կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 22:12
Արցախ

Մեր երկրում որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից. Արցախի ԱԺ խմբակցությունները` Սամվել Բաբայանի մասին

Մեր երկրում որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից. Արցախի ԱԺ խմբակցությունները` Սամվել Բաբայանի մասին

Վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և դրանց հիման վրա հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի այսօր՝ փետրվարի 27–ին, Արցախի Ազգային ժողովում կայացած լիագումար նիստի ժամանակ անդրադարձել են  «Դաշնակցություն», «Հայրենիք»և «Ժողովրդավարություն»  խմբակցությունների պատգամավորները, -տեղեկացնում է Արցախպրեսսը։

«Գործ ունենք մի վիճակի հետ, երբ առերևույթ իրավականության ու օրինապաշտության քողի ներքո փորձ է արվում շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելու Արցախի իշխանությունների և, առհասարակ, ժողովրդական ներկայացուցչականություն ունեցող ամբողջ քաղաքական համակարգի հետ: Մենք սա համարում ենք սկզբունքորեն անթույլատրելի: Եվ պատճառը, բնավ, այն չէ, որ այսօր մենք հանդես ենք գալիս առաջատար քաղաքական ուժի դիրքերից: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական ամբիցիաներն ու անցյալից եկող քինախնդրությունը ժողովրդական հոգսերի հանդեպ սրտացավ լինելու պատրանքի տակ շահարկելու միջոցով անազնիվ և իր էության մեջ ոչ լեգիտիմ  պայքար, որի արդյունքում չեն լինի շահողներ, փոխարենը կլինեն միայն պարտվողներ: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն այն պարզ ու մատչելի փաստը, որ Արցախը պատերազմական ու համապետականաշինության աստիճանական ու հետևողական զարգացման երկարատև ճանապարհի վրա է»,- ասել է «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը՝ ներկայացնելով խմբակցության տեսակետը։

«Բանը հասել է նրան, որ Արցախի իշխանություններին սկսել են մեղադրել ինչ-ինչ մտացածին, խոչընդոտող գործողությունների մեջ և խոսել վերջնագրերի լեզվով՝ սպառնալով հեղափոխությամբ: Թե ինչ հեղափոխության մասին է խոսքը, թողնում ենք նրանց երևակայությանը: Անկեղծ ասած՝ մեզ թվում էր, թե Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի՝ հարցազրույցում տրված պարզաբանումներից հետո նրանք կհասկանան խնդրի էությունը և ճիշտ հետևություններ կանեն: Պարզվում է՝ ոչ: Ավելին, «Սամվել Բաբայանի գրասենյակ» անվամբ հանդես եկող սուբյեկտը իրեն դրսևորում է ամբարտավան կեցվածքով իշխանության ներկայացուցչի հանդեպ, որն անընդունելի և դատապարտելի է: Մեր երկրում որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից, և այս դեպքում էլ ամեն ինչ պետք է արվի Սահմանադրության, օրենքի և դրանցից բխող իրավական ակտերի շրջանակներում, անկախ անձի կարգավիճակից և նրանից, թե ինչ պաշտոնների կարող է հավակնել նա: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս թեմայի շուրջ ակտիվությունը միտում ունի անցանկալի աղմուկ և անիմաստ վեճեր հրահրելու հանրության շրջանում՝ շեղելով ուշադրությունը մեր օրախնդիր հարցերից: Պետք է հասկանալ, որ նման իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասել է «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը։