ձեռք բերվել:
Անդրադառնալով նոր մեծ զենքերին՝ Հովհաննիսյանը նշել է, որ 2012-2018թթ. ձեռք են բերվել սահմանափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ՝ «Կորնետ»: Վերջին երկու տարիներին այդ միջոցներից ձեռք է բերվել եռակի-քառակի շատ:
2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերվել «Սմերչ» կայանքներ: Թվերը չնշելով՝ Հովհաննիսյանը հավելել է, որ վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը՝ բազմապատկվել:
2012-2018թթ. Հայաստան են բերվել նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք են բերվել կործանիչներ: Գաղտնիության պատճառով ՊՆ ներկայացուցիչն այս մասով մանրամասներ չի ներկայացրել:
2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել են մեծ խմբաքանակի հին միջոցներ: Ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից՝ ՏՕՌ-Մ-ը:
2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ, որոնք խնդիրներ են ունեցել և չեն աշխատել: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի, և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:
2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել են որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է:
Վերջին երկու տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: «Ձեռք են բերվել ՏՕՍ համակարգեր և այլն, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն: Առայժմ այսքանը սա դեռ ամբողջը չէ»,- եզրափակել է Հովհաննիսյանը: