Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից արդեն սկսվել է 16-17 միլիոն ԱՄՆ դոլար գումարի ներդրումային ծրագիրը, որն ուղղված է երրորդ սերնդի ցանցը արդիականացնելու նպատակով: Կլինեն նաև նոր առաջարկներ՝ փաթեթների տեսքով:
Թեմայի և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հետ:
Պարո՛ն Օդաբաշյան, նախկինում նշվել էր 15-17 միլիոն դոլար գումարի ներդրման մասին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել և նախատեսվում ձեռնարկել այդ ուղղությամբ:
- Ներդրումները սկսվել են 2018 թվականի չորրորդ եռամսյակում և ներկայումս էլ շարունակվում են: Հուսով եմ՝ առաջիկայում սարքավորումները կլինեն Արցախում: Նշված գումարը միայն կապիտալ ներդրումների մասով է կատարվել: Զուգահեռ կկատարվի նաև տարեկան մոտ 2-3 միլիոն դոլար ներդրում: Այս տարվա մեր գործունեությունը լինելու է բավականին ծավալուն:
- Ֆիքսված համացանցի որակի և արագության վերաբերյալ դժգոհությունները դեռ շարունակու՞մ են հնչեցնել:
- Ձեր հարցին ի պատասխան՝ կարող եմ ասել՝ և՛ այո, և՛ ոչ: Պետք է նախ և առաջ հասկանալ, թե ինչ նկատի ունենք՝ որակ ասելով: Անցյալ տարի՝ այս ժամանակահատվածում, ֆիքսված համացանցի մեր հաճախորդների մոտ 75-80 տոկոսը ամենաէժան փաթեթից էր օգտվում՝ 512 Կիլոբայթ: Սակայն դա նրանց՝ համացանցից օգտվելու պահանջները չէր բավարարում: Ուրախ եմ հայտարարել, որ վերջին 3 ամիսներին հատկապես նոր հաճախորդները ձեռք են բերում 2, 3 Մեգաբայթ և ավելի արագություններ: Մենք ականատես ենք, որ մարդիկ համացանցի հետ շատ կապված են: Այսօրվա խոսակցությունների մեծ մասը համացանցով է, ինչը, իհարկե, ավելացնում է ծանրաբեռնվածությունը: Ամբողջ աշխարհում այսօր օպերատորները արագություն չեն վաճառում, երևի միայն «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն է, որ վաճառում է:
-Ընդլայնվե՞լ է բջջային ցանցի և երրորդ սերնդի ծածկույթն Արցախի տարածքում:
- Տակավին ոչ, չի ընդլայնվել, սակայն պետք է ընդլայնվի: Երրորդ սերնդի համացանցը շարժական է: Առաջին փուլում երրորդ սերնդի ցանցը պետք է արդիականացնել: Դրանից հետո շարունակվելու են ներդրումները, ընդլայնվելու է ծածկույթը: Հայաստանին կապող երկու ճանապարհներին ամեն տեղ չէ, որ 100 տոկոսով հասանելի ծածկույթ կա: Պարտավորված ենք այդ հասանելիությունը ևս ապահովել:
- Ռոումինգի ծառայության վերաբերյալ նոր առաջարկներ սպասվու՞մ են առաջիկայում:
- Դեռևս 2012 թվականին Հայաստանի հետ ռոումինգի մեկ րոպեն տատանվում էր 120-210 դրամի սահմաններում: Վիվասել-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ և Ղարաբաղ Տելեկոմի առաջարկությամբ 2012 թվականի հոկտեմբերի մեկին դարձավ 45 դրամ: Ներկայումս գործող սակագինը 38 դրամ է:Հիմա աշխատում ենք փաթեթի վրա, որը պետք է թողարկենք առաջիկայում: Այդ փաթեթով ռոումինգը պետք է լինի ավելի հասանելի:
- Ի՞նչ նոր առաջարկներ եք նախատեսում ներկայացնել առաջիկայում:
- Կան մի քանի նոր առաջարկներ: Վերջերս ներկայացրինք փաթեթ, որը հասարակության ուշադրությունը այդքան էլ չգրավեց: Քաղաքացիները ֆիքսված հեռախոսից կարող են զանգել 2.8 դրամ րոպեով: Գործընթացը տանում ենք ոչ թե սակագների իջեցման, այլ փաթեթների: Փաթեթը վերցնելով՝ մուծում են 2800 դրամ և կարող են խոսել 1000 ներցանցային րոպե՝ ընդամենը 2.8 դրամով: Ունենք «Կոմֆորտ 17» փաթեթը, որն արդեն գործում է: Հայտարարվել է նաև սմարթֆոնի փաթեթի մասին, որով մեր քաղաքացիները ընկերության սպասարկման կենտրոններից կարող են գնել սմարթֆոն, որի մեջ կա անվճար րոպեներ, sms, շարժական համացանցի ծավալ: