| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 12-ին, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում, Երևանում մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը, որի նպատակն է քննարկել երկու երկրների գործարար, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործակցության հնարավորությունները և հեռանկարները։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելյազկովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
«Հայաստանը կարող է բավականին գրավիչ դառնալ բուլղարացի գործընկերների համար։ Նրանց կարող են հետաքրքրել բիզնես բացելու հեշտ և ԵԱՏՄ շուկա դուրս գալու դյուրին գործընթացները։ Բացի այդ, բուլղարացի դիստրիբյուտորներին և ներկրողներին կարող է հետաքրքիր լինել այն, որ Հայաստանը ԵՄ-ի հետ GSP+ համաձայնագիր ունի և հայկական ապրանքների մեծ մասը կարելի է ԵՄ ներկրել զրոյական կամ իջեցված մաքսատուրքով», - իր խոսքում նշել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արամ Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները, իսկ Invest Bulgaria գործակալության մարքետինգի վարչության տնօրեն Թեոդորա Ստավրևան՝ Բուլղարիայի ներդրումային միջավայրը։
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։
Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարարներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հեռանկարները։
Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակությամբ։