կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-25 18:48
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայր բուհի «բոլոլայի» կիզակետում. «Կեսարի ձին» ընդդեմ «Կուտակված աղբի»

«Կեսարի ձին և նախարարի էշը», Գևորգ Էմին-Տերյանի ձեռամբ, հայտնվել են իրենց համար ոչ բնորոշ վայրում՝ ԵՊՀ-ում: Yerkir.am-ին համալսարանի խոսնակն ասաց, որ Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը չի բավարարում իր պաշտոնի պահանջներին, և Էմին-Տերյանը երկրորդ հայցով է դիմել դատարան՝ վիճարկելով նրա պաշտոնավարման լեգիտիմությունը:

Արթուր Իսրայելյանը խոսքի տակ չմնաց.  խոստացավ ձեռնամուխ լինել՝ «մաքրելու ԵՊՀ-ի անկյուններում ժամանակի ընթացքում այս կամ այն պատճառներով կուտակված աղբը, որից տարածվող գարշահոտությունը սկսել է լայն թափով տարածվել համալսարանական միջավայրում և դրանից դուրս»:

Էմին-Տերյանը նրան որակում է «ամենախայտառակ նշանակումը, որը հայերեն գրում է տառասխալներով, անգլերեն ու ռուսերեն ընդհանրապես չգիտի, ոչինչ չի հասկանում լրատվությունից և PR-ից, բայց ունի բացառիկ «տաղանդ»՝ նախարար Արայիկ Հարությունյանի կուրսեցին է»։

Իսրայելյանը վստահեցրեց՝ կյանքում հաջողությունների հասել է բացառապես աշխատասիրության, նպատակասլացության ու ինտելեկտի շնորհիվ, և որևէ մեկը, ներառյալ՝ ընկերները, դեր չեն ունեցել իր՝ պրոռեկտորի պաշտոնում նշանակվելու հարցում:

ԵՊՀ-ում մթնոլորտն առողջ չէ Արամ Սիմոնյանի հեռացման աղմուկից հետո:

ԵՊՀ գիտխորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանը Yerkir.am-ին ասաց, որ մոտ 8 դատական գործեր կան,  հիմնականում՝ կապված հոգաբարձուների խորհրդի որոշումների հետ՝ մի տեղ աշխատանքային պայմանագիր են ապօրինի լուծարում, մի տեղ՝ ստորաբաժանում, անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը ժամանակավոր են դարձնում, ինչը ևս ապօրինի է:

ԵՊՀ գիտաշխատողներն անհեթեթ վիճակում են հայտնվել. Էմին-Տերյանն ասաց՝ 12 տարվա փորձառությամբ աշխատակիցներն այժմ ամեն տարի 3 ամիս փորձաշրջան են անցնում: Բանն այն է, որ համալսարանն ամեն տարի նրանց հետ նոր պայմանագիր է կնքում և ամեն անգամ 3 ամիս փորձաշրջան նշանակում:

«Իմ տեղեկություններով՝ մոտ 30 աշխատողի պայմանագիրն անորոշից դարձել է ժամկետով, և նրանք հրաժարվում են խոսել, դատարան դիմել: Պատճառը վախն է»,- հայտնեց խոսնակը:

Աշխատանքային մթնոլորտն անառո՞ղջ է, թե՞ առողջ՝ Արթուր Իսրայելյանը չի կարող ասել, թեև նշում է՝  դատական գործերի առկայությունը, իհարկե, հաճելի չէ:

Ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելը համալսարանի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի համար նորություն չէ: Խնդրին ծանոթացել է, երբ իմացել է, որ ինքն անձամբ ունի անորոշ ժամկետով պայմանագիր, որը հետո ժամկետային է դարձել: Այս մասին խոսել է ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյան հետ, նա էլ պարզաբանել է՝ իր բոլոր հրամանները եղել են մինչև դեկտեմբերի 31-ը:

«Իրեն ասել եմ, որ սա ապօրինի է, նման բան անելու իրավունք չունեն, սակայն որևէ պատասխան չեմ ստացել և իրավունքներս վերականգնելու համար դիմել եմ դատարան: Խնդիրն այն է, որ պետական ոչ մի կառույց չի վերահսկում՝ այդ պայմանագրերը համապատասխանո՞ւմ են ՀՀ օրենսդրությանը, թե՞ ոչ: Արդյունքում՝ և՛ համալսարանում, և՛ այլ կառույցներում կնքվում են ժամկետային պայմանագրեր, ինչը օրենքի խախտում է»,- ասաց Էմին-Տերյանը:

Ժամկետային պայմանագրերի միջոցով, ըստ նրա, ղեկավարները ճնշում են աշխատողներին, որոնք ստիպված պետք է ավելի հնազանդ և լոյալ լինեն, հակառակ դեպքում՝ կարող են հեռացվել զուտ աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով:

Գիտխորհրդում ստեղծված իրավիճակից անհանգստացած են, բայց չեն կարծում, թե պետք է խուսափել խնդիրները քննարկելուց: Երեկ արտահերթ նիստ են հրավիրել՝ օրակարգային 2 հարց քննարկելու, սակայն, Դավիթ Մաթևոսյանի հաղորդմամբ, ռեկտորն ու գիտական խորհրդի մյուս անդամները քննարկման անհրաժեշտություն չեն տեսել:

«Ռեկտորը նախապես բոլոր դեկաններին ցուցում էր տվել չհաստատել նիստի օրակարգը, և դեմ քվեարկելով՝ նիստը տապալվել է: Անդրադառնալու էինք նաև 100-ամյակի միջոցառումներին, քանի որ հարյուրամյակի պետական հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց, չնայած ժամանակին ասում էին, որ պատճառը Արամ Սիմոնյանն է, նա կգնա, կստեղծվի»,- ասաց նա:

Ուսանողները չեն դժգոհում՝ միջոցառումները կամավոր կազմակերպում են դեռևս մայիսից: Գիտխորհրդի անդամը, սակայն, կարծում է՝ բուհի ղեկավարությունը պետք է նախաձեռնող լինի հարյուրամյակը լավ տոնելու համար արտասահմանյան կրթական հանրույթի ուշադրության հրավիրելու հարցում:

Ղեկավարությունից՝ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը հակադարձեց՝   օտարերկրացի 70 հյուր ունեն՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, որոնք նաև գիտաժողովին են մասնակցելու:

Իրականությունը, սակայն, ավելի տխուր է. գիտխորհրդից վստահեցրին՝ 100-ամյակի միջոցառումները կազմակերպելու համար 90-ամյակին հատկացված աջակցությունից 10 մլն դրամով ավելի քիչ են հատկացրել:  

Վերջին հարվածն էլ լուրերն են, որ երկրի առաջին դեմքերը չեն մասնակցելու ԵՊՀ 100-ամյակի հիմնական պաշտոնական արարողություններին:

Աննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ