կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 20:36
Տնտեսական

Երևանում մեկնարկել է 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը

Երևանում այսօր մեկնարկեց 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը: Միջոցառման մեկնարկին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընթերցեց վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը:

«Չափազանց մեծ է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի դերը, որը 2008-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»»,- ասված էր ողջույնի խոսքում:

Վարչապետը կարևորել է նաև ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում: «Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով»,- նշել է վարչապետը:

Ողջունելով հյուրերին ու համաժողովի մասնակիցներին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումներ կանցկացվեն օրակարգային բոլոր թեմաների շուրջ:

Համաժողովին մասնակցում էր նաև օրերս Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն, ով ևս հանդես եկավ ողջույնի խոսքով:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար». «ԴիջիԹեքի» այս տարվա խորագիրն է, որը ենթադրում է երկօրյա շփումներ B2B ֆորմատով` ՏՀՏ և տնտեսության մյուս ոլորտների ընկերությունների միջև:

Հիմնական ուղղությունը Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019-ի (WCIT) քննարկումն էր: Հայտարարվեց wcit2019.org կայքի գործարկումը, ցուցադրվեց «WCIT 2019»-ի հոլովակը: Մասնակիցներին ներկայացվեց նաև համաժողովում Հայաստանի բրենդի հայեցակարգը, որի հիմնական ուղերձը հետևյալն է. աշխարհում չկան կենտրոններ ու ծայրամասեր, կարևորն այն է, թե որ դիտանկյունից ես նայում: Այդ համատեքստում որպես համաժողովի խորագիր ընտրվել է «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center)  կարգախոսը:

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` ընդգրկելով մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ «ՏՏ ներդրումային համակարգ», «Վերականգնվող էներգիա և բնապահպանություն», «Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ», «Պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ», «Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ», «ՏՏ և զբոսաշրջություն»:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն